Հայերեն   English   Русский  

«Տղաս, ո՞ւր է Եփրատը». Վիգեն Ստեփանյանի մասնակցությամբ նոր ֆիլմը 100-ամյա ճանապարհի մասին է


  
դիտումներ: 1212

Մարտի 28-ին տեղի ունեցավ Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմի պերմիերան:

Կարճամետրաժ կինոնկարը նկարահանված է Ռ. Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» պատմվածքի հիման վրա: Այն հիմնված է իրական պատմության վրա:

«Տղաս, ո՞ւր է Եփրատը»

ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների խմբում մի ծերուկ փնտրում է Եփրատ գետը… Հայաստանում։ «Տղաս, այս գետը Եփրա՞տն է»,- հարցնում է նա միշտ, երբ ինչ-որ գետ է տեսնում: Ուղեվարը սկզբից ժպիտով, ապա զարմանքով և հետո էլ մի փոքր զայրույթով բացատրում է, որ ծերուկը սխալվում է՝ Հայաստանում Եփրատ չկա: Այդպես շարունակվում է մինչև Նորավանք հասնելը…

«Այս կինոնկարը հայոց ցեղասպանության մասին խոսելու նոր տարբերակ է: Սա չի ցուցադրում լացուկոծ և չի պահանջում պետություներին ճանաչել Ցեղասպանությունը: Դա փաստ է, որ տեղի է ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Փաշինյանը:

«Այս ֆիլմով մենք մեր պարտքն ենք կատարում: Սա պատմություն է 100-ամյա ճանապարհի մասին, չսպիացած ցավի մասին»,- իր հերթին նշեց գլխավոր դերակատար Վիգեն Ստեփանյանը:

Ֆիլմի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը և պրոդյուսերն է Ռուբեն Փաշինյան, բեմադրող օպերատորն է Հակոբ Կարանֆիլյանը: Երաժշտական ձևավորումը՝ Լևոն Խաչատրյանի: Ֆիլմում հնչում է Էդուարդ Փաշինյանի «Շուրջպարը»:

Ֆիլմի հեղինակները պատրաստվում են ներկայացնել այն «Ոսկե Ծիրանի» ժյուրիի դատին, ինչպես նաև ցուցադրել մի շարք արտասահմանյան փառատոններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: