Հայերեն   English   Русский  

​Ֆիզիկան նկարչության ու երաժշտության պես ստեղծագործական աշխատանք է. Գայանե Գրիգորյան


  
դիտումներ: 2417

Կարո՞ղ եք նկարչին ասել` անցիր թոշակի ու մի նկարիր, նա, միևնույն է, նկարելու է, կամ երաժշտին ասել ապրիր առանց երաժշտության: Նույն ստեղծագործությունն էլ ֆիզիկան է: Այն ստեղծագործական ու շատ հետաքրքիր առարկա է: Այսպես է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի» բազային ամբիոնի վարիչ, Անանիա Շիրակացու մեդալակիր Գայանե Գրիգորյանը խոսում ֆիզիկայի մասին` նշելով, որ եթե նորից ընտրելու հնարավորություն լինի, առանց վարանելու նորից ֆիզիկոսի ուղին կընտրի, քանի որ կյանքն առանց ֆիզիկայի չի պատկերացնում:

Նրա խոսքով` իր գործունեության ամենամեծ գնահատանքը կոնֆերանսների ժամանակ հնչած այսպիսի արտահայտություններն են. «Օ՜, ուրախ եմ ծանոթանալ, ես կարդացել եմ ձեր աշխատանքը»:

Տիկին Գրիգորյանը պատմում է, որ դեռ դպրոցական հասակից սիրում էր ֆիզիկան և ուզում էր մասնագիտանալ այդ ոլորտում: Բայց այն ժամանակ ֆիզիկան մեծ վարկ ուներ, այսպես ասած նորաձև էր, ու ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելը շատ դժվար էր: «Ես առանձնապես հույս չունեի, որ կընդունվեմ: Ծնողներիցս նախապես հարցրեցի, թե շա՞տ կնեղվեն, եթե այդ տարի չընդունվեմ, ասացին` ոչ: Բայց քննությունները լավ հանձնեցի ու ընդունվեցի: Այնպես որ ողջ կյանքումս զբաղվել եմ իմ սիրած գործով»,- պատմում է նա:

Ավարտելուց հետո նա որոշ ժամանակ ԵՊՀ-ում է դասավանդում, ապա տեղափոխվում Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ: Պատմում է, որ այստեղ Միքայել Տեր-Միքայելյանը, որին համարում է իր ուսուցիչը, ասել է, որ հրաժարվի տեսական ֆիզիկայով զբաղվելու մտքից: «Ասաց, երբ տեսաբանը խնդիր է լուծում, նրա գլուխը միայն դրանով պետք է զբաղված լինի, բայց դու երկու երեխա ունես, ուստի նախ և առաջ նրանց մասին կմտածես»,- հիշում է տիկին Գայանեն ու հավելում, որ չնայած այդ փաստարկներին, չհրաժարվեց իր սիրելի գործից: Բայց նաև խոստովանում է, որ իր ուսուցիչն իրավացի էր. մինչև երեխաների հասուն դառնալն այդպես էլ չի կարողանում կենտրոնանալ ու լուրջ գիտական գործունեությամբ զբաղվել: Տիկին Գայանեն ընտանիքի գործոնը համարում է գիտության ոլորտում կանանց քիչ ու ոչ ակտիվ լինելու հիմնական պատճառը:

«Ընտանիքն ու երեխաներն ավելի առաջնային են, մինչդեռ գիտությունն ամբողջական նվիրում է պահանջում: Խոսքը գիտությամբ լրջորեն զբաղվելու մասին է»,- ասում է նա:

Հարցին, թե էլ ինչն է խանգարում, որ կանայք գիտության ոլորտում ինքնադրսևորվեն, տիկին Գայանեն մի փոքր մտածելուց հետո ասում է` այսպես ասած` տղամարդկային շովինիզմը, նրանք հաճախ վերևից են նայում, թե` կնոջից ինչ գիտնական. «Դժվար է ապացուցել, որ իրենց հավասար ես ու գուցե մի գլուխ էլ բարձր: Ինքս միշտ գիտեի, որ որևէ մեկին չեմ զիջում: Իմ աշխատանքով դա նաև մյուսներին եմ ապացուցել»:

Ասում է, որ մեր օրերում էլ խտրական վերաբերմունքը նկատում է, բայց արդեն ոչ իր, այլոց նկատմամբ: Տիկին Գայանեն նաև ասում է, որ մեզ մոտ կինը շատ ծանրաբեռնված է ընտանեկան հոգսերով ու պետք է շատ ուժեղ լինի, որ հասցնի դրան զուգահեռ նաև գիտությամբ զբաղվել:

Տիկին Գայանեից հետաքրքրվում ենք, թե ինչպես է, որ մանկավարժությունը և մի շարք այլ ոլորտներ, որտեղ աշխատավարձը քիչ է, դարձել է հիմնականում կանանց զբաղմունք, մինչդեռ, գիտությունում, որտեղ ավելի քիչ են վճարում, այդպես չէ: Նա ժպտալով հարցին հարցով է պատասխանում` ո՞ր տարիքի մասին եք խոսում: «Դա ամենացավոտ հարցն է մեր գիտության համար»,- ասում է նա ու հավելում, որ երիտասարդ ֆիզիկոսների շարքերում աղջիկները շատացել են: Ասում է, որ վերջին տասը տարիներին երեք արական սեռի ասպիրանտ է ունեցել, երեքն էլ հիմա արտերկրում են: Իսկ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում դեռևս աշխատող երիտասարդ տղաները, որպես կանոն, կես դրույքով են աշխատում. այլ աշխատանք ունեն, որով ընտանիք են պահում: «Գիտությունը հոբի չէ, այն ամբողջական նվիրում է պահանջում: Բայց ի՞նչ անեն, մեզ մոտ գիտությունների դոկտորը 75 հազար դրամ աշխատավարձ է ստանում, դա չլսված բան է»,- ասում է նա:

Տիկին Գայանեն ասում է, որ միայն գրանտներով, գիտություն պահել ու զարգացնել հնարավոր չէ. այս պարագայում գիտնականը փողի դիմաց իրականացնում է ուրիշին, այս պարագայում փողը տվողին հետաքրքրող աշխատանքը, իսկ այն, ինչ իրեն իսկապես հետաքրքրում էր, այդպես էլ դուրս է մնում:

Խոսելով գիտության հիմնական խնդիրներից` ասում է, որ օրհասական է նոր` երիտասարդ սերնդի հարցը: «Հին սերունդը գնացող է: Ո՞վ է մեր հետևից գալիս, չենք տեսնում: Ես իմ գործը շարունակող չեմ տեսնում»,- ասում է նա:

Նրա կարծիքով` գիտությունը գրավիչ դարձնելու խնդիր չունենք. տաղանդավոր երիտասարդներ շատ կան, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել, բայց երբ գալիս է ընտրության պահը, այլ բան են ընտրում, որպեսզի կարողանան ընտանիք պահել:

«Միակ ելքը տեսնում եմ աշխատավարձերի բարձրացման մեջ»,- ասում է նա ու որպես օրինակ մատնանշում Ռուսաստանի ժամանակին վարած քաղաքականությունը: Չունենալով բավարար միջոցներ բոլոր գիտնականների աշխատավարձերը բարձրացնելու համար` ստեղծել են հատուկ ֆոնդ երիտասարդ գիտնականների համար` նրանց տալով սովորականից կրկնակի բարձր վարձատրություն:

«Այսպես մարդը կիմանա, որ ճիշտ է, մեքենա ու շքեղ բնակարան չի ունենա, բայց իր նախընտրած գործով` գիտությամբ զբաղվելով` կկարողանա գոնե ընտանիքի կարիքները հոգալ»,- ասում է նա:

Իսկ վերջին տարիներին եղած հիմնական ռեալ փոփոխություն է համարում գիտական աստիճան ունեցող անձանց հավելավճարի բարձրացումը:

Նրա կարծիքով` չնայած մեր օրերում շատ է խոսվում գիտության կարևորության ու գիտելիքահենք տնտեսություն ստեղծելու մասին, միևնույն է, գիտության կարևորությունն ամբողջությամբ չեն ընկալում: «Սխալ է նաև այն մոտեցումը, թե Հայաստանի ինչին է պետք գիտությունը: Դա ամբողջական շղթա է. եթե լավ գիտնականներ չլինեն, չեն լինի նաև լավ դասախոսներ, հետևաբար նաև լավ ուսանողներ, իսկ դրանից բխում է, որ չեն լինի նաև լավ մանկավարժներ ու ընդհանրապես լավ մասնագետներ»: Նա կարևոր խնդիր է համարում նաև գիտության արդյունքների առևտրայնացման ներկա վիճակը. գիտնականներն իրենց ուսումնասիրություններով նվաճման են հասնում, բայց բանն ավարտվում է հոդվածի տպագրությամբ, քանի որ տնտեսության հետ կապ չկա, գիտնականն էլ մենեջեր չէ, որ իր ապրանքի սպառման համար շուկա փնտրի: Որպես օրինակ մատնանշում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ստեղծված լազերային սկաները, որը կարող է փոխարինել ռենտգենին: Մինչդեռ, սարքի կիրառությունն ավարտվել է ինստիտուտի` կոտրվածք ստացած աշխատակցի ձեռքը նկարելով: Ու նման օրինակները բազմաթիվ են:

Հարցին, թե ինչպիսին է Հայաստանի գիտության իր տեսլականը, պատասխանում է, որ անգամ հիմա երբեմն զարմանում է, թե ինչպես են կարողանում եղած հնացած նյութատեխնիկական բազայով փորձեր կատարել: Բայց չնայած դրան` մեր գիտնականները, հատկապես տեսաբանները մրցունակ են`չզիջելով որևէ այլ երկրի գիտնականի:

«Բայց որքա՞ն այդպես կլինի, չգիտեմ: Գիտե՞ք, թե վերջին տարիներին ինչքան հուղարկավորություն է եղել մեր ինստիտուտում»,- ասում է նա` հավելելով, որ նախորդ տարի մահացած աշխատակիցներից մեկի համար արդեն 4 ամիս փոխարինող է փնտրում, բայց ապարդյուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: