Հայերեն   English   Русский  

​«Ես հաշտվել եմ, որ արդարություն չկա, բայց Աշոտը դեռ հավատում է»


  
դիտումներ: 1482

«30 տարվա մանկավարժ եմ, բայց արդեն իմ գործին չեմ հավատում, հետաքրքրություն չեմ տածում իմ աշխատանքի նկատմամբ, պարզապես պարտականություն եմ կատարում, ընդամենը գործիք եմ, որ մեխանիկորեն ազնվություն է քարոզում: Ինչպե՞ս հավատամ, եթե ես իմ աշակերտին մի բան եմ ասում, բայց տեսնում եմ լրիվ ուրիշ իրականություն»,- ասում է տիկին Ալմաստը` դատապարտյալ Աշոտ Հակոբյանի կինը:

Նրան այդ հոռետեսությանն է հասցրել ամուսնու դատավճիռը, որի հետևանքով վերջինս արդեն 5 տարի է` պատիժ է կրում կալանավայրում:

2011 թ. դեկտեմբերի 29-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Աշոտ Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով (խարդախություն, փաստաթղթերի կեղծում, խոշոր չափերի հասնող գումարների հափշտակություն)` դատապարտելով 11 տարվա ազատազրկման:

Քրեական գործի մանրամասների մեջ խորանալով` միանգամից հասկանում ես, որ պատմությունն ավելի քան բարդ ու խճճված է, իսկ գլխավոր հերոսը` հաշվապահը, բավականին հմուտ խարդախ է:

Ֆինանսական խարդախությունների կծիկը հյուսված է «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին պատկանող դեղատան շուրջը, որի ամենախոշոր` մոտ 50 տոկոսի բաժնետերը ազգությամբ հրեա Իգոր Մանդելն է` Աշոտ Հակոբյանի ընկերը:

Աշոտն իր իսկ ճակատագրական սխալի զոհն է, քանի որ ինքն է միջնորդել, որ դեղատունն աշխատանքի վերցնի կնոջ` տիկին Ալմաստի մորաքրոջ տղային` Վոլոդյա Վարդանյանին, որն էլ այս պատմության գլխավոր հերոսն է` հաշվապահը:

Մի գեղեցիկ օր, երբ որոշվում է դեղատան տարածքի մի մասը վարձակալական հիմունքներով տրամադրել հարակից բանկին, ի հայտ են գալիս հաշվապահի` միանգամից հարստանալու ձգտումները, որին քրեական գործով մեղսակից է համարվում նաև Աշոտ Հակոբյանը:

Քրգործում Աշոտ Հակոբյանի մեղքը նկարագրված է հետևյալ կերպ. «2007 թվականի մայիս ամսին նա համաձայնության է եկել ծանոթի՝ թվով 20 անձանց կողմից հիմնադրված «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի հիմանդիրներից մեկի, ընկերության բաժնեմասի 50,4 տոկոսի մասնակցի և տնօրենի՝ Իգոր Արոնի Մանդելի հետ՝ հափշտակելու «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ին պատկանող գումարները, որոնք պետք է գոյանային «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ Շենգավիթի մասնաճյուղին Երևանի Բագրատունյաց 14 հասցեում գտնվող, ընկերության սեփականությունը հանդիսացող տարածքի մի մասը վարձակալությամբ հանձնելու միջոցներից։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու համար Իգոր Մանդելի հետ որոշել են այդ գործին մասնակից դարձնել տնտեսագիտության բնագավառում համապատասխան գիտելիքներ ունեցող, «Եվրոֆինանս» և «Իրավագարանտ» ՍՊԸ-ների հիմնադիր-տնօրեն Վոլոդյա Թորգոմի Վարդանյանին, որի հետ այդ առումով եկել են հանցավոր համաձայնության ու նպատակադրվել ընկերության բաժնետերերին ներկայացնել, որ բանկին տրվելիք տարածքի վարձակալության ամսական չափը կազմելու է 700.000 ՀՀ դրամ` իրական 2.450.000 ՀՀ դրամի փոխարեն»։

Այնուհետև, ըստ քրգործի պատմության, բաժնետերերի անունից կեղծ ստորագրություններով փաստաթղթով Իգոր Մանդելը «Շենգավիթ-Ա» ՍՊ ընկերության անունից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հետ կնքում է վարկային և անշարժ գույքի գրավի մասին պայմանագրեր և 193.407.000 ՀՀ դրամ գումարի նպատակային վարկ վերցնում:

Նպատակային վարկի գումարներից 176.000.000 ՀՀ դրամը «Շենգավիթ-Ա» ՍՊԸ անվամբ ընթացիկ հաշվից փոխանցվում է «Եվրոֆինանս» ՍՊԸ-ի հաշվին, որի տնօրենն է դեղատան հաշվապահը` Վոլոդյան։

2008 թ. ապրիլի 24-ին Վոլոդյան, կանխիկացնելով դեղատան հաշվեհամարին նստած մոտ 160 միլիոն դրամը, անհետանում է:

Քրեական գործ է հարուցվում և Վոլոդյա Վարդանյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Նույն քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվում են նաև Իգոր Մանդելն ու Աշոտ Հակոբյանը: Սակայն այսօր կալանավորված է և պատիժ է կրում միայն Աշոտ Հակոբյանը: «Մորաքրոջս տղան մինչև հիմա էլ համարվում է անհետ կորած, բայց դե մենք ունենք ընդհանուր բարեկամներ, բնական է, որ մեզ տեղեկություններ հասնում են, որ նա ողջ է, մեկ Ուկրաինայում են տեսնում, մեկ Հունաստանում, իր ընտանիքի հետ կապ ունի և այլն»,- ասում է տիկին Ալմաստը:

Ինչ վերաբերում է Իգոր Մանդելին, ապա հաշվի առնելով, որ նա իր կողմից կատարված հանցագործությունների հետևանքով վնաս է հասցրել այն ընկերությանը, որի կեսից ավելի բաժնեմասի սեփականատերն է, որևէ գումար կամ հատուցում իր արարքների արդյունքում չի ստացել, վատառողջ է` 3-րդ խմբի հաշմանդամ է, տառապում է մի շարք հիվանդություններով, նախկինում դատված չի եղել, 70 տարեկան է, հաշվի առնելով նաև ամբաստանյալ Ի. Մանդելի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` դատարանը որոշել է, որ նրա կողմից կատարված հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը նվազել է և նրա ուղղվելը հնարավոր է նաև առանց ազատազրկման:

Տիկին Ալմաստն ասում է, որ Իգոր Մանդելը խուսափել է պատասխանատվությունից, քանի որ 35 հազար դոլար է տվել համապատասխան մարմիններին, ինչը, ցավոք, այսօր հնարավոր չէ ապացուցել: Չնայած նա ազատվել է, բայց մյուս բաժնետերերը պայքարում են, որ նա պատասխանատվության ենթարկվի. «Էդ պատերազմը դեռ գնում է, դատական պրոցեսները գնում են»:

Ինչո՞ւ կուժն ու կուլան կոտրվեց Աշոտ Հակոբյանի գլխին: Կա մի հանգամանք, որը թերևս ամենից շատ է վնասել նրան: Ինչպես պատմում է տիկին Ալմաստը, մի օր Իգոր Մանդելն իր աղջկան ու Աշոտին լիազորագիր է տալիս, որ կարողանան «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ի հաշվեհամարից գումար վերցնել և գնել նոր տարածք դեղատան համար, քանի որ այդ դեղատան տարածքը խոնավ էր: «Քանի որ իմ ամուսինն ընդհանրապես սեփականություն չուներ, մեր Էրեբունու բնակարանն էլ իր ծնողների անունով էր, Իգորն առաջարկեց, որ դեղատան նոր տարածքը ձևակերպվի Աշոտի անունով: Մենք հետագայում նոր սկսեցինք մտածել, թե ինչու ոչ իր անունով կամ ոչ իր աղջկա անունով»:

Առաջին ցուցմունքի ժամանակ Մանդելն ասել է, որ իր գիտությամբ են Աշոտն ու իր աղջիկը գումարը հանել հաշվեհամարից, իր գիտությամբ է Աշոտը դեղատան տարածքը գնել: Հետո, երբ իր հարցերը լուծեց, ցուցմունքը փոխեց, գրեց, որ ինքը տեղյակ չէ, չգիտի, թե երբ է այդ գումարը հանվել: Կամաց-կամաց ցուցմունքները փոխելով` գործն իրենց վրայից գցեցին, ամբողջը մնաց Վոլոդյայի և Աշոտի վրա, Վոլոդյան էլ չկա, մնաց Աշոտի վրա»:

Այդ տարածքը պետության կողմից բռնագրավվել է, սակայն զարմանալին այն է, որ մինչ օրս չի հանվել աճուրդի և որպես փոխհատուցում չի տրվել դեղատան տուժած բաժնետերերին:

Տիկին Ալմաստը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչպես եղավ, որ ամուսինը, չլինելով այդ ՍՊԸ-ի աշխատող, որևէ փաստաթղթի տակ ստորագրած չլինելով, հավասարապես մեղավոր ճանաչվեց ու խառնվեց այս մութ գործին:

«Ամուսնուս ասացին` բեր այդ գումարը փակի, ազատվի, բայց նա որտեղի՞ց բերեր: Երբ նրան կալանավորել էին, ես գնացի դատախազի մոտ, ասացի` եկեք մեր տուն, մեր ապրելակերպը տեսեք և կհասկանաք, որ մենք նման գումարների հետ կապ չունենք: Տղաս համակարգի աշխատող է, ես մանկավարժ եմ, հարսս մանկավարժ է, աղջիկս մանկավարժ է: Եթե մենք ամբողջ կյանքում աշխատենք, չուտենք-չխմենք, այդ գումարի մեկ հարյուրերորդական մասն էլ չենք կարող փակել: Ասում եմ` նա, ով այդ գումարներից տեղյակ է, փախել է, նրան գտեք: Դատախազն ասում է`թող ամուսինդ էլ խելոք լիներ, նա էլ փախչեր, մի 15 տարի հետո ամեն ինչ կջրվեր կգնար»:

Տիկին Ալմաստին մի բան էլ է զարմացնում. ինչպե՞ս ոստիկանությունը չի կարողանում գտնել Վոլոդյային: Կարծում է, որ եթե իսկապես ցանկանան, ապա ընդամենը 3 օր Վոլոդյայի տղաների հեռախոսահամարները կգաղտնալսեն ու կիմանան:

Այս ողջ ընթացքում պետական աշխատավարձով, ծայրը ծայրին հասցնող ընտանիքը 2 փաստաբան է վարձել` հավատալով, որ նրանց կհաջողվի արդարացնել Աշոտին, բայց արդեն 1 տարի է` հրաժարվել է նրանց ծառայություններից: «4 տարի շարունակ ամեն ամիս նրանց 150 000 դրամ ենք վճարել, բայց որևէ արդյունք չկա: Վերջապես հասկացանք, որ անիմաստ է»:

Տիկին Ալմաստը շատ է մտահոգված ամուսնու առողջության համար: Ասում է` Աշոտը շատ ծանր հոգեկան ապրումների մեջ է. «Ամեն անգամ տեսակցության գնալիս ասում եմ` Աշոտ, նայիր շուրջդ, անարդար դատվածներ շատ կան, բայց համակերպվել են, որ եթե փող չունեն, ուրեմն չունեն նաև ճշմարտություն, պետք է կրեն պատիժը: Բայց Աշոտը չի կարողանում հաշտվել անարդար վճռի հետ, անդադար գրում ու գրում է, պայքարում է, բայց որ արդյունքի չի հասնում, ավելի ծանր է տանում»:

Ասում է, որ եթե ամուսինն ընդունի մեղքը, հնարավոր է, որ համաներման դեպքում ազատվի: Սակայն նա դրա մասին լսել անգամ չի ուզում. «Ասում եմ` Աշոտ, քո ընտանիքը, հարազատները գիտենք, որ դու մեղավոր չես, բայց ասա դա, որպեսզի հնարավորություն ունենաս ազատվելու, ախր թոռնիկներդ մեծանում են, չես տեսնում, ծնողներդ արդեն ծեր են, 5 տարի հետո ի՞նչ գիտենք` ինչ կլինի, ասում է` ոչ, ես մեղավոր չեմ, ինչպե՞ս ասեմ` մեղավոր եմ»:

Աշոտ Հակոբյանը տարվա մեջ հարազատներին տեսնելու հնարավորություն ունի ընդամենը 3 անգամ: Կինն անհանգստանում է:«Ինքը կյանքով լեցուն, շարժուն մարդ է ու հանկարծ ամբողջ օրը` 4 պատերի մեջ: Օրական 1 ժամով կարող է իջնել սպորտդահլիճ, եթե տրամադրություն ունենա: Ես մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ` որ չխելագարվի, լավ է: Առողջական վիճակն էլ է շատ վատ` բարձր ճնշում, երիկամների խնդիր, հիմա էլ գրիժա է ստացել: Գիտե՞ք ամենացավալին որն է. ես հաշտվել եմ, որ չկա արդարություն, բայց Աշոտը դեռ հավատում է, գոռում-ճչում է` ո՞նց կարող է պատահի, որ ճշմարտություն չլինի: Նա համառորեն հավատում է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: