Հայերեն   English   Русский  

«Դոգմա»-ն մայիսի 23-ին մենահամերգով հանդես կգա Երևանում


  
դիտումներ: 55639

Մի շարք երաժշտական մրցանակների արժանացած, արդեն միջազգային ճանաչում ունեցող «Դոգմա» ռոք խումբը 2015 թ. մայիսի 23-ին մենահամերգով հանդես կգա «32 Թատրոնում»։

Համերգի ընթացքում խումբը կկատարի մի քանի նոր ստեղծագործություններ գալիք ալբոմից:

«Դոգմա» ռոք խմբի երաժշտությունը հայկական էթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալի տարրերի բացառիկ ու բարդ համակցություն է, որը լսողին կարող է հուժկու լեռնային լանդշաֆտից տեղափոխել արևի տակ ծփացող խաղաղ ծիրանիների այգի: «The Classic Rock Presents Prog» բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»։

«Դոգման» մասնակցել է բազմաթիվ հայտնի միջազգային փառատոնների։ Բոլորովին վերջերս խումբը մրցանակ է շահել «Ֆենիքս» կովկասյան երաժշտության մրցանակաբաշխության «Երաժշտության զարգացման համար» նոմինացիայում /Թբիլիսի/:

2010 թ.-ին խմբի մեներգչուհի Զառան հանրահայտ «Jethro Tull» խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնի կողմից հրավեր էր ստացել մասնակցելու վերջինիս երևանյան համերգին, որի ընթացքում նրանք միասին ներկայացրել էին մեկական երգ յուրաքանչյուրի երգացանկից: ««Դոգման» Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է: Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ: …Օ, լինել այսքան երիտասարդ...», -խմբի մասին ասել է Իեն Անդերսոնը:

«Դոգման» 2008 թվականին հիմնադրել են Հայաստանում բավականին հայտնի երկու երաժիշտներ` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենո Գրիգորյանը: 2007թ. դեկտեմբերին Վարդանին և Հենոյին միանում է երիտասարդ և հմայիչ, բոլորովին անհայտ մի երգչուհի` Զառա Գևորգյանը, իսկ շուտով նրանց է միանում մետալ երաժշտության ասպարեզում հայտնի երաժիշտ-թմբկահար Դերիկ Վարդումյանը: Այնուհետ 2014-ին՝ 6 տարվա միությունից հետո, Դերիկ Վարդումյանը որոշեց դադար վերցնել և ժամանակավորապես լքել ռոք ասպարեզը: Շատ շուտով Դոգման իր խումբ հրավիրեց Գոռ Ավետիսյանին՝ երիտասարդ տաղանդավոր թմբկահարի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: