Հայերեն   English   Русский  

Որքան դրամական միջոցներ ունեն դատարանների նախագահները.Tert.am


  
դիտումներ: 893

ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2014 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Tert.am-ը ուսումնասիրել է ՀՀ դատական իշխանության մեջ առավել բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարագրերը:


Ըստ այդմ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին ավելացել են: Եթե տարեսկզբին նա ունեցել է 4,700,000 ՀՀ դրամ և 3,600 ԱՄՆ դոլար, ապա տարեվերջին դրանք կազմել են՝ 6,300,000 դրամ, 5,200 դոլար և 2,800 եվրո: Հարկային տարում ՍԴ նախագահի եկամուտը կազմել է 13,503,196 դրամ՝ ստացված աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Նրա կնոջ՝ Անահիտ Խաչատրյանի դրամական միջոցներն ավելին են: Տիկնոջ դրամական միջոցները եթե 2014թ-ի սկզբին կազմել են 5,400,000 դրամ և 2,300 դոլար, ապա տարեվերջին դրանք ավելացել են՝ կազմելով՝ 7,500,000 դրամ և 5,200 դոլար:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դրամական միջոցները 2014թ-ի տարեվերջին կազմել են 185,790 ԱՄՆ դոլար և 5,000,000 մլն ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ Վճռաբեկ դատարանի նախագահի դրամային միջոցները նվազել են 19,000,000 դրամով, սակայն հայտարարագրում նշված չէ, թե ինչի վրա է նա ծախսել այդ գումարը, բացառությամբ 1, 200,000 հազ դրամի, որով Արման Մկրտումյանը հողամաս է գնել:


Տարվա ընթացքում դատավորի եկամտի չափը կազմել է ավելի քան 21,104,000 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից:


ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կինը՝ Մարինե Մկրտումյանը ևս 2014թ-ին ձեռք է բերել անշարժ գույք՝ 29,166,045 դրամ արժողությամբ, իսկ օտարել՝ 4,800,000 հազ. դրամ արժողությամբ անշարժ գույք։ Նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել է 40,000 ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 30,000 դոլար:

ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 35 մլն 600,000 դրամ, 100,000 դոլար և 4,000 եվրո: Տարեսկզբի համեմատ դրանք պակասել են 600, 000 դրամով, 4 000 դոլարով և 2 000 եվրոյով: Դատավորի հարկային տարվա եկամուտը կազմել է 7,934,000 դրամ:


Կարեն Մաթևոսյանի տիկնոջ՝ Իրինա Հովհաննիսյանը դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 39,000,000 դրամ և 1100 դոլար:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի դրամական միջոցները, եթե 2014թ-ի սկզբին կազմել է 8,500,000 դրամ, ապա տարեվերջին՝ 8,700,000 դրամ: Հարկային տարում նրա ունեցած եկամուտը կազմել է 14,735,000 դրամ, որն ստացվել է աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Տիգրան Սահակյանի տիկնոջ՝ Գոհար Սահակյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 2,050,000 դրամ: Նա 2014թ-ի ընթացքում ձեռք է բերել 2,000,000 դրամ արժողությամբ մարդատար ավտոմեքենա:


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին կազմել են 18,000,000 դրամ, իսկ տարեսկզբին՝ 24,000,000 դրամ: Թե ինչ նպատակով է ծախել դատավորը 6,000,000 դրամը, հայտարարագրում նշված չէ: Դատավորի եկամուտը հարկային տարում կազմել է 12,064,758 դրամ:


Նրա կնոջ՝ Հասմիկ Շահումյանի դրամական միջոցները 2014թ-ի վերջին ավելացել են 2500 դոլարով, պակասել 500,000 դրամով և կազմել 57,000 ԱՄՆ դոլար: Տիկնոջ եկամտի չափը կազմել է՝ 1,045,000 հազ. դրամ, իսկ եկամտի տեսակն է՝ տրված փոխառությունների (ավանդ) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ որդու՝ Էդուարդ Մաթևոսյանի եկամուտն անցած տարի կազմել է 14,000,000 ՀՀ դրամ, եկամտի տեսակը՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: