Հայերեն   English   Русский  

​ԷԼՎԻՆԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ


  
դիտումներ: 15435

Էլվինա Մակարյանի երկրպագուն՝ երգչուհու կարիերայի և կենսագրության չբացահայտված էջերի մասին

Երգչուհի Էլվինա Մակարյանի երգերը սիրում ու լսում էին գրեթե բոլորը` մեծ ու փոքր: Նրա ձայնն արտասովոր էր, երգերը՝ ռոմանտիկ, հետաքրքիր... Նա կյանքի իր փիլիսոփայությունն ուներ: Չնայած ճակատագրի հարվածներին` շարունակում էր ստեղծագործել ու իր երգերով ինքն իրեն ապրեցնել:

Դոնարա Կիրակոսյանը դեռևս խորհրդային տարիներից սիրահարվել է Էլվինայի արվեստին ու իր հետագա կյանքը չի պատկերացրել առանց նրա երգերի, երաժշտության, նաև՝ կյանքի:

Երգչուհու երկրպագուն ապրում ու աշխատում է Շվեդիայում: Նա մինչև այսօր լսում է Էլվինայի երգերն ու հիշում այն պատմությունները, որոնք կապվում են առեղծվածային երգչուհու կյանքի, ստեղծագործությունների հետ:

Ինքը՝ Դոնարան, Էլվինայի հետ հատուկենտ հանդիպումներ է ունեցել, բայց կողքից միշտ էլ հետևել է երգչուհու կյանքին ու ստեղծագործական ուղուն: Բայց երբեք հարցազրույց չի տվել Էլվինայի մասին: «Երբ փառքով հարուստ անհատի մասին ես խոսում, մարդիկ քեզ փորձում են կապել նրա հետ, մտածում են՝ ուզում ես ավելի ճանաչված լինել»,- հիմնավորում է տիկին Դոնարան:

Մեզ հաջողվեց Էլվինայի մասին զրուցել տիկին Դոնարայի հետ, պայմանով, որ էլ երբեք այս հարցով իրեն չենք դիմի:

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԷԼՎԻՆԱՆ

- Էլվինա Մակարյանն այս տարի կդառնա 65 տարեկան: Նա արմատներով Արևմտյան Հայաստանից էր: Հորական տատը պոլսահայ էր, պապը՝ ֆրանսահայ, մորական պապը պարնեցի էր, ստալինյան ռեժիմի զոհ, իսկ մորական տատը իգդիրցի էր: Ասում են՝ դեռ փոքր տարիքից Էլվինան մեծ սեր ուներ արվեստի, հատկապես՝ երաժշտության նկատմամբ: Տիկին Ռոզան՝ մայրը, նկատում է աղջնակի սուր լսողությունն ու որոշում նրան տանել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց:

Ընդամենը 12 տարեկան էր, որ մասնակցեց դպրոցական քաղաքային օլիմպիադային: Այնտեղ հետաքրքիր, յուրօրինակ ձայնով աղջնակը ստացավ իր առաջին մասնագիտական հաղթանակը:

Շատ փոքր էր, բայց մեկ է, դահլիճը համակ ուշադրությամբ էր լսում: Ժյուրին ամենաբարձր միավորով գնահատեց նրան: Երաժշտական դպրոցի տնօրենը որպես խրախուսական նվեր աղջնակին նվիրեց «Անդերսենի հեքիաթները» գիրքը՝ «Տնօրինությունից` հանրապետական օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար» մակագրությամբ: Էլվինայի համար այդ գիրքը շատ թանկ նվեր էր, որը նա հաճախ էր համեմատում ադամանդի հետ:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂԻՆ

- Կարծեմ հենց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նկատում նրան: Նա շտապում է աղջկան հրավիրել իր նորաստեղծ ջազային քառյակ, որի կազմում էլ Էլվինան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ: Դա այն ժամանակների համար ամենաամենան էր. հեռուստատեսությունը խիստ էր, ու ոչ բոլորի ելույթները կարող էին հեռարձակվել: Էլվինան այն երջանիկներից էր, որոնց ելույթները սկսեցին հաճախակիանալ հեռուստաեթերում և ռադիոյում:

Սակայն Մարտին Վարդազարյանի ջազային քառյակում նա երկար չմնաց: Բոլորը կհիշեն, որ Ազգային հեռուստատեսությամբ տոնական «Օգոնյոկ» կոչվող հաղորդումը տրվեց, որի ժամանակ Էլվինան ելույթ ունեցավ. մի փայլուն, հրաշալի կատարում էր: Հենց այդ ելույթն էր պատճառը, որ մյուս կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, սկսեց հետաքրքրվել նրանով: Ամիրխանյանին դուր էր եկել Էլվինայի կատարումը: Նա Էլվինային համագործակցության առաջարկ արեց՝ հրավիրելով իր հիմնադրած «Կռունկ» խմբում երգելու: Այս ընթացքում Էլվինան հասցրեց հաջողությամբ ընդունվել և ավարտել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը:

Հետաքրքիր մի բան էլ ասեմ. Ռոբերտ Ամիրխանյանի կազմակերպած համերգներից մեկին ներկա է գտնվում նաև Կոնստանտին Օրբելյանը: Նա շատ է հավանում Էլվինային ու հրավիրում է իր ղեկավարությամբ գործող Հայաստանի պետական էստրադային-ջազ նվագախումբ:

ՀԱՄԵՐԳՆԵՐ, ՓԱՌԱՏՈՆԵՐ, ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

- Էլվինան չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել: Չէր սիրում, երբ իր մասին խոսում էին: Նրա կյանքի այդ փուլը լեցուն էր նաև շրջագայություններով: Ասեմ, որ Էլվինան, բացի պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստանալուց, տիրապետում էր նաև մի շարք լեզուների՝ վարժ խոսում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն:

Նա ամեն ինչով մշակութային էր, ու իր վառ էությունը փոխանցում էր դիմացինին: Սիրում էր համաշխարհային մշակույթը, խենթանում ամերիկյան ու բրազիլական ջազով:

1970-ական թվականներին Էլվինան սկսում է մասնակցել մի շարք միջազգային հեղինակավոր փառատոների: Նա հնարավորություն է ունենում ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում:

Պատահական չէ այն հանգամանքը, որ 1973 թ. Օստանկինոյում կայացած «Երիտասարդ ձայներ» համամիութենական մրցույթում արժանանում է գլխավոր մրցանակի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Ու՞ր եք, տղաներ» երգի կատարման համար: Այնուհետև, բազմաթիվ գրանպրիներ է ստացել, արժանացել բարձր գնահատանքի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Այս ամենը նրան այնքան էլ հեշտ չի տրվել: Մարդիկ են եղել, որոնք ցանկացել են խոչընդոտել, խանգարել նրան:

Էլվինան պայքարող մարդու տեսակ էր, ատում էր քծնանքն ու քծնող մարդկանց: Սիրում էր պարզճակատ լինել: Նա խորհրդային տարիներին պայքարում էր ոչ թե երգելու իրավունք ստանալու, այլ երգելու ձևի կամ ոճի համար: Քչերը երևի գիտեն, որ 1980-ականներին Կոմկուսի կենտկոմը նրան տնային կալանքի ենթարկեց: Հետաքրքիր է, որ որոշել էին նրան աշխատավարձ վճարել աշխատանքի չգնալու պայմանով: Պատկերացնո՞ւմ եք: Նույնիսկ այդ ժամանակ Էլվինան նույն ոգով շարունակում էր ստեղծագործել:

Կարծեմ հենց այդ տարիներին էր, որ մեկնեց Ամերիկա, հյուրախաղերի, մեկնեց որդու՝ Ռոմանի հետ: Հյուրախաղերը երկար չէին, ընդամենը մեկ-երկու շաբաթ:

Հյուրախաղերի ժամանակ նրան է զանգահարում մայրն ու տեղեկացնում, որ Հեռուստառադիոպետկոմում նրան ազատել են աշխատանքից: Մայրը դժվարությամբ, բայց ասում է, որ կարող է հաստատվել այնտեղ, էլ Հայաստան չվերադառնալ:

Փաստորեն, Էլվինան հարկադրաբար է բնակություն հաստատում ԱՄՆ-ում: Չնայած ասեմ, որ նա այդ տարիներին հասցնում է թողարկել երեք ձայնասկավառակ, ստեղծում է սեփական ստուդիան, նկարահանում տեսահոլովակներ:

ՀԱՐՑՐԻ՝ ԻՆՉՊԵ՞Ս ԵՍ, ԱՍԱՑ` «ՈՉԻՆՉ, ՇԱՏ ՎԱՏ»

- Էլվինայի մասին ժամանակի մամուլը հաճախ էր գրում, լուսաբանում նրա համերգները:

Մի թաքուն ցանկություն ունեմ. եթե հաջողությունը ժպտա, իմ ձեռքի տակ եղած նյութերը կամբողջացնեմ ու մի գեղեցիկ հրատարակություն կպատրաստեմ: Այդ նյութերի մեջ ինձ առանձնապես հետաքրքրել է Էլվինայի մասին լուսահոգի Արամայիս Սահակյանի խոսքը. «Իմ խոսքերով երգել է «Ո՞ւր եք, տղաներ» երգը, (երաժշտությունը` Ռոբերտ Ամիրխանյանի), որով Բեռլինում մրցանակ է ստացել: Երգում էր շատ ճիշտ, ջղային: Հետո ինքը «Երկրորդ սեր» անվամբ երաժշտություն գրեց և խնդրեց ինձ գրել խոսքերը: Այս անգամ երգում էր շատ մեղմ: Շատ համարձակ էր, սրամիտ, խոսքը ճակատին ասող: Հարցրի` ո՞վ է իսկական ընկերը, ասաց. «Ընկերությունս դադարեցնում եմ նրա հետ, ով ուրիշ ընկերոջ մասին վատ է խոսում»: Նախանձողներից հարվածներ շատ էր ստանում, ու մի օր էլ հարցրի` ինչպես ես, ասաց` «Ոչինչ, շատ վատ»: Էլվինան միշտ ասում էր` եթե մարդուն թվում է, թե միշտ ինքն է ճիշտ, ուրեմն պետք է դիմի բժշկի: Տարօրինակ և միաժամանակ իմաստալից խոսքեր էր ասում: «Միայն մահն է անմահ». սա էր նրա խոսքը: Մենք միշտ կհիշենք նրա երգերն ու այդ յուրօրինակ տիկնոջը»:

ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

- Լրագրող Արտակ Ալեքսանյանին, որին երգչուհին մահից մեկ շաբաթ առաջ հարցազրույց էր տվել, ասել է. «Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում: Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի` թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»:

Ալեքսանյանը նաև գրում է, որ Էլվինա Մակարյանը կյանքից հեռացավ, որովհետև պատճառներ ուներ: Նոր հազարամյակը երգչուհու համար ճակատագրական էր: Սկզբում վախճանվեց նրա մայրը, որի հետ շատ կապված էր, որը նրա ամենամտերիմ մարդն էր, ընկերը, երկրպագուն, քննադատն ու ծնողը. «Երգչուհին մոր մահից հետո տեղափոխվում է նոր բնակարան: Բայց ամենածանր հարվածն առջևում էր: Ռոմանը՝ Էլվինա Մակարյանի միակ որդին, ինքնասպան է լինում 28 տարեկան հասակում: Թվացյալ հրապարակային կյանքով, բայց բոլորին անհայտ Էլվինան փորձում է վերադառնալ կյանք: Սկսում է ձայնագրությունները: Բայց այն, ինչ անում էր, ավելի շատ նախապատրաստական աշխատանք էր հիշեցնում: Նա պատրաստում էր իր հրաժեշտը»:

Էլվինա Մակարյանը կտակել էր իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով նա խնդրել էր նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել: Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

Ասում են նաև, որ իր մահից մեկ-երկու օր առաջ նոր երգ է գրել, որն այդպես էլ հանրության սեփականությունը չդարձավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: