Հայերեն   English   Русский  

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին


  
դիտումներ: 148

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների,

այդ թվում՝ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի երաժշտի համատեղ ելույթով դեկտեմբերի 14-ին կմեկնարկի Արամ Խաչատրյանի միջազգային 7-րդ փառատոնը:

Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստանում տեսնել իր վաղեմի բարեկամին և մեծահամբավ արվեստագետին: Բարձր գնահատելով Մաքսիմ Վենգերովի արվեստը՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հանդիսատեսը հերթական անգամ հնարավորություն կունենա վայելելու վիրտուոզ ջութակահարի բարձր արվեստը:

Սերգեյ Սմբատյանը ընթացիկ համերգաշրջանի կարևորագույն ձեռքբերումներից է համարել այն‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ստորագրած հուշագրի համաձայն՝ Մաքսիմ Վենգերովը 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում հանդես է գալու որպես նվագախմբի ռեզիդենտ արտիստ։

Մաքսիմ Վենգերովը‚ շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար‚ խոսել է Հայաստանի հետ իր սերտ կապերի մասին և ընդգծել‚ որ այդ կապերն էլ ավելի են ամրապնդվում ամեն անգամ Հայաստան այցելելով‚ երաժշտասերների կողմից ջերմ ընդունելության արժանանալով։ Նա անդրադարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը և առաջիկա համատեղ ծրագրերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: