Հայերեն   English   Русский  

​Սողոմոն Թեհլերյանի աշխարհում 4-րդ արձանը բացվեց Մարալիկում


  
դիտումներ: 2307

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բացվեց Սողոմոն Թեհլերյանի արձանը: Վրիժառու հայորդու 4 մետրանոց պղնձաձույլ կոթողը տեղ գտավ Մարալիկի հրապարակում, քանդակագործը գյումրեցի Սամվել Պետրոսյանն է, ով Թեհլերյանին կերտել է զենքը ձեռքին, իսկ ոտքի տակ ինչ-որ բան: Շատերը դա մեկնաբանում են որպես Թալեաթ փաշայի գլուխը, ինքը՝ քանդակագործը, այն ժայռ է համարում:

ՙԷսքիզներում նաև գլխի տարբերակն է եղել, բայց վերջում ժայռը մնաց: Իսկ ժողովուրդն ինչպես ուզում է, կարող է մտածել, այստեղ գլխավորը մեր վրիժառուն է, թե նրա ոտքերի տակ Թալեաթը կլինի, քար, թե մեկ ուրիշ բան, էական չէ՚, - նշում է քանդակագործը:

ՙՈւղիղ մեկ դար է անցել պատմական այն դաժան ժամանակաշրջանից, որբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը: Թուրքերի կողմից ոչնչացվեց շուրջ 1.5 միլիոն հայ: Հայը կորցրեց իր հողերի մեծ մասը, դարձավ տարաբախտ, տարածվեց աշխարհով մեկ, բայց նա կարողացավ ծիլեր արձակել, հզորանալ և հասնել մեր օրերը: Իհարկե, հայը չէր կարող անպատասխան թողնել թուրքերի ոճրագործությունը: Եվ այդ հայ զավակը Սողոմոն Թեհլերյանն էր, ով 1921թ. Գերմանիայում, դիմահար կրակոցով գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր մասնակից Թալեաթին, ով պետք է պատասխան տար 1,5 միլիոն անմեղ զոհերի համար, և նրանց այն տրվելիք ծիլերի, որոնք կարող էին այս մեկ դարի ընթացքում դառնալ գուցե 15 միլիոն՚, - ելույթի իր խոսքում նշեց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը:

Յուրա Հովհաննիսյան բարերարն արդեն 20 տարի ապրում է Սանկտ Պետերբուրգում, հենց նրա սեփական նախաձեռնությամբ ու ֆինանսական միջոցներով հայրենի Մարալիկում կանգնեցվեց Թեհլերյանի արձանը: ՙՍողոմոն Թեհլերյանի կիսանդրի շատ կա աշխարհում և Հայաստանում կանգնեցված, բայց արձան չկար: Հենց այդ պատճառով որոշեցինք արձանի տարբերակը: Ի սկզբանե նախատեսված էր խաչքար կանգնեցնել, բայց հետո ծնվեց այս հրաշալի գաղափարը՚, - ասում է բարերարը:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը համարեց, որ շատ տեղին էր այս արձանի բացումը: Նշեց, թե աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին հուշարձաններ են բացվում, սակայն այս մեկն առանձնակի է նրանով, որ արտահայտում է հայի պայքարի ոգին, ապա թե պետք լինի, Թեհլերյանի գործի շարունակողները նույնը կանեն նաև խաղաղ պայմաններում, սակայն, մարզպետը բոլորին խաղաղություն մաղթեց:
Միջոցառումը շարունակվեց հայրենասիրական երգ ու պարով, իսկ Մարալիկի ամպամած երկինքը զարդարում էր քաղավիացիայի ռազմական ինքնաթիռների գեղեցիկ շքերթը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: