Հայերեն   English   Русский  

The Guardian,The Washington Post. Համաշխարհային մամուլի աննախադեպ արձագանքը Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելությանը


  
դիտումներ: 1246

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը համաշխարհային մամուլին ստիպեց մեկնաբանել ոչ միայն աստղի հերթական ճամփորդությունը, այլ նաև անդրադարձ կատարել Հայաստանին ու նրա պատմությանը:

Բրիտանական հանրահայտ “The Guardian” պարբերականն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի այցելությանը Հայաստան, ընդ որում` բավականին ծավալուն անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի կարևորությանը:

Հոդվածում ասվում է. «Ռեալիթի-շոուի աստղը, նրա ամուսին Քանյե Ուեսթն ու ընտանիքի անդամները մեկնել են Հայաստան` նշելու հայերի կոտորածների 100-ամյակը:

Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի օրվանից Հայաստան կատարած իր ճամփորդության ժամանակ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: Օսմանյան Կայսրությունում էթնիկ հայերի նկատմամբ կոտորածների 100-ամյակը նշելու համար Հայաստան ուղևորվող Հայ-ամերիկյան ռեալիթի հեռուսաաստղին ուղեկցում է ամուսինը` Քանյե Ուեսթը և քույրը` Քլոյեն:

Նրանց կհետևի Keeping Up With The Kardashians ֆիլմի համար որոշ դրվագներ նկարահանող տեսախցիկը, բայց պաշտոնական հանդիպումներ կամ մամուլի ասուլիսներ նախատեսված չեն»,-ասվում է հոդվածում:

Նշվում է նաև, որ Քիմ Քարդաշյանը, Ուեսթը, նրանց դուստր Նորթը և ընտանիքի այլ անդամները Հայաստանում կայցելեն Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այնուհետև The Guardian-ը նշում է, որ Քիմ Քարդաշյանի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, հայ-ամերիկյան երրորդ սերնդի ներկայացուցիչ է, իսկ Քիմը մի քանի առիթներով հրապարակայնորեն աջակցել է Օսմանյան կառավարության ձեռքով հայերի համակարգված բնաջնջման միջազգային ճանաչման գործին:

«ԱՄՆ կառավարությունը, ըստ երևույթին, զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումից, դեռ պետք է միանա այն 22 պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են իրադարձությունները որպես «Հայոց ցեղասպանություն»` չնայած նրան, որ ԱՄՆ 43 նահանգ արդեն այն որակել է այս անունով»,-նշում է The Guardian-ը:

Հայտնի պարբերականը նաև «Ցեղասպանություն» բառն է մեկնաբանում` նշելով, որ այն 1943թ.-ին առաջին անգամ օգտագործել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը`բնորոշելու Թուրքիայի ղեկավարների կողմից հայերի բնաջնջումը:

«Ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել ինչպես հայերն են ասում` 1915թ.-ի ապրիլի 24-ից սկսված կոտորածների ընթացքում, երբ Օսմանյան անվտանգության ուժերը շրջափակեցին և ոչնչացրեցին 250 հայ մտավորականների Կոստանդնոպոլսում և շարունակեցին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Թուրքիան դեռևս հրաժարվում է կատարվածը որպես «ցեղասպանություն»« բնութագրել»:

"The Washington Post"-ը ևս անդրադառնում է Քիմի հայաստանյան այցելությանը` հիշեցնելով , որ Հայաստանը Ապրիլի 24-ին պաշտոնապես նշում է Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի սպանությունները:

«Հայաստանը սպանությունները կոչում է «ցեղասպանություն»` տեսակետ, որի հետ համաձայն են գիտնականները, բայց Թուրքիան կտրականապես մերժում է այդ տերմինը` պնդելով, որ այն ուռճացված է և երկու կողմից էլ զոհեր եղել են»,-ասվում է հոդվածում:

Hello ամսագիրը գրում է, որ Քարդաշյանների աստղային ընտանիքի այցի շնորհիվ բազմաթիվ մարդկանց համար ճանաչելի դարձավ փոքր, սակայն գողտրիկ Հայաստանը, որը շատ բան ունի առաջարկելու զբոսաշրջիկներին:

Իսկ The USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում: Անդրադառնալով այս այցի դրդապատճառներին` ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական արմատներով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին, ինչպես նաև հարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: