Հայերեն   English   Русский  

Ավելի քան 3 մլն դրամի յուրացում «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում


  
դիտումներ: 763

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն օժտված է եղել կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով` իրավասու լինելով խորհրդի հաստատմանը ներկայացնել դպրոցի հաստիքացուցակը, իրականացնել մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը, նրանց աշխատանքի ընդունումն ու աշխատանքային պայմանագրի լուծումը, վերահսկողություն իրականացնել հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ, ապահովել ներքին աշխատանքային կարգապահության կանոնների պահպանումը։


Նախաքննությամբ հիմնավորվել է, որ օգտվելով իր այդ լիազորությունից` դպրոցի տնօրենը փաստացի աշխատանքի չներկայացած անձին հրամանագրել է, ում անունով ձևակերպված աշխատավարձը տարիներ շարունակ յուրացվել է։ Քննության տվյալներով՝ յուրացված գումարը կազմում է 3.491.851 դրամ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար, իսկ հրամանագրված կնոջ գործողությունները, ով աշխատանքի ընդունվելու համար ներկայացրել է իր փաստաթղթերը, փաստացի աշխատանքի չներկայանալով` աշխատավարձի ցուցակներում իր ազգանվան դիմաց ստորագրել, գնահահատվել է որպես յուրացման օժանդակություն։ Օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև դպրոցի հաշվապահին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: