Հայերեն   English   Русский  

​«Սահմանը»՝ սահմանամերձ գյուղերում


  
դիտումներ: 2834

Բերքաբեր, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեձոր: Այս գյուղերը կարելի է անվանել ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ: Հենց սրանք են հաճախ վահան ծառայում երկրի համար՝ իրենց վրա կրելով հակառակորդի գնդակները:

Ահա թե ինչու հենց այս գյուղերը դարձան 5 երիտասարդների՝ Ջորջ Տաբակյանի, Աննա Աղաջանյանի, Էրիկ Բաղդասարյանի, Անահիտ Նազարյանի ու Գայանե Գևորգյանի հիմնած «Սահման» զարգացման ծրագրերի գլխավոր թիրախը:

2011 թ. Դուբայից հայրենադարձված լիբանանահայ Ջորջ Տաբակյանը և Իռլանդիայից հայրենադարձված Աննա Աղաջանյանն իրենց երկրների հայկական համայնքներում՝ ընկերական շրջապատում, դրամահավաք կազմակերպեցին և ձեռնամուխ եղան սահմանամերձ գյուղերում առաջին ծրագրերի իրականացմանը:

Գումարը մեծ չէր՝ ընդամենը 3500 դոլար, սակայն բավական էր սահմանամերձ գյուղեր մեկնելու, ամենաառաջնային խնդիրները հասկանալու և որոշակի գործեր սկսելու համար: «Բերքաբերում սկսեցինք 2 ջերմոցի կառուցումից,-պատմում է Ջորջ Տաբակյանը,- հիմա ջերմոցների թիվը 16 է: Սկզբում, երբ մտնում էինք գյուղ և ասում` ջերմոց, առաջին արձագանքը մի քիչ վախվորած էր, որովհետև մարդիկ երբեք ջերմոցներով չէին աշխատել, վախենում էին ռիսկի դիմել: Բայց հետո, երբ տեսան՝ աշխատում է, կամաց-կամաց ցանկացողներն ավելացան: Հետագայում եղան ընտանիքներ, որոնք ինքնուրույն ջերմոցներ կառուցեցին ու աշխատեցին»:

սահման

«Սահմանը» Բարեկամավանում հիմնել է 5, Բերքաբերում` 16, Չինարիում` 6, Այգեձորում` 5 ջերմոց:

Ինչո՞ւ որոշվեց այդ գյուղերում իրականացնել ջերմոցային տնտեսությունների ստեղծման ծրագիր: «Այդ գյուղերը պատերազմի հետևանքով կորցրել են իրենց համայնքապատկան հողերը, որով իրենց երկու կարևոր սեկտորներ պիտի զարգացնեին՝ անասնապահություն ու գյուղատնտեսություն, որոնք էլ իրենց եկամտի հիմնական աղբյուրը պետք է լինեին: Օրինակ` Բերքաբերն ունեցել է 1300 հա հող, բայց մոտ 900-950-ը կորցրել է: Խորհրդային տարիներին այդ տարածաշրջանը հայտնի է եղել իր անասնապահությամբ, սակայն այսօր այդ ոլորտն էլ չկա: Շատ ենք լսել պատմություններ, թե օրինակ` կովը գնացել է արոտի ու չի վերադարձել կամ եկել է մի ոտքով: Եթե մի քիչ մեծ կով է, հնարավոր է՝ մարմնի մեջ ականներ էլ տեսնես: Այդ գյուղերին վարկ չեն տալիս, քանի որ համարվում են ռիսկային գոտի, իսկ եթե տալիս են, ապա շատ բարձր տոկոսադրույքով»:

Իմ զրուցակիցը երկար է թվարկում այս գյուղերում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները: Ի դեպ, մինչև 2013 թվականը պետությունն այդ գյուղերից նաև հողի հարկ է վերցրել, այսինքն` այն հողերի, որոնք վաղուց գյուղացիներինը չէին:

Իսկ ինչպե՞ս են ընտրում ընտանիքներին: Քանի որ «Սահմանը» ոչ թե բարեգործական կազմակերպություն է, այլ ծրագրեր իրականացնող, շատ կարևոր է, որ շահառուները լինեն աշխատող, ակտիվ ընտանիքներ, որոնք իրենց հերթին պատրաստ են այդ ծրագրերը կյանքի կոչել ու մինչև վերջ տանել:

սահման հկ

«Նախ` գյուղում հարցազրույց ենք անում, որ տեսնենք, թե ով է հետաքրքրված ծրագրով: Եթե նրանք իսկապես հետաքրքրվում են` մենք նրանց հետ աշխատում ենք: Սկզբում մի փոքր վախենում են, մտածում են՝ չեն կարողանա կազմակերպել, աշխատացնել: Բայց երբ տեսնում են, որ մենք իրենց սովորեցնում ենք, մինչև բերք ստանալն իրենց հետ ենք, վստահում են և ավելի հանգիստ են լինում: Բացի այդ, մենք նրանց անվճար ոչինչ չենք տալիս, նրանք մեզ օգնում են ջերմոցի կառուցման աշխատանքներում, որից հետո տալիս ենք առաջին տարվա սածիլներն ու պարարտանյութը, իսկ նրանք պարտավորվում են առաջին բերքի վաճառքից ստացված հասույթի մի փոքր մասը տրամադրել համայնքին: Սովորաբար, տալիս են դպրոցին ու մանկապարտեզին: Ճիշտ է՝ գումարը մեծ չէ, սակայն կարևոր է այն գաղափարը, որ իրենց ջերմոցներից օգտվում է նաև համայնքը: Իսկ նախքան ջերմոցի կառուցումը բնակիչների հետ 7 ամիս ուսուցողական ծրագիր ենք իրականացնում»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Ջորջ Տաբակյան

100 քմ-ոց ջերմոցից գյուղացին գրեթե նույն եկամուտն է ստեղծում, ինչ կստանար 1,5 կամ 2 հա հողից. ջերմոցը փոքր է, բայց բերքն ավելի հաճախ է հասունանում: Ջերմոցում աշխատելը սահմանամերձ գյուղի բնակիչների համար նաև ավելի ապահով է, բացի այդ, նրանք կարող են տարբեր սեզոնների տարբեր բան ցանել հողում: Մի խոսքով՝ ջերմոցային մշակույթը կամաց-կամաց մտնում է սահմանամերձ գյուղեր:

Ջերմոցներից բացի, «Սահմանը» մեկ այլ ծրագիր էլ է իրականացնում՝ մեղվաբուծություն: «Մեղու պահելն ավելի հեշտ է այնտեղ: Համենայն դեպս, եթե մեղուն շփման գծին մոտենա` չեն խփի, ու նա նեկտարը կհավաքի, հետ կգա»,-ծիծաղում է Ջորջ Տաբակյանը:

Գյուղացիներին տրվում են փեթակներ` մինչ այդ, իհարկե, սովորեցնելով մեղվապահության գաղտնիքները:

Տարիներ շարունակ շփվելով սահմանամերձ գյուղի կյանքի հետ՝ երիտասարդները հասկացել են մի կարևոր բան. «սահմանապահ» գյուղացիները չեն լքի գյուղը ո՛չ սոցիալական խնդիրների պատճառով, ո՛չ պատերազմի, սակայն գյուղը լքելու պատճառ կարող է լինել երեխաների համար կրթության ոչ բավարար մակարդակը: Ահա ինչու «Սահմանը» ձեռնամուխ եղավ դպրոցներում կրթական ծրագրերի իրականացմանը: Բերքաբերի դպրոցում արդեն 6 ծրագիր են իրականացրել:

Այս պահին համագործակցում են «Այբ» ավագ դպրոցի հետ: Բերքաբերի ուսուցիչներին վերապատրաստել են «Այբ»-ում, «Այբ»-ի ուսուցիչները գնացել են գյուղ, կապեր են հաստատվել, առաջիկայում կրկին պետք է մեկնեն գյուղ` եռօրյա դասընթացի, որի ընթացքում «Այբ»-ի աշակերտները կաշխատեն Բերքաբերի ջերմոցներում:

«Սահմանն» արդեն ֆինանսական աջակցություն է ստանում միջազգային մի քանի կազմակերպություններից:

սահման

Ծրագրերը մեծ բյուջե չունեն՝ առայժմ 8-10 հազար դոլարի սահմաններում են, սակայն կարևորն այն է, որ սայլը տեղից շարժվում է: Կազմակերպության աշխատակիցներն աշխատում են կամավորության սկզբունքով: Ինչպես Ջորջն է ասում, դա իրենց 6-րդ օրվա գործն է:

Ջորջ Տաբակյանը շատ է ուզում, որ կազմակերպությունն ընդլայնվի, ու իրենք կարողանան իրականացնել սահմանամերձ գյուղերի կյանքը բարելավելու իրենց բոլոր նպատակները: Նա վստահ է, որ եթե ճիշտ գործ ես անում` գումար անպայման հավաքվում է: «Հայաստանում փողի խնդիր չկա, թող ոչ ոք նման բան չասի, ահավոր մեծ գրանտներ կան, ուղղակի կազմակերություններ կան, որ սխալ են օգտագործում: Մոտ 2500 հասարակական կազմակերպություն կա, բայց քանի՞սն է գյուղերում գործ անում, մատների վրա կարելի է հաշվել: Կան ՀԿ-ներ, որոնք գյուղերի համար գրանտներ են ստանում, բայց գումարն օգտագործում են քաղաքական նպատակների համար: Մի խոսքով` այս ոլորտում քաոսային վիճակ է, որը պետք է կարգավորվի»,- ասում է նա:

Մի քանի հայրենանվեր երիտասարդների նվիրումի շնորհիվ ծնված «Սահմանը» ոչ միայն կրթական, սոցիալական գործունեություն է իրականացնում սահմանամերձ գյուղերում, այլև քարոզչական՝ մայրաքաղաքում: Նրանք փորձում են ամեն ինչ անել, որ երկրի վառվռուն կյանքով ապրող շերտը գոնե տեղյակ լինի, որ հեռավոր սահմանում, իրենց մի բուռ հողին կառչած, ապրում են մարդիկ՝ հակառակորդի գնդակն իրենց թիկունքին ու թիկունքը՝ միշտ ուղիղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: