Հայերեն   English   Русский  

Թատրոնը այն վայրը չէ, ուր գնում են զվարճանալու համար. Ժ. Դադասյան


  
դիտումներ: 599

«Արդյո՞ք թատրոնը մեռնում է, թե ոչ: Վերջին տասնամյակներում շարունակ այդ հարցը տալիս են: Երբ կինոն մտավ ասպարեզ, երբ հեռուստատեսույթւոնը նոր ծնվեց: Սակայն, իհարկե, դա չի կարող լինել: Թատրոնը հանրային գործ է կատարում իր գոյությամբ: Մենք հաջողացրել են պահպանել մի բան, որի գնահատականը պետք է տալ: Կարողացել ենք պահպանել թատրոնների շենքերը: Դրանց տեղերում օրինակ ավտոմեքենայի սալոններ չեն բացվել, ինչպես եղավ, օրինակ, կինոթատրոնների դեպքում»,- գտնում է Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Այսօր թատրոնի միջազգային օրն է:

Այս առիթով լրագրողների հետ է հանդիպել Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Նա պատմեց, որ վերջերս դատողություն է լսել, թե թատրոնը հարկավոր չէ: Մարդիկ կարող են առնչվել թատրոնին ինտերնետում. «Ես չեմ պատկերացնում: Դա նշանակում է ժանրը չճանաչել: Թատրոնը հոգևոր զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Այն սինթեզված արվեստ է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ արվեստներ: Թատրոնը զարգացնում է մարդու երևակայությունը, զգացմունքներ է տալիս, որոնց մարդիկ հասու չեն: Հաճախ, ներկայացումներից հետո, ինձ մոտենում են, ասում են` «ցնցեց ներկայացումը, բայց բան չհասկացա»: Ներկայացումը միտում չունի գաղափարներ տարածելու, այլ ուղղակիորեն ազդում է մարդու հոգևոր աշխարհի վրա, այն զգացմուքների վրա, որոնք գուցե թմբիրի մեջ են:

Դադասյանի խոսքով` թատրոնն ավելի շատ քաղաքային երևույթ է. այն չի կարող գյուղում ծնվել: Այն զարգանում է մայրաքաղաքում: Հատկանշական է, որ այն շրջաններում, երբ պետականություն ենք ունեցել, զարգացել են թատրոնը և արվեստի այլ տեսակները:

«Թատրոնը զարգանում է այնտեղ, որտեղ կա քաղաքային մտածողություն: Այսօր մենք մեր քաղաքն էլ ենք դարձրել մի քիչ գյուղ: մենք չենք կարողանում տարանջատել այդ երևույթը: Մենք պետք է խթանենք քաղաքային մշակույթը: Սա կնպաստի թատրոնի զարգացմանը»,´ նկատեց Մնջախաղի թատրոնի ղեկավարը:

Մնջախաղի ժանրը ազգային ժանրերից է: Բազմաթիվ վկայություններ կա, որ տարբեր արվեստներում հանդիպում են թատերական պերսոնաժներ:

Դադասյանը գտնում է, որ թատրոնի խնդիրները լուծելու համար պետք է մշակութային ընդհանուր ծրագիր ստեղծվի, կարգավորվեն ֆինանսական հատկացումները.«Մենք այնքան շքեղ չենք ապրում, որ բոլորին գումար տանք և ոչնչացնենք այն, ինչ արդեն ունենք: Մշակութային քաղաքականություն պետք է վարել: Փոքր գումարներ տրամադրել այն ծրագրերին, որ հստակ գիտենք արդյունք են տալու: Չպետք է այնպես անել, որ տանք, «որպեսզի չլացեն»: Առաջնահերթությունների մշակույթ պետք է ձևավորել»,- ասաց Ժիրայր Դադասյանը` ընդգծելով, որ քաղաքային մշակույթ ձևավորելը պետք է առաջնահերթություն լինի: Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Կոմիտասը ապրում էր Պոլսում, Թումանյանը Թիֆլիսում, որովհետև քաղաքային միջավայրում պետք է ստեղծվի մշակույթը. բնության կապը ամենասուր կերպով է ընդգծվում գյուղում գյուղում, բայց քաղաքում է դա արվեստ դառնում:

«Թատրոնը այն վայրը չէ, ուր պետք է գնալ ընդամենը զվարճանալու համար: Ներկայիս թատրոնը այնպիսին է, ինչպիսին մեր միջավայրն է: Չենք կարող լինել առավել, քան այսօր կա, քանի որ դրան նպաստող երևույթներ չկա: Կան բռնկումներ: Տոտալ պրոցեսներ չկա»,- նշեց Մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: