Հայերեն   English   Русский  

Պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, և այդ դիմադրությունը ես ջարդելու եմ. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 199

Կառավարությունն այս տարի ինչ արդյունքներ արձանագրել է, տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողությունները՝ արվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի չունենք։

«Ունենք մեծ նախարարություններ՝ շատ պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետևյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնան տուն: Պետական համակարգին այսօր բրթում ենք, որ գնան խնդիրը լուծեն։ Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կա, այն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք։

Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այդ «ատկատները», որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե այդ պետական կառավարման համակարգը դնենք մի կողմ ու ասենք՝ նորն ենք ստեղծում, բոլոր հաստիքները թափուր լինեն, համապատասխան մասնագետներ չեն գտնվի։ «Ասենք՝ հրավիրում ենք աշխատանքի, տեսնենք քանի մարդ կարձագանքի դրան, այդ մարդկանցից քանիսը կունենան մասնագիտական անհրաժեշտ հմտություն, գիտենք, որ չեն ունենա։ Ինչո՞ւ չեն ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորեցնում են բոլորովին ուրիշ բաներ, կանգնեցնում են՝ ասում, արտասանի, ավելի հայրենասիրական արտասանի, շատ ավելի հայրենասիրական, տասը անգամ արտասանի, որ հանրապետության վարչապետն ու նախագահը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես։ Ու այդ համակարգը ստեղծածներն են, որ այսօր ասում են՝ ո՞նց է, ինչո՞ւ եք ուզում բուհական համակարգից՝ օրինակ, կիբեռնետիկայի ֆակուլտետից հանել «Հայոց լեզու», «Պատմություն» առարկաները: Ոչ ոք չի ասում, որ Հայաստանի շատ թե քիչ հնարավորություն ունեցող դիմորդների 90 տոկոսն ուզում են գնալ, օրինակ, Անգլիայում սովորել։

Եկեք թեստ անենք մեր պետական կառավարման համակարգում. ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ է։ Վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս. մարդը ճի՞շտ է ասում՝ բոլորինը կեղծ է, ինչո՞ւ եք միայն ինձ վրա կենտրոնացել։ Այս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք մենք շարունակելու ապրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: