Հայերեն   English   Русский  

ՍԻՄՈՆ ԶԱՎԱՐՅԱՆ


  
դիտումներ: 4326

Լոռու Այգեհատ գյուղը հետաքրքիր առանձնահատկություն ունի. այնտեղ միայն ազնվականներ են բնակվում՝ Զավարյաններ և Շահվերդյաններ: Բնակավայրը երկար ժամանակ ավերված ու լքված է եղել Լենկ-Թեմուրի արշավանքների հետևանքով, և միայն XVIII դարում է բնակեցվել:

Զավր աղայից սերել է Զավարյանների տոհմը, որի ակունքները գալիս են Արևմտյան Հայաստանի Կարսի մարզից:

1866 թ. Զավարյանների գերդաստանում ծնվում է Սիմոն Զավարյանը, որին բախտ էր վիճակված խոր հետք թողնելու հայ ժողովրդի պատմության մեջ:

Տարրական կրթությունը Այգեհատի ծխական դպրոցում ստանալուց հետո Սիմոն Զավարյանը, հազիվ 8 տարեկան, տեղափոխվում է Թիֆլիս և ուսում ստանում տեղի ռեալական դպրոցում:

Ռեալականն ավարտելուց հետո Սիմոն Զավարյանը տեղափոխվում է Մոսկվա, ընդունվում Պետրովսկայա գյուղատնտեսական ակադեմիան և 1890 թ. ավարտում գերազանցությամբ:

Ուսանողական տարիներին Զավարյանն ակտիվ հասարակական կյանք էր վարում: Նա կապեր էր հաստատել հայ և ռուս հեղափոխականների հետ, ռուսական «Նարոդնայա վոլյա» ընդհատակյա գաղտնի հեղափոխական կազմակերպության անդամ էր: Սերտ ու մտերիմ հարաբերություններ ուներ հատկապես Քրիստափոր Միքայելյանի, Ռոստոմի (Ստեփան Զորյան) հետ: Այս եռյակը Հայ հեղափոխական դաշնակցության հիմքը դրեց, կուսակցություն, որն արհավիրքի տարիներին իր ուսերին պիտի կրեր հայության առաջամարտիկի ծանր ու պատասխանատու դերը:

Առհասարակ պատմաբաններն ու ՀՅԴ գործիչները, բնութագրելով դաշնակցության հիմնադիրներին, գրում են, որ Քրիստափորը դաշնակցության միտքն էր, Ռոստոմը՝ կամքը, իսկ Սիմոն Զավարյանը՝ խիղճը:

Ժամանակակիցները նրա մասին խոսելիս հաճախ կես կատակ նշում էին, որ Սիմոն Զավարյանն աշխարհիկ սուրբ է. մաքուր ու անբիծ էր նա իր կենսագրությամբ, պայքարով, գործով, ծայրահեղ խնայող էր, ծայրահեղ ազնիվ, նվիրված:

Երեք ընկերները նախապես ծրագրել էին Հայաստանում գործող քաղաքական ուժերից ու շարժումներից ձևավորել մի ամրակուռ, ապակուսակցական մարմին՝ Հայ հեղափոխականների դաշնակցություն, որ կմիավորեր հայոց քաղաքական դաշտի ակտիվ ուժերին՝ լուծելու հայության առջև ծառացած խնդիրները: Սակայն, հասկանալով այդ ծրագրի անիրատես լինելը՝ լծվեցին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ստեղծման գործին:

1890 թ. Թիֆլիսում հիմնվեց ՀՅԴ-ն, և Սիմոն Զավարյանն ընտրվեց կուսակցության առաջին ղեկավար մարմնի` Կենտրոնական վարչության անդամ:

ՀՅԴ հիմնադիր համագումարից հետո Զավարյանն իր համերկրացի (ծնունդով Սանահին գյուղից) Հովսեփ Արղությանի հետ (Տաշո, Իշխան, Հայ Հեղափոխական դաշնակցության ականավոր գործիչ, ազգային ազատագրական շարժման մասնակից, ֆիդայի) անցավ Տրապիզոն` պաշտոնավարելու ազգային վարժարանում: Շուտով, սակայն, թուրքական կառավարությունը ձերբակալեց Զավարյանին ու Արղությանին որպես հեղափոխականների ու 4 տարվա ազատազրկման դատապարտեց: Ամիսներ անց, Ստամբուլում ռուսական դեսպանի միջամտությամբ, կալանավորները փոխադրվում են Ռուսաստան ու աքսորվում Բեսարաբիա: Բեսարաբիա էր աքսորված նաև ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափոր Միքայելյանը: Աքսորավայրում Քրիստափորն ու Զավարյանը ձեռնամուխ եղան ՀՅԴ ծրագրի պատրաստման աշխատանքներին: Այստեղ Զավարյանը ձեռք բերեց իր հեղափոխական ծածկանունները՝ Անտոն և Սմբատ Օհանյան:

1892 թ. Զավարյանն ու Քրիստափորն ազատվեցին աքսորից: Նրանք կազմակերպեցին ՀՅԴ առաջին Ընդհանուր ժողովն ու Ռոստոմի հետ միասին ձեռնամուխ եղան կուսակցության կանոնադրության մշակմանը:

Թիֆլիսում Սիմոն Զավարյանը պետական աշխատանքի անցավ որպես գյուղատնտես: Պաշտոնի բերումով նա հաճախ էր ճամփորդում Անդրկովկասում, հայաշատ գյուղական բնակավայրերում և օգտվելով առիթից՝ քարոզում ՀՅԴ գաղափարախոսությունն ու ժողովրդին պայքարի կոչ անում:

Բնականաբար, ոստիկանության ուշադրությունից դուրս չէր մնում Զավարյանի գործունեությունը: Նրան հաճախ էին ձերբակալում կամ հարցաքննության կանչում: Եվ նա գրեթե միշտ կարողանում էր խույս տալ, երբեմն՝ սուր մտքի և հումորի շնորհիվ: Մի անգամ նա ուղղակի հայտարարեց. «Պարոն դատավոր, ես չեմ թաքցնում, այո, խորապես հետաքրքրված եմ թուրքահայերի վիճակով և ձգտում եմ ամեն կերպ օգնել նրանց, լինի դրամով, ժողովրդավարությամբ, նույնիսկ` զենքով։ Ռուսաստանն ինքը պաշտոնապես իր վրա է առել արևելյան քրիստոնյաների հովանավորությունը` ընդդեմ թուրք և քուրդ բռնակալների։ Մի՞թե ինձ պիտի արգելվի օգնել նույն քրիստոնյաներին, որոնք իմ արյունակից եղբայրներն են»։

Քրիստափոր Միքայելյանի արտասահման մեկնելուց հետո Սիմոն Զավարյանը դարձավ ՀՅԴ կենտրոնական դեմքը Թիֆլիսում ու Բյուրոյում: Նա էր տեղում համակարգում դաշնակցության աշխատանքները:

1902-ից Սիմոն Զավարյանն Ակնունիի և Միքայել Վարանդյանի հետ Ժնևում համակարգում էր նաև դաշնակցության պաշտոնաթերթի՝ «Դրոշակի» աշխատանքները: Միաժամանակ սովորում էր Ժնևի համալսարանում որպես ազատ ունկնդիր:

1904 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարված ՀՅԴ երրորդ Ընդհանուր ժողովից հետո Բյուրոյի որոշմամբ Սիմոն Զավարյանն ու Խանասորի Վարդանն ուղևորվում են Կիլիկիա՝ այնտեղ ամրացնելու կուսակցության դիրքերը: Շուտով Զավարյանը Կիլիկիայից անցնում է Լիբանան, Բեյրութում ՀՅԴ ուսանողական միություն հիմնում, որ մինչ օրս գործում է և կրում է Զավարյանի անունը:

1905 թ. ռուսական հեղափոխությունը Զավարյանին կրկին Կովկաս է բերում: Նա դարձյալ հաստատվում է Թիֆլիսում, «Յառաջ» թերթի խմբագրակազմն է ղեկավարում ու գործունեություն ծավալում Հայաստանի տարածքում նույնպես:

1908 թ. Թուրքիայում երիտթուրքերի կուսակցությունը, աջակից ունենալով դաշնակցությանը, հեղափոխություն իրականացրեց երկրում, տապալեց սուլթանի իշխանությունն ու Թուրքիան հռչակեց հանրապետություն:

Կովկասում ցարական ինքնակալությունը հալածանքներ սկսեց դաշնակցական գործիչների նկատմամբ: Զավարյանը ստիպված էր Կ.Պոլիս անցնել:

1909 թ. Ադանայի կոտորածներից հետո նա կոչ էր անում կուսակցական ընկերներին զգուշությամբ մոտենալ հայ-թուրքական մերձեցման խրթին հարցին ու անվերապահորեն չհավատալ թուրքերի անկեղծությանը: Ավաղ, քչերն ականջ դրեցին Զավարյանին:

Գործունեության առաջին շրջանում Զավարյանը կողմնակից էր, որ հավասարաչափ պայքար տարվի հայերի, թուրքերի, քրդերի իրավունքների, ազատության համար, թուրքերի ու քրդերի շրջանում լուսավորություն տարածելու գնով նրանց քաղաքակիրթ դարձնել, բայց նա իր հայացքները կտրուկ փոխեց 1909 թ. դեպքերից հետո` հասկանալով, որ հայության միակ փրկությունը զինված ազգային-ազատագրական պայքարն է:

1909-1911 թթ. Սիմոն Զավարյանը Մուշում էր, Տարոնի դպրոցների ընդհանուր տեսուչն էր, միաժամանակ տեղի հայության հետ կուսակցական-գաղափարական աշխատանքներ էր տանում:

1911 թ. ՀՅԴ 6-րդ Ընդհանուր ժողովից հետո Սիմոն Զավարյանը մնաց Պոլսում որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ: Նա միաժամանակ ուսուցիչ էր աշխատում Եսայան վարժարանում ու իր գոյությունը պահում ստացած համեստ ռոճիկով:

Պոլիսը եղավ Սիմոն Զավարյանի վերջին հանգրվանը: 1913 թ. հոկտեմբերի 15-ին իր վարձած բնակարանից «Ազատամարտի» խմբագրություն գնալիս նա սրտի կաթված ստացավ ու մահացավ. 47 տարեկան հասակում: Նրա մահը սգացին ոչ միայն կուսակցական ընկերները, այլև ողջ հայությունը, քանզի Սիմոն Զավարյանը հայտնի էր որպես ազնվագույն, արդարադատ, անկաշառ, անաչառ գործիչ:

Պոլսահայությունը շուքով ճանապարհեց Զավարյանի դին: Նրա զմռսած մարմինը Թիֆլիս հասցրեց Սիամանթոն՝ Զավարյանի անդավաճան ու մտերիմ ընկերը:

Զավարյանի դին ամփոփվեց Խոջիվանքի գերեզմանատանը:

Հետագայում նրա աճյունը տեղափոխվեց հայրենի գյուղ և այժմ հանգչում է Այգեհատի գերեզմանատանը:

Սիմոն Զավարյանին դիպուկ է բնութագրել ՀՅԴ պատմաբան Միքայել Վարանդյանը. «Զավարյան աշխարհիկ սուրբեն է, Դաշնակցության սիրտն ու խիղճը։ Իր բծախնդրությամբ և խստապահանջությամբ, հատկապես` իր և իր աշխատակիցներուն հանդեպ, կը հանդիսանա դարբինը դաշնակցական տիպարի խստակրոնության և անսահման զոհաբերության։ Դաշնակցականը պարտավորություններ միայն պետք է ունենա, կ’ըսեր ան, իսկ փոխարենը՝ բարոյական բավարարությամբ պետք է գոհանա։ …Ուժեղ ու շքեղ անհատականություն մը, հպարտ իր բյուրեղյա մաքրությամբ, ճշմարտասեր և ճշմարտախոս ամեն պարագայում, անողոք՝ ցուցամոլության և կեղծության հանդեպ, ծայրայեղ և անզուսպ՝ իր բարկության պոռթկումներու մեջ, բայց և առհասարակ զիջող, ներողամիտ, հաշտարար։ Երբ կը զայրանար ու կը բռնկեր, ասես չարության մարմնացումն էր, բայց երբ կ’անցներ փոթորիկը, ձեր առջև կանգնած էր տարբեր մարդ մը՝ հիսուսյան մեղմութեամբ ու խոնարհութեամբ։ Գրոհ կու տար այս կամ այն ընկերոջ դեմ, կը խարաներ, կը դատափետեր ամենակծու մակդիրներով առանց երբեք հայհոյանք մը, անվայել բառ մը արտասանելու, բայց երբ կ’անցներ վիճաբանական տենդը, Սիմոն ինքը կը մոտենար իր հակաճառողին ու կը վերսկսեր հարաբերությունները»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: