Հայերեն   English   Русский  

Թուրքիան խափանել է Սերբական Հանրապետության նախագահի ինքնաթիռի թռիչքն իր տարածքով


  
դիտումներ: 588

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Երևան պետք է ժամաներ Սերբական Հանրապետության (պետական կազմավորում Բոսնիայի և Հերցոգովինայի կազմում) նախագահ Միլորադ Դոդիկը: Թուրքիան խափանել է Միլորադ Դոդիկին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով, գրում է PanARMENIAN.Net-ը` հղում անելով բոսնիական Nezavisne Novine պարբերականին:

Միլորադ Դոդիկի ինքնաթիռը թուրքական իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալու համար 2 ժամ սպասել է բուլղարական Բուրգասում:Պարբերականը նշել է, որ Թուրքիայի տարածքով թռիչքի թույլտվություն չստանալով, Սերբական Հանրապետության նախագահը վերադարձել է Բանյա Լուկա, թեև թռիչքը նախապես համաձայնեցված է եղել:

Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը Բանյա-Լուկա վերադառնալուն պես հայտարարություն է արել Թուրքիայի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: Ինչպես հայտնում է Nezavisne Novine գործակալությունը, նա հայտարարել է, որ ավելի մեծ զավեշտն այն է, որ թուրքական կողմը համաձայնություն է տվել միայն այն ժամանակ, երբ ինքնաիթռը վերադարձել է Բանյա-Լուկայի օդակայան:

Նա հրաժարվել է տեղի ունեցածին գնահատական տալ, սակայն նշել է, որ դա չի կարող ստվերել այն փաստը, որ 100 տարի առաջ թուրքերը սարսափելի հանցագործություն են իրականացրել քրիստոնյա հայերի հանդեպ: Նա հայտարարել է, որ Թուրքիան չի ուզում ճանաչել ցեղասպանությունը, մինչդեռ կարճ ժամանակահատվածում 1.5 միլիոն մարդկանց սպանությունը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն:

Նա պատմել է, որ մեկնում էր Երևան Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն Բուլղարիայի Բուրգաս քաղաքում իմացել են, որ Թուրքիան հրաժարվում է թռիչքի համար ուղի տրամադրել և առաջարկում է սպասել:

«Մենք 10:45-ից մինչև 15:00 սպասել ենք, իսկ հետո որոշեցինք վերադառնալ, քանի որ վրա էր հասնում մութն ու վատ եղանակը, իսկ մենք վստահ չէին, որ թույլտվություն կլինի»,- ասել է նա:

Իր հերթին նախագահի ինքնաթիռի հրամանատար Սրետենու Իլիչը հայտնել է, որ հայտը մի քանի օր առաջ են ներկայացրել և Հայաստանի կողմից ստացել են վայրէջք կատարելու թույլտվություն:

«Հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռը չի կարող մեկ չվերթով հասնել Երևան՝ մենք միջանկյալ վայչէջք են կատարել Բուրգասում, որից հետո լիցքավորվել ենք ու պատրաստվել թռիչիք դեպի Երևան: Բուլղարիայի օդային հաղորդակցության հսկողության մարմինները տեղեկություն ստացան, որ մենք Թուրքիայի տարածքով չենք կարող թռչել»,- պատմել է օդաչուն:

Նա նշել է, որ իրենք սպասել են չորս ժամ, և այդպես էլ որևէ բացատրություն չեն ստացել, թե ինչու չեն կարող թռչել Թուրքիայի տարածքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: