Հայերեն   English   Русский  

Հայրենադարձության թեման մեր ժամանակակից գրականության մեջ տաբու դարձած էջերից է. Անուշ Ասլիբեկյան


  
դիտումներ: 2061

Պատանի հանդիսատեսի թատրոնում օրերս տեղի ունեցավ «Մերսեդես» ներկայացման պրեմիերան:Իրական պատմության հիման վրա ստեղծված պիեսը ցեղասպանությունը վերապրած երկու քույրերի մասին է, որոնց ճակատագրերը հենց սկզբում բաժանվում են. Մերսեդեսը մնում է իրենց ծննդավայր Սալոնիկում, իսկ Զարուհին որոշում է տեղափոխվել հայրենիք: Հայաստանում հայրենադարձ կինը անցնում է մեր նորագույն պատմության մռայլ փուլերով. Ստալինյան ռեպրեսիաներ, պատերազմ, լճացում , Ղարաբաղյան պատերազմ և 90-ականների ճգնաժամը:

Մի ամբողջ սերնդի կյանքը ներկայացնող այս պատմությունը ընդգրկված է Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մոյրաների նոթատետրից» ժողովածուում:

Ներկայացման ստեղծման պատմության և արծարծած խնդիրների մասին մենք զրուցեցինք հեղինակի հետ:

Անուշ, շնորհավորում եմ ներկայացման պրեմիերայի կապակցությամբ:

Ըստ քեզ` ի՞նչ նոր շունչ է բերում այս ներկայացումը դրա հիմքում ընկած պատմվածքին:

Ներկայացումը «Մերսեդես» պիեսի Հակոբ Ղազանչյանի հետաքրքիր մեկնաբանությունն է՝ ռեժիսորական նոր ու ինքնատիպ լուծումներով, սիմվոլների ու ալեգորիաների լեզվով, երկպլան ընթացող գործողությունների հերթագայումով։ Շնորհիվ Անտոն Քեշիշյանի բեմանկարչական հնարամիտ լուծման, բեմադրիչը հանդիսատեսի հետ խոսում է երկու զուգահեռ իրականությամբ՝ այն, ինչ կատարվում է թափանցիկ ետնապատից այն կողմ և հանդիսատեսին երևում է իբրև հիշողություն, նամակակագրություն, երազ՝ լուծված է զուտ պայմանական լեզվով, ուր գաղափարական ծանրությունն ընկած է Մերսեդես-Լարիսա Ղևոնդյանի վրա: Այն ինչ վարագույրից այս կողմ է, Զարուհու կյանքի ռեալ պատմությունն է՝ լուծված է ռեալիստական թատրոնի բանալիով, որը դերասանուհի Նորա Արմանին պատմում է զուսպ ու հոգեթով խաղաոճով, գերում հանդիսատեսի սրտերը։ Այս բեմադրության մեջ հնարավոր չէ տարանջատել սցենոգրաֆիան(նկարիչ՝ Անտոն Քեշիշյան), երաժշտությունը(կոմպոզիտոր Վահան Արծրունի), պարային-պլաստիկան(պարերի բեմադրիչ՝ Գագիկ Կարապետյան), գլխավոր և դրվագային դերակատարումները՝ պիեսից և բեմադրիչի մեկնաբանությունից։ Ներդաշնակ և համաձույլ թատերային սինթեզ է, որն էլ տվեց իր տրամաբանական արդյունքը՝ հանդիսատեսի անմիջական, ազնիվ ու կենդանի արձագանքը՝ թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում...Ինչը կարող է հեղինակի համար ավելի մեծ գնահատական լինել...

Ինչո՞ւ հենց այս պատմվածքդ որոշվեց բեմականացնել:

«Մերսեդես» ներկայացման պրեմիերան

Ներկայացումը նվիրված է Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին։ Երբ գրեթե պատրաստ էր իմ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որտեղ նաև զետեղված էր «Մերսեդես» պատմվածքս, պահանջ զգացի այս պատմվածքը պիեսի վերածելու, քանի որ կենդանի տեսնում էի կերպարներին, պատկերացնում էի գործողությունները բեմում։ Պիեսը տպագրվեց «Դրամատուրգիա» ամսագրում, և ես այն ցույց տվեցի մոտ տասը բեմադրիչի, Հակոբ Ղազանչյանը միանգամից արձագանքեց՝ առաջարկելով այն բեմադրել և իր բեմադրությունը նվիրել եղեռնից մազապուրծ տատի ու պապի հիշատակին և զարմանալի չէ, քանի որ պիեսը ցեղասպանության անմիջական հետևանքների մասին է, դրա պատճառով օտար ափերում հայտնված հայ ընտանիքի, որի երկու զավակների առաջ մի օր ծառանում է հետևյալ հարցը՝ մեկն՞լ Հայաստան, թե ոչ։

Դու ինքդ մասնակցե՞լ ես բեմադրման աշխատանքներին:

Ընթացիկ փորձերին ներկա չեմ եղել, երբ համաձայնություն ես տալիս բեմադրիչին, որպեսզի նա բեմադրի պիեսդ, նշանակում է, որ պետք է վստահություն ունենաս նրա հանդեպ։ Հակոբ Ղազանչյանն ինձ իհարկե հրավիրել է դիտելու փորձերը, սակայն ես փորձերին գնացի միայն այն ժամանակ, երբ արդեն գծագրված էր ներկայացման ողնաշարը և երբ արդեն Նորա Արմանին ժամանեց Միացյալ Նահանգներից՝ ներմուծվելով ներկայացման մեջ իբրև գլխավոր դերակատար։ Այդ մի քանի փորձերին բեմադրիչի հետ մեր համագործակցությունը բավական արդյունավետ էր, իբրև հեղինակ և թատերագետ, բնականաբար, ես իմ միջամտություններն ունեցա, այսպես ասած՝ վերջին շտկումներ, որոնց մեծ պատրաստակամությամբ ընդառաջեցին դերասաններն ու բեմադրիչը։

Ինձ հետաքրքիր է` ինչ է զգում հեղինակը, երբ իր գործը հանձնում է բեմադրիչին: Մտավախություն չկա՞, որ ինչ-որ մի բան գաղափարային կամ մատուցման իմաստով կփոխվի:

Յուրաքանչյուր դրամատուրգ պիես գրելիս պետք է նաև մտածի դրա բեմադրվելու մասին, դրամատուրգիայի պարագայում դա նաև գերխնդիր է՝ գրել այնպես, որ հնարավոր լինի բեմադրել, կենսունակ լինի թատերական պայմանականությունների պարագայում, քանի որ դրամատուրգիան զուտ ընթերցանության ժանր չէ, իսկ եթե տեղի ունեցավ այդ երանելի պահը, պետք է նաև կարողանաս ինչ-որ շրջան մի կողմ քաշվել, վստահել ռեժիսորին և թատերախմբին, չխանգարել նրանց ստեղծել քո ստեղծագործության իրենց վերապրումը։ Հետո միայն ինչ-որ էտապի միանալ նրանց աշխատանքին, կարողանալ համագործակցել նրանց հետ։ Պիեսդ առաջին անգամ փորձերին ես բեմում տեսնում և այդ օրը շատ ավելի սպասված ու անակնկալներով լի օր է, քան, գուցե նույնիսկ՝ պրեմիերայի օրը... Այդ օրը կամ սիրտդ հրճվանքիից ու գոհունակությունից բաբախում է, կամ՝ ոչ։ Իմ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված չորս ներկայացումների պարագայում, փառք Տիրոջը, դեռևս վայելք եմ զգացել։ Եվ դա զուտ բեմադրված լինելու ուրախությունը չէ, ես թատերագետ եմ ու լավ գիտեմ ստացված ու չստացված բեմադրությունների տարբերությունները։

Այս օրերին բավականին հաճախ են անդրադառնում Ցեղասպանության և դրա հետևանքների թեմային: Ի՞նչն է առանձնացնում այս ստեղծագործությունը նմանատիպ այլ գործերից:

«Մերսեդես» ներկայացման պրեմիերան

«Մերսեդեսը» ոչ թե ցեղասպանության, այլ դրա անմիջական հետևանքների մասին է մեր ժողովրդի հետագա կյանքի, ճակատագրի վրա։ Ներկայացումը նվիրում է ոչ իրենց կամքով օտար ափերում ծնված հայորդիների ու նրանց սերունդների հիշատակին։ Այն, ինչ պատմվում է «Մերսեդես» ում զուտ իրականություն է, իրական ճակատագրեր, և ոչ թե մեկ, այլ 40- ականների վերջին Հայաստան ներգաղթած բազմաթիվ հայ ընտանիքների իրար անչափ նման պատմությունների հավաքական պատկեր։ Շատերը, խափվելով կոմունիստ ագիտատորների խոսքին, թե Հայաստանում հացն անվճար է, իսկ առուներով կաթ ու մեղր է հոսում, եկել են Հայաստան ու բախվել բոլորովին այլ իրականության՝ ստալինյան բռնապետության, մտքի ու գործունեության անազատության, ռեպրեսիաների։ Չնայած դրան, նրանք մնացել են, կրել բոլոր չարչարանքները, հաղթահարել բոլոր դժվարությունները հանուն հայրենասիրության, հանուն իրենց գաղթական ծնողների հայրենիքի մասին երազանքների և օգնել են կառուցել նոր Հայաստան, նրանք շատ բան են զոհաբերել, սակայն չեն հանձնվել։

«Մերսեդեսում» ամեն ինչ բավական իրատեսական է, իմ անձնական ընկալմամբ` բավականին վատատեսական և քննադատական մոտեցում կա հայրենիքի նկատմամբ: Ներկայացման ինչ-որ պահի ես անգամ Հայաստան վերադառնալու «հակաքարոզչություն» զգացի: Ինչո՞վ ես դու դա պայմանավորում սա և խնդրում եմ ուղղիր ինձ, եթե սխալվում եմ:

«Մերսեդես» ներկայացման պրեմիերան

Մարդիկ, ովքեր անցել են այս մղձավանջով, բավական ճիշտ և միանշանակ են ընկալում ներկայացման ուղերձը, իսկ ովքեր ավելի երիտասարդ են, վատատեղյակ են այս պատմական իրողություններին, չեն ճանաչում այս մարդկանց ու նրանց սերունդներին, պարզունակ են ընկալում՝ փորձելով արվեստի ստեղծագործության մեջ գտնել քարոզչության կամ հակաքարոզչության տարր։ Այդ ժամանակների պատմությունը ես չեմ հորինել, ես միայն զգուշորեն թերթել եմ ու վերավավերագրել։ Եվ պետք է ասել, որ այս ցավոտ թեման մեր ժամանակակից գրականության մեջ գրեթե տաբու դարձած և հետևաբար՝ բաց էջերից է, որին չեն համարձակվում մոտենալ ո՛չ միայն գրողները, այլև բեմադրիչները, քանի որ խոսքն, ամեն դեպքում, գնում է մեր ազգի մասին՝ դրսում ծնված, թե այստեղ՝ Հայաստանում։ Ներգաղթյալներին ընդունելու հարցը մեր պատմության ցավագին խնդիրներից է, արդյո՞ք մենք կարողանում ենք մեր հայրենակիցներին ըստ արժանվույն, եղբայրաբար և գրկաբաց ընդունել, թե միայն դեկլարատիվ տեքստեր ենք հնչեցնում այս մասին բարձր ամբիոններից։ Հիմա էլ, ցավոք, շատ բան չի փոխվել, բոլորովին վերջերս Սիրիայի պատերազմից մազապուրծ հայերից շատերն ինչպես եկան Հայաստան, այնպես էլ լքեցին այն, քանի որ դարձյալ մեր իշխանությունները չկարողացան տարրական աշխատանքային և այլ պայմաններ ստեղծել նրանց գոյատևման և հայրենիքում հաստատվելու համար։ Պիեսիս ուղերձը միմիայն հայրենասիրությունն է՝ մաքուր, անաղարտ, ժամանակից ու տարածությունից անդին հայրենասիրությունը, քարոզչություն-հակաքարոզչություն կատեգորիաներից դուրս, որը կրկնակի եմ հավաստում իմ պիեսում՝ թե՛ Մերսեդեսի կյանքի նվիրումով, թե՛ Զարուհու, քանի որ հայրենասեր էր թե՛Զարուհին, ով որոշեց իր կյանքը շարունակել Սովետական Հայաստանում, թե՛ նույնիսկ Մերսեդեսը, ով համարձակություն չունեցավ լքելու հանգամանքների բերումով իր ծննդավայր դարձած Սալոնիկը, սակայն ամբողջ կյանքով ապացուցեց իր անանձնական հայրենասիրությունը՝ մինչև կյանքի վերջը պահելով քրոջ ընտանիքը Հայաստանում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը խորությամբ է ընկալել ասելիքս, շեշտադրել այն, իսկ երկու քույրիկների դերակատարներ Լարիսա Ղևոնդյանն ու Նորա Արմանին իրենց հուզական ու հոգեթով խաղով պարզապես երկրորդել են իմ ու բեմադրիչի գաղափարը։ Ներկայացման դերաբաշխումն ուղղակի անթերի է՝ ամենադրվագային դերերից մինչև առաջնայինը համոզիչ ու պրոֆեսիոնալ են թատրոնի երիտասարդ դերասանները։ Այս է փաստում ներկայացման թողած էմոցիոնալ ազդեցությունը հանդիսատեսի վրա, ովքեր այս էլ չորրորդ անգամ իրենց անկեղծ ու անմիջական, հոտնկայս չդադարող ծափերով գնահատեցին մեր աշխատանքը և ստիպեցին, որ նույնիսկ գլխավոր դերակատարուհի Նորա Արմանիի մեկնելուց հետո էլ ներկայացումը շարունակի իր բեմական կյանքը։

Հ.Գ. «Մերսեդեսն» արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում է, և հանդիսատեսը արդեն մայիսի 16-ին հնարավորություն կստանա այն դիտելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: