Հայերեն   English   Русский  

Կյանքից վաղաժամ հեռացավ ազգային հասարակական գործիչ, նկարիչ Սիմոն Խաչատրյանը


  
դիտումներ: 679

Մարտի 26-ին, Թեհրանում, վաղաժամ կյանքից հեռացավ ազգային հասարակական գործիչ, նկարիչ եւ գեղագրության վարպետ, Հայկական ժողովրդային շարժման վաստակավոր անդամ Սիմոն Խաչատրյանը:

Սիմոն Խաչատրյանը ծնվել էր 14 ապրիլի 1946 թ. Թավրիզում: Նախնիները Վանից էին, որ Հայոց ցեղասպանությունից փրկվելով ապաստան էին գտել Իրանի Ատրպատական նահանգում: 1951 թ. տեղափոխվում են Թեհրան:

Նախնական եւ միջնակարգ կրթությունը ստացել էր հայոցազգայինդպրոցներում, ապա ուսումը շարունակել Արդյունաբերականկառավարմանինստիտուտում (1971թ.),ICS–(USA), Ընդհանուր հաշվառում (1973թ.), Անգլերեն լեզու՝ Լոնդոնի Տրինիտի քոլեջում (1974թ.), եւ R.C.D. – Տնտեսագիտության միջազգային քոլեջում (1979թ.):

Նա մասնագիտությամբ հաշվապահ էր եւ աշխատեց Իրանի հայտնի ընկերությունում, իրենից թողնելով բարի եւ հանձնառու մարդու հիշատակ:

Սիմոն Խաչատրյանը անդամակցում էր Իրանի Որակավորված Հաշվապահների Ինստիտուտին, Իրանի Կառավարման Ասոցիացիային, Իրանի Տնտեսագետների Ասոցիացիային, Ամերիկայի Հաշվապահների Ազգային Հասարակությանն ու նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Իրանի մասնաճյուղին:

Սիմոնը տարիներ զբաղվել է գեղանկարչությամբ, գրաֆիկով ու գեղագրությունով: Նա տիրապետելով հայերեն, պարսկերեն եւ անգլերեն լեզուներին կատարել է թարգմանություններ:

Հերոս Գուրգեն Յանիկյանի 1973թ.-ի հայտնի գործողությունն եւ այնուհետ Հայկակական նորագույն ազատագրական պայքարի ծնունդը 1975 թվականին մեծ խանդավառություն առաջացրին ազգային մեծ ոգի կրող 29-ամյա Սիմոնի մոտ՝ նրան ներքաշելով այդ բնագավառ:

Սիմոնը որ մինչ այդ իր ազգային իդեալով տարված բավական հետաքրքիր նկարչություններ ու գծագրություններ էր նվիրում այդ գաղափարին այնուհետ նոր շունչ տվեց իր գործերին՝ բողոքից պայքարի դաշտ տեղափոխվելով: Նրա գործերից շատերը դառան Ապրիլյան որմազդներ ու հազարավոր տպաքանկով փակցվեցին Իրանի, Միջին արևելքի և Եվրոպայի հայաշատ քաղաքների պատերին:

Սիմոն Խաչատրյանը Հայկական նորագույն ազգային ազատագրական պայքարին իր ակտիվ մասնակցության հետևանքով 1984-1986 թթ., կալանավորվեց և լուռ պայմաններում պաշտպանեց հայ պայքարողի բարոյական կերպարը: Պայքարում նրա ծածկանունը «Արծիվ» էր, որ հաճախ օգտագործում էր իր գծագրություններում:

Անժամանակ այս կորստի առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում Մեծ Հայրենասեր, Սիրելի Սիմոնի աշխարհով մեկ տարածված ընկերներին, հայ ժողովրդին, իր ընտանիքին, մտերիմներին ու հարազատներին:

27.03.2015

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական խորհուրդ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: