Հայերեն   English   Русский  

Թե ինչպես թուրք երաժիշտը 40 տարեկանում միայն իմացավ, որ ինքն էլ է հայ


  
դիտումներ: 8574

Թուրքիայի հայտնի ռոք երգիչ Յաշար Քուրթը հոգով միշտ հեղափոխական է եղել: Նա մասնակցել է հակակառավարական ակցիաներին, նրան ձերբակալել են և անգամ դատապարտել ազատազրկման: Նրա երգերն ընկալվել են որպես այլախոհության խորհրդանիշ, հնչել են՝ որպես պատերազմների, բռնության, կրոնական անհանդուրժողականության դեմ պայքարի հիմն: Թուրքիայում ոչ ոք չզարմացավ, երբ 2008թ. հոկտեմբերին Յաշարն առանց երկմտելու ստորագրեց հայտնի դիմումը, որի հեղինակները ներողություն էին խնդրում հայերից` Ցեղասպանության հարցում իշխանությունների վարած քաղաքականության համար: Ա՜յ թե նա կիմանար այն ժամանակ, որ ինքն իրենից է ներողություն խնդրում…

Յաշարը 40 տարեկան էր, երբ իմացավ, որ ինքն էլ հայ է: Նա վաղուց էր նկատում, որ տարբերվում է շրջապատող մարդկանցից. թուրքի նման չէ: Բայց ծնողները շարունակ թաքցնում էին ընտանիքի ծագման պատմությունը: 2009թ. արդեն հայտնի երաժիշտ Յաշարն առաջին անգամ համերգով Երևան էր եկել. «Հայաստանում շատ հարազատ մթնոլորտ էր,-հիշում է Յաշարը,-մի օր՝ փողոցներով զբոսնելիս, խանութում գնեցի հայ մեծ երգահան Կոմիտասի երաժշտության սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ շատ նման է: Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչո՞ւ եմ այսչափ հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»:

Ստամբուլ վերադառնալուն պես նա գնաց հոր մոտ և պահանջեց, որպեսզի պատմի ողջ ճշմարտությունն ընտանիքի մասին, որքան էլ այն դաժան լինի: Պատմությունն ավելի ողբերգական էր, քան Յաշարը կարող էր ակնկալել: Պարզվեց, որ նրա նախնիներն ապրել են Վանի շրջանում`հայկական Անձար գյուղում: 1895 թվականին՝ հայերի առաջին ջարդերի ժամանակ, կոտորվել է ամբողջ ընտանիքը: Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով 9-ամյա տղան, ով ոտքով հասել է մինչև Սև ծով, որտեղ բարի մարդիկ նրան ապաստան են տվել: Այդ տղան Յաշարի նախապապն է: Հատկանշական է, որ համշենական գյուղում, որտեղ նա հայտնվել էր և որտեղից ընտրել է իր հարսնացուին, ապրում էին իսլամացած հայերի հետնորդներ: Այսինքն` Յաշարի նախատատը, ըստ երևույթին, ծագումով նույնպես հայ էր, ինչպես և երգչի տատը, ում հետ ամուսնացել է Իսմայիլի որդին, ինչպես և մայրը, որը նույնպես Համշենում է ծնվել:

Յաշարի հոգում հեղաշրջում տեղի ունեցավ: Լույս սփռելով իր ընտանիքի պատմության մութ էջերի վրա` նա հասկացավ, թե իրականում ինչով էր պայմանավորված ստեղծագործելու շարժառիթ հանդիսացող նրա ներքին բողոքը: Հեշտ չէ 40 տարեկանում նոր կյանք սկսել: Յաշարը դեռ պետք է ինքն իրեն գտներ հայերի մեջ: Նա սկսեց հայոց լեզու սովորել, Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալ:

Քյոլնի հայկական եկեղեցում կնքվելով՝ Յաշարը այլևս Արշակ Քուրթն է:

«Բարձրաձայն հայտարարելով, որ ես այլևս հայ եմ, բազմաթիվ թշնամիներ ձեռք բերեցի, - պատմում է նա,- ինձանից երես թեքեցին անգամ նրանք, ում ես ընկեր էի համարում: Հայտնվեցին մարդիկ, որ ասացին` դե, եթե հայ ես, հեռացիր Հայաստան: Ինձ դժվար էր բացատրել, որ եթե ես հայ եմ, ապա այստեղ է իմ տունը: Իմ նախնիների հայրենիքը նրանց կամքից անկախ է այս երկրի մաս դարձել: Չնայած դրան, հայերն այս երկրի համար այնքան դրական բաներ են արել, որ ես առանց քաշվելու կարող եմ հպարտանալ իմ ծագումով»:

Յաշար Քուրթը վառ օրինակ է, թե ինչպես են Թուրքիայի սակավաթիվ հայերը, սարսափելի ողբերգություն վերապրելով, մինչ օրս շարունակում նկատելի ներդրում ունենալ Թուրքիայի մշակույթի զարգացման մեջ: Առաջին հերթին սա երաժշտությանն է վերաբերում: Թուրքիայի արդի երաժշտությունն անհնար է առանց հայերի պատկերացնել: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր հայրենակից Հայկո Չեպկինը թուրքական ռոքի ամենավառ աստղն է: Թուրք ռոք երաժիշտներից նա թերևս միակն է, ով հայտնի է արտասահմանում: Թուրքական էստրադայի ամենահայտնի աստղերն իրենց կարիերայի համար պարտական են լեգենդար պրոդյուսեր և գործիքավորող, ազգությամբ հայ Օնո Թունջին: Երաժշտական քննադատները պնդում են, որ նրանից առաջ փոփ երաժշտություն, որպես այդպիսին, Թուրքիայում չի եղել: Հայտնի թուրք երգահան Չենք Թաշքանի իսկական անունը Մաժակ Թոշիկյան է. նա կեղծանուն է ընտրել, որպեսզի խուսափի պետական գրաքննությունից: Թոշիկյանի հեղինակած երգերը համաշխարհային հռչակ են պարգևել հանրահայտ երգչուհիներ Սեզեն Աքսուին, Աժդա Պեկկանին, Նուքհետ Դուռուին: Սիբիլ Փեքթորոսօղլուն` Չենք Թաշքանի երգերի լավագույն կատարողներից մեկը, նույնպես հայ է: Ահա այսպես, Մեծն Կոմիտասի հայրենակիցները, ի հեճուկս երիտթուրք հանցագործների պլանների, շարունակում են ապրել և ստեղծագործել Բոսֆորի ափերին:

«Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, գուցե չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն և վերադարձրեցի հավատքը», - ասում է Յաշար Քուրթը:

Արտյոմ Երկանյան
Աղբյուրը` 100 կյանք նախագիծ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: