Հայերեն   English   Русский  

Այսօր հայ բեմի «սոխակը» կդառնար 95 տարեկան


  
դիտումներ: 2484

«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը:

Այսօր` դեկտեմբերի 14-ին ծնվել են օպերային արվեստի մեծագույն վարպետներ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը: Օպերային երգչուհին, ում նաև անվանել են «հայկական սոխակ», 1949-ից եղել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։

Անսահման խարիզմատիկ օպերային երգիչ Տիգրան Լևոնյանը (Խանդիկյան) ծնվել է 1936թ․-ի դեկտեմբերի 14-ին Բեյրութ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա 1946թ․-ին ընտանիքի անդամների հետ միասին վերադառնում է հայրենիք՝ Հայաստան։

Շուտով 1958թ․-ին պատանի Տիգրանն ընդունվում է Երևանի թատերական ինստիտուտ, ավարտելուց հետո կարճ դադար է վերցնում կրթության ոլորտում։ Արդեն 1977 թ․-ին ապագա օպերային երգիչն ավարտել էր Մոսկվայի թատերարվեստի իստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։

Արդեն այս շրջանում Տիգրան Լևոնյանը մեծ հաջողությունների էր հասել։ Նա հանդիսանում էր Միլանի մեծ հռչակ վայելող «Լա Սկալա» թատրոնի երգիչ, արդեն 1962թ․-ից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչն էր։ Մոսկվայում կրթությունն ավարտելուց հետո 1977թ․-ին արդեն Լևոնյանը դառնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորը, իսկ 1990-1991թթ․-ին՝ գեղարվեստական ղեկավար։ Լևոնյանը 1992թ․-ից եղել է նաև Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դասավանդել այնտեղ։

1984թ․-ին արժանացել է ՀԽՍՀ Ժողովրդական արտիստի կոչման, 1996թ․-ին՝ «Մովսես Խորենացի» մեդալի։ Նա բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է, դրանց շարքում իրենց ուրույն տեղն ունեն Ջոակինո Ռոսինիի «Սևիլիացի սափրիչը», Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Արմեն Տիգրանյանի «Անուշ», Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» գործերը։ Տիգրան Լևոնյանը հանդես է եկել նաև կինոնկարներում, դրանցից են «Կարինե» կինոնկարը, «Անուշ» ֆիլմ-օպերան, «Արշակ Երկրորդ» կինոնկարը, «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմը և այլն։

Խոսելով Տիգրանյան Լևոնի մասին՝ անհնար է չանդրադառնալ նրա կայացման գործում իր ուսուցչի, հետագայում նաև կնոջ՝ Գոհար Գասպարյանի ունեցած նպաստին։ Գոհար Գապարյանը վերջինիս դասավանդել է երգեցողական արվեստ, ինչին, անխոս, նա տիրապետում էր գերազանց ։

Ունենալով տարիքային զգալի տարբերություն Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանն ընտանիք կազմեցին, երբեք ու երբեք չնկատեցին այդ տարբերության առկայությունն իրենց հարաբերություններում, ապրեցին խաղաղ ու երջանիկ այնքան մինչև կյանքից հեռացավ ականավոր երգիչը՝ Տիգրան Լևոնյանը։ Նա իր մահկանացուն կնքեց 2004թ․-ի հունիսի 25-ին 67 տարեկան հասակում։

Օպերային արվեստի մեծանուն վարպետ Գոհար Գասպարյանը ծնվել է 1924թ․-ի դեկտեմբերի 14-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեին հարակից տարածքում՝ Միքայել և Արուսյակ Խաչատրյանների տանը։ Կահիրե տեղափոխվելուց հետո արդեն իսկ երաժշտությամբ տարված Գոհարն ընդունվում է տեղի Գալուստյան վարժարան, սկսում է երգել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Արդեն տասնհինգ տարեկան հասակում Գոհարը Գասպարյանը Եգիպտոսի ազգային ռադիոյի մեներգչուհին դառնում է, զուգահեռ վոկալ և երաժշտական կրթություն ստանում Կահիրեյի կոնսերվատորիայում վոկալ արվեստի ուսուցիչներ՝ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում: Բազաթիվ համերգների ու հյուրախաղերի ընթացքում հրավերներ են եղել Իտալիայից, որոնց հաջորդել է վճիռը հայրենադարձության մասին։

1948 թ.-ին Գոհար Գասպարյանը ընտանիքի հետ տեղափոխվեց Հայաստան: Հաջորդ տարվանից սկսած արդեն 25-ամյա Գոհարը սկսեց երգել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում, առաջին դերակատարումը եղավ Լակմեի կերպարը Լ. Դելիբի համանուն օպերայում:

Շուտով տեղաց փոթորկային հաջողությունը, նրան ճանաչում ու գնահատում էին ամենուր, նրա մասին խոսում էին բոլորը, նա երբեք չէր թողնում իր հանդիսատեսին կարոտել իրեն։ Սա Գոհար Գասպարյանի աստեղային ժամն էր։ Բեկումնային պահը տեղի ունեցավ ռուս մեծ երգչուհու՝ Վալերիա Բարսովայի հովանավորությամբ ու բարձր գնահատությամբ.

«Այս փոքրիկ աղջնակը փոթորիկի պես հեղաշրջեց մեր բոլոր պատկերացումները վոկալ արվեստի մասին»:

Գոհարի՝ «հայկական սոխակի» մասին, ինչպես նրան կնքել էր հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, գրել են ոչ միայն երաժշտագետները: Նրա Ռոզինային, Օլիմպիային, Վիոլետային, Ջիլդային, Մարգարիտային, Ջուլիետային, Նեդեին, Լակմեին, Նորինային, Լյուչիային, Անուշին, Նորմային, Մարֆային, Շուշանին ծափահարել են Լեհաստանում, Հունգարիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ուրուգվայում, Կանադայում, Բրազիլիայում, Մեքսիկայում։

1964 թ․-ից Գոհար Գասպարյանը սկսել է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մասնակցել է հյուրախաղերի Մոսկվայում, ինչպես նաև Իրանում, որտեղ հյուրընկալվել է շահին։

2004 թ. դեկտեմբերի 14-ին Երևանում նշում էին Գոհար Գասպարյանի ծննդյան 80-ամյակը: Այդ օրը նա երկարատև ընդմիջումից հետո, դուրս եկավ բեմ… Երգեց… Դա առաջին ծննդյան օրն էր, որը դիմավորում էր առանց ամուսնու։ Հայ բեմի գոհարը կյանքին հրաժեշտ տվեց 2007թ․-ի մայիսի 16-ին՝ 82 տարեկան հասակում։

Իր գործունեության տարիներին Գոհար Գասպարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների:

«Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարն՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»,- ասել է Մարտիրոս Սարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: