Հայերեն   English   Русский  

Մազաթափություն


  
դիտումներ: 8902

Մարդու ամբողջ կյանքի ընթացքում մազերի «հերթափոխություն» է կատարվում:

Յուրաքանչյուրի մոտ 3-4 տարին մեկ երիտասարդ մազ է ծլում, ընդ որում ծեր մազը բարեհաջող թափվում է: Սակայն, եթե թափվող մազերը շատ ավելի են, քան սովորաբար է լինում, ուրեմն պետք է հետազոտվել բժշկի մոտ, ու եթե պարզվի, որ առատ մազաթափությունը հիվանդության հետևանք չէ, սկսել մազածածկույթի վերականգնմանն ուղղված միջոցառումները:

Կանանց մոտ օրական 20-100 մազի թափվելը նորմալ է համարվում, նման քանակի մազաթափությունը չի կարելի որակել առատ մազաթափություն: Սակայն, եթե այդ թափն ավելի է, ապա պետք է սկսել մազաթափությունը կանխող միջոցներ ձեռնարկել:
Մազաթափության պատճառները
Կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառը սթրեսային իրավիճակն է, ընդ որում, դժվար է սթրեսի պատճառը պարզել, քանի որ ալոպեցիան (մազաթափությունը) կարող է ի հայտ գալ ուժեղ սթրեսից ամիսներ անց:
Ալոպեցիան կարող է նաև այնպիսի ժառանգական հիվանդության հետևանք լինել, որի պատճառը թաքնված է հորմոնալ ֆոնի փոփոխության մեջ, ասենք` վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում, դաշտանադադար կամ հետծննդաբերական շրջան:
Մազաթափության պատճառ կարող են դառնալ նաև մաշկի զանազան վարակները: Գարնանն օրգանիզմը վիտամինների ու միկրոտարրերի անբավարարություն է ունենում, որն իր հերթին կարող է մազաթափության հանգեցնել: Նման դեպքերի համար խորհուրդ են տալիս մազաթափության դեմ դիմակներ կամ խոտաբույսեր կիրառել:
Սննդակարգեր
Նիհարելուն ուղղված սննդակարգերը ևս մազաթափության վտանգներից են: Անհաջող սննդակարգի դեպքում լրիվ հավանական է, որ օրգանիզմը ճարպերից զրկվի (ճարպն է, որ էսթրոգեն` կանանց սեռական հորմոն է մշակում): Ճարպերի կորստի հետ օրգանիզմում նվազում է էսթրոգենների քանակը, բնականաբար, սկսվում է ուժեղ մազաթափություն: Սննդակարգը «թեթևացնելով»` պակասեցնում ենք երկաթի, կրեմնիումի, ցինկի, ծծմբի, սելենի, կալցիումի ու մազերին անհրաժեշտ մյուս նյութերի աղբյուրը` խորացնելով ստեղծված իրավիճակը: Քաշը նվազեցնելուն միտված ցանկացած սննդակարգ պետք է ճշգրիտ ընտրված լինի: Երբ փորձում ենք արագ արդյունք ստանալ, չպետք է մոռանալ, որ խորհուրդ չի տրվում մեկ ամսում 3 կգ-ից ավելի կորցնել:
Մազաթափության բուժումը
- Նեխուրե թրջոցներ. նեխուրի արմատը լավ մանրացնել ու մեկ բաժակ հյութ ստանալ դրանից: Թանզիֆե անձեռոցը թաթախել այդ հյութի մեջ ու դնել գլխին, ծածկել պոլիէթիլենով կամ թաղանթով ու խավավոր սրբիչ փաթաթել վրայից, որ տաք լինի: Մեկ ժամից հարկավոր է գլուխը լվանալ:
- Հալվեի 2 տերև մանրացնել` օգտագործելով բույսի այն տերևները, որոնք առնվազն 3 տարեկան են (ստորին հատվածից): Հյութը ճզմել ու թանզիֆե անձեռոցիկը թաթախել այդ հյութի մեջ: Ապա դնել գլխին, վրայից ծածկել թաղանթով ու տաք փաթաթել: Զգուշացեք, որ հալվեի հյութն աչքի մեջ չհայտնվի: 30 րոպեից թրջոցը հանել ու գլուխը լվանալ տաք ջրով: Նման թրջոցները կարելի է ու պետք է անել օրական 2 անգամ` առավոտ և երեկո:
Չորացած մազերի դեպքում, երբ մազաթափությունը ներկերի ու գունաբացման հետևանք է, խորհուրդ է տրվում ջրաբաղնիսի պայմաններում 40 աստիճան տաքացնել 100 մլ զեյթունի ձեթը, ապա վրան ավելացնել 50 մլ կիտրոնահյութ: Խառնուրդը ներմերսող շարժումներով քսել գլխին ու փաթաթել, որ տաք լինի, ապա մեկ ժամից լվանալ լավ շամպունով: Նման գործողությունը պետք է կրկնել շաբաթական մեկ անգամ:
Մազերի աճի համար
Հարմար է անել Նոր տարուց հետո, եթե տոնածառ եք գնել: Փշատերևի 100 գ կանաչ ասեղների վրա պետք է 1 լ եռման ջուր լցնել, տաքացնել 20 րոպե ջրային գոլորշու վրա: Հովացնել ու քամել, ապա օրը մեջ այդ եփուկով ողողել մազերը` 15 րոպե ներմերսելով:
Յուղոտ մազերի դեպքում հարկավոր է 15 րոպե 3 ճ. գդալ կաղնու կեղևը եփել մեկ լիտր ջրում ու քամել: Մեկ օր անց գլուխը լվանալ այդ եփուկով. ուժեղ մազաթափությունը ոչ միայն կդադարի, այլև հրաշալի կմաքրվեն թե՛ մազերը և թե՛ մաշկը:
Սոխի դիմակ. սոխը մանրատամ քերիչով անցկացնել ապա քերուկը խառնել զեյթունի ձեթին: 15 րոպե այդ խառնուրդը մատների ծայրերով ներմերսել, ապա թաղանթով ու սրբիչով փաթաթել, 30 րոպեից լվանալ լավ շամպունով:
Այս դիմակը պետք է անել 3 օրը մեկ, 6 ամիս: Այն կօգնի դադարեցնելու մազաթափությունը, ակտիվացնելու քնած մազարմատները:
Տղամարդկանց ու կանանց մազաթափության պատճառները տարբեր են, սակայն դրա դեմ պայքարի միջոցները` նույնը: Գոյություն ունեն խորհուրդներ, որոնք հավասարապես վերաբերում են բոլորին: Սանրվելիս աշխատեք չվնասել գլխամաշկը, ծանր սանրվածքներ չանել, գլխարկներից ազատեք մազերն ու թողեք` հանգստանան: Խնամեք մազերը և ունեցեք հիմնական վարսավիր, որը կնկատի ձեր մազերի վիճակի փոփոխությունը:
Սանր
Սանրը միայն մազերը կոկիկ դարձնելու համար չէ: Այն նաև էական դեր ունի մազերի առողջության գործում: Նախնադարում մարդիկ սանրեր էին պատրաստում կենդանիների ոսկրերից, հետո սկսեցին սանրեր պատրաստել փայտից, ապա` երկաթից: Կար ժամանակ, երբ ձուլածո թանկարժեք քարերով դրվագված սանրերը զարդ էին համարվում:
Այսօր սանրերի բազմազանությունը ոչ ոքի չի զարմացնում. կան տարբեր նշանակության ու տարբեր նյութերից պատրաստված սանրեր:
Առողջ մազերի համար մի քանի րոպե խոզանակով մերսումը բարերար է ազդում գլխամաշկի առողջության վրա: Խոզանակը մազերից ոչ միայն փոշին ու կեղտն է հեռացնում, այլև ակտիվացնում է արյան շրջանառությունն ու խթանում աճը: Մազերը պետք է սանրել ծոծրակից դեպի ճակատ, ապա` բոլոր ուղղություններով: Ի դեպ, սանրելու օգնությամբ կարելի է գլխացավը մեղմել ու հոգնածությունը վանել:
Եթե մազերը փշրվող են, ապա պետք է սանրել ոչ թե խոզանակով, այլ սովորական սանրով:
Եթե մազերը յուղոտ են` ապա խոզանակը ձեզ համար չէ: Պետք չէ նաև գլուխը մերսել, քանի որ մաշկից յուղային շերտը փոխանցվում է մազերին:
Սանր ընտրելիս պետք է ուղղորդվել մազերի տեսակով (առատ, թե նոսր, յուղոտ, թե չոր) և կիրառման նպատակով: Բնական նյութերից պատրաստված խոզանակներն ավելի հիգիենիկ են ու օգտակար, դրանք թեթև մերսում են մաշկն ու սանրում առանց վնասելու ու լիցքավորելու: Շատ կարևոր է, որ սանրի ատամների ծայրերը մշակված լինեն, այլապես դրանք վնասում ու միևնույն ժամանակ` վարակ են փոխանցում մազարմատներին:
Որքան մազերը կոշտ են, այնքան սանրը պետք է պինդ լինի: Թույլ ու բարակ մազերին հարմար են փափուկ խոզանակը կամ փայտե նոսրատամ սանրերը:
Պլաստմասսայե սանրերը շուտ են կեղտոտվում. յուղոտվում են ու փոշոտվում: Ուստի սանրերը պետք է հաճախ լվանալ ու 3 ամիսը մեկ փոխել:
Այսօր հնարավորությունները բազմազան են, ուստի կարելի է միաժամանակ մի քան սանր ունենալ:
Պարզապես սանրվելու նպատակով հարմար են հարթ էբոնիտե կամ փայտե սանրերը` նոսր ատամներով, իսկ սանրվածք անելու նպատակով պետք է հատուկ սանրեր ու խոզանակներ ընտրել:
Եթե որոշել եք տնային պայմաններում մազերը ներկել, ուրեմն հարկավոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մետաղական սանր կիրառել. ներկի հետ մետաղի քիմիական ռեակցիան հնարավոր է` ազդի մազերի որակի վրա:
Երբեք խնայողություն մի արեք սանր ընտրելիս: Սխալ ընտրված սանրը կարող է մազաթափություն առաջացնել, իսկ ճիշտ ընտրվածը մազերը դարձնում է խիտ ու հնազանդ:

Դեռ հնագույն ժամանակներում էին մարդիկ նկատել, որ մազերի խնամքի համար ամենահարմարը փայտե սանրերն են: Փայտի ջերմությունը հաղորդվում է սանրին, դրա հետ էլ` մազերին` դրանք դարձնելով փափուկ ու մետաքսե: Պարզապես պետք է ընտրել ոչ լաքապատ փայտե սանրեր, որոնց օգնությամբ մազերը կկենդանանան:
Ի դեպ, առաջին սանրերն ի հայտ են եկել քարե դարում, սակայն կովի կոտոշից պատրաստված սանրերն այն հեռավոր ժամանակներում ծառայում էին որպես զարդ:
Հին Հունաստանի գեղեցկուհիների սանրերում հաճախ անուշաբույր նյութերի կամ էլ թույնի պարկուճներ էին տեղադրվում:
Արևելքի հավատալիքներով` սանրը պաշտպանում էր հիվանդություններից, ուստի տարբեր հիվանդությունների դեմ սանրերի հավաքածուները փոխանցվում էին սերունդներին:
Միջնադարյան Եվրոպայում հավատացած էին, որ գիշերը սանրվելը շատ վնասակար է, առավոտյան անպայման գլխացավով կարթնանաս:
XVIII դարում սանրագործ վարպետների գիլդիա ձևավորվեց, կարծիք կար, որ այդ մասնագիտությունը լիարժեք յուրացնելու համար 10 տարի պետք է սովորել: Շատ գնահատվում էին կրիայի պատյանից պատրաստված սանրերը, ինչը կրիաների որոշ տեսակների իսպառ բնաջնջման հանգեցրեց:
Սանրը սովորական պարագայի վերածվեց միայն 1862-ից հետո, երբ հայտնաբերվեց պլաստմասսան:
Իսկ ժամանակակից անգլիացի գործատուները սանրն օգտագործում են որպես վնասակար սովորությունները հայտնաբերելու թեստ: Դիմորդին առաջարկում են սանրել մազերն ու ներկայացել սանրը: Մազերի վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշելու, թե որքան հաճախ է մարդն ալկոհոլ ու թմրանյութ օգտագործել վերջին ամիսներին: Փորձագիտության արժեքը 700 դոլար է, սակայն գործատուն գիտի, որ հարբեցող աշխատակիցն ավելի թանկ է նստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: