Հայերեն   English   Русский  

Մի հերոսի պատմություն. «Մեր օրերի Դավիթը»


  
դիտումներ: 373

Ասում են՝ փոքր տարիքում Դավիթ Սարապյանը (Դևը), ծանոթանալով հայոց պատմությանը, միշտ վրդովվում էր․

- Ո՞նց են թույլ տվել, որ էդքան Հայրենիք կորցնենք։ Ո՞նց։ Ես թույլ չէի տա։

․․․ և հետագայում ոչ միայն թույլ չտվեց, այլեւ ամեն բան արեց դրա մի հատվածն ազատագրելու համար։

«Մեր օրերի Դավիթը» գիրքն ամփոփում է արցախյան պատերազմի հերոս, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարը, իսկ «Երեք հարյուր վայրկյան» գիրքն ընդգրկում է Սարապյանի վիպակներն ու պատմվածքները, որոնք թարգմանվել են հայերեն:

Այս գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության հեղինակ Էվելինա Մելքումյանն ասաց, որ գրքի հրատարակման նպատակը Դավիթ Սարապյանի (Դև) հիշատակը վառ պահելն է: «Կարծում եմ՝ այս գիրքը դաստիարակչական բնույթ ունի, և Դավիթի կերպարը կարող է ոգևորել աճող սերնդին: Գրքում զետեղվել են նաև Դավիթի մասին այն անձանց հուշերը, որոնք ճանաչում էին Դավիթին: Նրանց թվում են Արկադի Տեր-Թադևոսյանը, Պարգև սրբազանը, Մոնթե Մելքոնյանը, Վարդան Դևրիկյանը, Գագիկ Գինոսյանը և այլք»,-ասաց Մելքումյանը:

Խոսելով «Երեք հարյուր վայրկյան» գրքի մասին՝ Մելքումյանը տեղեկացրեց, որ Դավիթի ստեղծագործությունները ռուսերենից հայերեն է թարգմանել Մերի Կարապետյանը: Մելքումյանի հավաստիացմամբ՝ Մերին բարձր մակարդակով է արել իր աշխատանքը:

Մերի Կարապետյանն էլ պատմեց՝ երբ իմացել է, որ Դավիթը նաև ստեղծագործում էր, գտել է նրա գործերն ու սիրով ընթերցել դրանք: Նա նշեց, որ «Երեք հարյուր վայրկյան» գրքում զետեղված է համանուն վիպակը, որը հետագայում վերածվել է սցենարի և արժանացել ականավոր կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման, բայց Դավիթը թողել է կինոաշխարհն ու մեկնել ռազմի գոտի:

«Գրքում ընդգրկվել են նաև պատմվածքներ և «Վարազդատ արքա» համակարգչային խաղի համար գրված սցենարի առաջին մասը, որը Դավիթն ընկերոջ խնդրանքով գրել է մեկ գիշերվա ընթացքում, քանի որ առավոտյան կրկին ճակատ պետք է գնար: Այդ սցենարը Լոնդոնում առաջին մրցանակի է արժանացել: Հուսամ՝ կգտնվեն երիտասարդներ, որոնց կհետաքրքրի այդ խաղը, և նրանք կցանկանան շարունակել այն՝ ցույց տալով, թե ինչպես են պատկերացնում մեր արքային, հայոց պետականությունը, մեր ազգային գաղափարներն ու երազները»,-ընդգծեց թարգմանչուհին:

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով, մարդն ապրել է ընդամենը 25 տարի ու այսօր իր մասին խոսում են որպես գոյություն ունեցող, ապրող, մեզ հետո ճանապարհ անցող մեկը, որն իր անտեսանելի հետագծով մեզ իր հետևից է տանում:

«Շատ քիչ է ասել՝ Փառք իրեն: Կուզենայի, որ մենք արժանի լինենք Դավիթի և նրա նման կերպար ունեցող բոլոր նահատակներին»,- ասաց Ա. Բախշյանը:

Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը հիշեց, թե ինչպես են Դավիթի հետ միասին ազատագրել Հադրութի շրջանի Տող գյուղը:

«Ես զինվորական եմ, նա զինվորական չէր, բայց զինվորականի մեծ դաս տվեց ինձ: Առանց նման մարդկանց, առանց միասնության և մեր մարդկանց մարտական ոգու, հնարավոր չէր լինի հասնել հաջողության»,- ասաց Կոմանդոսը:

Գրքերը հրատարակվել են «Դավիթ Սարապյան» նախաձեռնության և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Դավիթ Սարապյանի հիշատակի օրն էր:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրող Դավիթ Սարապյանը ծնվել է 1966թ. փետրվարի 4-ին ճանաչված ճարտարապետ Էդուարդ Սարապյանի և ականավոր գիտնական Էմմա Սարապյանի ընտանիքում:

Դեռևս մանուկ հասակից Դավթի մոտ սկսում են դրսևորվել արտասովոր ունակություններ: Նա հրաշալի նկարում էր, շատ կարդում, դպրոցական տարիներին գրում էր քնարական բանաստեղծություններ և պատմվածքներ:

Արդեն փոքր տարիքում նա իրեն դրսևորում էր որպես իսկական ասպետ, ուներ պատվի և արժանապատվության զգացում: Թույլերին հովանավորելու, անպաշտպաններին պաշտպանելու ներքին մղում, օժտված էր արդարության զգացումով, ինչի համար նրան անվանում էին «դպրոցի խիղճ»:

Դերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Դավիթն ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետ: Երբ նա սովորում էր երկրորդ կուրսում, ուսանողներին զրկում են զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից:

Սակայն Դավիթը, ով կարճատես էր և կարող էր ազատվել ծառայությունից, որոշում է գնալ բանակ, համարելով, որ տղամարդը պետք է անցնի քաջության դպրոց: 1984թ. մայիսին մեկնում է բանակ: Ծառայում է Բայկոնուրի զորամասում, ապա Խմելնիցկու մարզում:

1985թ.-ի հոկտեմբերին նրան դատապարտում են այն բանի համար, որ միայնակ կռվելով տաս հոգու դեմ, պաշտպանել էր իր պատիվը: Թեև դատավարության ընթացքում Դավիթը հայտարարում է, որ կոնֆլիկտն ազգամիջյան բնույթ է ունեցել, այլ ոչ կենցաղային, ինչպես որ ցանկանում էին ներկայացնել, այդուհանդերձ նրան դատապարտում են 4 տարվա ազատազրկման, ինչի մասին գրում է` «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»:

Բանտից դուրս գալուց հետո Դավիթն ինստիտուտ չի վերադառնում: Համարում էր, որ դա իր կոչումը չի և համակվել էր գրելու ցանկությամբ: Այդպիսով փորձում էր թղթին հանձնել իր տեսածը, զգացածն ու ապրածը: Նա գրում է պատմվածքներ, որոնցում ներկայացնում էր

զինվորական կյանքի ծանր առօրյան և անազատության մեջ գտնվող մարդկանց չարչարանքները:

Կյանքի այդ շրջանում նրա համար բացվում է կինոյի զարմանալի աշխարհը: Զարմիկը` հայտնի կինոռեժիսոր Գենդի Մելքոնյանը, Դավթին հրավիրում է աշխատելու որպես երկրորդ ռեժիսոր Օդեսայում նկարահանվող ֆիլմում: Սկսվում է նրա կյանքի հետաքրքիր շրջանը:

Դավիթն սկսում է շատ շրջագայել, հանդիպել ճանաչված մարդկանց հետ, և դա լավ ազդեցություն է թողնում նրա հետագա ստեղծագործությունների վրա: Դավիթը գրում է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վեր է ածում սցենարի:

«300 վայրկյան»-ը, որի միայն անունն արդեն իսկ սլացք ու լարվածություն է պարունակում, արժանանում է ակնառու կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատում է այն նկարահանման: 24 տարեկանում Դավիթն արդեն կարող էր հանգիստ վայելել կյանքը երևանյան բնակարանում, ստեղծագործել: Շատերը հենց այդպես էլ վարվեցին, բայց ոչ նա:

Սկսվում է Արցախյան պատերազմը, և Դավիթը գրիչը փոխարինում է զենքով ու 1990թ.-ին մեկնում ռազմաճակատ՝ առաջապահ գիծ, ընդունվում է լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը:

Դավիթը դեռ մանկուց ճանաչում և պաշտում էր Լյոնյաին` իր ընտանիքի մտերիմ բարեկամին: Լեոնիդն էլ հաճույքով էր շփվում Դավթի հետ և, ինչպես գրում է Դավիթն իր պատմվածքներից մեկում, սովորեցնում էր նրան լողալ, կրակել, նույնիս կռվել և... տղամարդու պես լաց լինել, այնպես, որ ոչ ոք չկնատի:

Հետագայում նրանց ընկերությունը վերաճում է երկու ինտելեկտուալների ընկերության: Երկուսն էլ խորապես գիտակցում էին մտավորականության պատասխանատվությունը ժողովրդի առջև հատկապես ծանր փորձությունների պահին: Երկուսն էլ պատվով են կատարում իրենց կարևոր առաքելությունը:

Պատերազմի դաշտում շատ արագ բացահայտվում է Դավթի ռազմական տաղանդը: Առհասարակ մանկուց սիրում էր պատերազմի թեման, իսկ դպրոց ընդունվելիս, երբ առաջարկել են հեքիաթ պատմել, ասել է. «Կուզե՞ք պատմեմ Բեռլինի գրավման մասին»:

Փոքրուց լսել էր մոր և տատի պատմություններն իր նշանավոր նախնիների` Պողոս-Բեկ և Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք-Բայանդուրի մասին և երազում էր նրանց նմանվել: Այդ երազանքն իրականանում է: Դավիթը դառնում է փառապանծ ու քաջարի մարտիկ, անձնուրաց կռվում Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերում, ապա «Տիգրան Մեծ» ջոկատում:

Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել:

1991թ. սեպտեմբերին հատվում են Դավթի և լեգենդար Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մարտական ճանապարհները: «Դավիթն անմիջապես աչքի ընկավ: Բարձրահասակ, ինտելիգենտ, ներկայանալի: Զարմացնում էր իր էրուդիցիայով, կարդացածությամբ, բայց դրանով հանդերձ, երբեք չէր ընդգծում իր գերազանցությունը:

Բոլորիս հիացնում էր նրա հումորի զգացումը. նրանից կատակների ու սրախոսությունների տարափ էր հորդում: Եվ, իհարկե, ապշեցնում էր նրա բնածին ռազմական տաղանդը: Ընդունակ էր ամենաբարձր մասնագիտական մակարդակով մշակել ռազմավարական բարդ գործողություններ և նույն հաջողությամբ իրականացնել դրանք:

Օժտված էր մարտական ու մարդկային հազվադեպ հատկություններով: Երբեք որևէ բան ուրիշի վրա չէր գցի, ստանձնում էր ամենաբարդ ու վտանգավոր առաջադրանքները: Իմ ամենալավ հրամանատարներից էր, ում անվերապահ վստահում էի: Իր մարտական գերազանց կարողությունները դրսևորեց հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ:

Այդ գործողությունը, որ մշակեց ու ինքն էլ կատարեց, դարձավ ֆանտաստիկ իրականություն», - պատմում է Կոմանդոսը: Այո, Դավիթը լավ գիտեր Հադրութի շրջանի այդ գյուղը: Մոր հարազատ գյուղն էր, և այնտեղ՝ պապի տանը, ադրբեջանցիները շտաբ էին հիմնել: Մութը վրա հասնելուն պես Դավիթն զգուշությամբ մոտենում է գյուղին, վերացնում ժամապահներին ու քայլում դեպի միակ լուսավորված տունը՝ պապի օջախը:

Օմոնականներն այնտեղ աղմկոտ խնջույք էին սարքել: Դավիթը բարձրաձայն կանչում է օմոնի պետի անունը: Վերջինս մոտենում է պատուհանին ու Դավիթը, «բռնիր» գոռալով, նրա վրա է նետում նռնակների կապուկը: Ուժեղ պայթյուն է լինում, և տունը փլվում է: Դրան հետևում է մեր մարտիկների կենտրոնացված գրոհը, և օմոնականները դուրս են շպրտվում գյուղից:

Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» լայնածավալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. հոկտեմբերի 30-ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: Առանձնակի արիությամբ աչքի ընկավ Դավիթ Սարապյանը՝ Դևը»:

Տուն դառնալով՝ սովորաբար զուսպ Դավիթն ուրախությամբ հայտնում է մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը՝ Էրզրումը…»: Դա մոր և որդու վերջին հանդիպումն էր…

Շուտով Դավիթը նորից մեկնում է Շահումյան, մասնակցում վերջին մարտին Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը: Այնտեղ էլ զոհվում է` փայլուն կատարելով մարտական առաջադրանքը: Տարիներ անց հրատարակվում է Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը:

Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվում է հրատարակված ձեռագրերում և դրա շնորհիվ պահպանվում է ու վերափոխվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: