Հայերեն   English   Русский  

Հայաստանի Հանրապետություն


  
դիտումներ: 2928

1917 թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում իրադրությունը կտրուկ փոխվեց: Այստեղ իրավիճակը ծայրաստիճան լարված էր: Անդրկովկասյան ժողովուրդները չընդունեցին նոր ստեղծված խորհրդային կարգերը: Իրավիճակը խիստ սրվեց հատկապես այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մեծ խմբերով լքեցին թուրքական ճակատը` այդպիսով երկրամասի դռները բացելով թուրք ջարդարարների առաջ:

Ստեղծված իրավիճակում Անդրկովկասյան ժողովուրդների առաջնորդները և քաղաքական կուսակցությունները` Ադրբեջանի Մուսաֆաթը, վրաց մենշևիկները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, խորհրդակցություն հրավիրեցին և որոշում ընդունեցին` ստեղծել Անդրկովկասյան միասնական պետություն` Անդրկովկասյան Սեյմը: Շուտով Սեյմում մեծամասնություն կազմող վրաց մենշևիկներն ու Ադրբեջանի մուսաֆաթականները, տեղի տալով Թուրքիայի ճնշումներին, Սեյմը հռչակեցին Ռուսաստանից անկախ հանրապետություն: Սա ավելի կազմալուծեց հայկական ճակատն ու արձակեց թուրքերի ձեռքերը:

Թուրքական մեծ բանակի դեմ մնացին միայն հայկական նոր կազմավորվող նոսր զորամիավորումները: Չնայած հայերի համառ դիմադրությանը` թուրքերին հաջողվեց կոտրել դիմադրությունն ու մտնել Անդրկովկասի խորքերը` Արարատյան ու Շիրակի դաշտավայրեր: Թուրքական բանակն այստեղ բաժանվեց երկու մասի: Մի մասը նպատակ էր դրել Լոռու վրայով արշավել Թիֆլիսի ուղղությամբ, մյուս մասը, գրավելով Երևանը, պիտի արշավեր Բաքու: Երևանի վրա թուրքերը գրոհեցին երկու ուղղությամբ` Արարատյան դաշտով դեպի Սարդարապատ և հյուսիսից` Բաշ- Ապարանով:

Այս օրհասական պահին Արարատյան երկրի դիկտատոր Արամ Մանուկյանը, ի մի բերելով հայկական կազմալուծված զորամիավորումները, կարողացավ ժողովրդական զանգվածների աջակցությամբ ճակատ կազմել և Սարդարապատում ու Բաշ- Ապարանում կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումն ու պարտության մատնել` ստիպելով փախուստի դիմել: Միաժամանակ Ղարաքիլիսայում հայկական աշխարհազորը համառ մարտերի արդյունքում կարողացավ կոտրել դեպի Թիֆլիս արշավող թուրքական բանակի թափը:

1918 թ. մայիսի 26-ին Վրաստանը, 27-ին` Ադրբեջանը, 28-ին` Հայաստանը հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի անկախությունը, ըստ երևույթին, պարտադրված էր: Երկիրը պատրաստ չէր և անկարող էր նման պայմաններում գոյատևել: Հայաստանում մոլեգնում էին սովը, համաճարակները, երկիրը լի էր փախստականներով, կազմալուծված էր ողջ տնտեսությունը:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ընդամենը 12 հազար քկմ տարածքի վրա:

Անկախության հռչակումից շատ չանցած` ՀՀ կառավարությունը Բաթումում բանակցությունների նստեց Թուրքիայի ներկայացուցիչների հետ: 1918 թ. հունիսի 4-ին Թուրքիան առաջինը պաշտոնապես ճանաչեց ՀՀ անկախությունը:

Թիֆլիսում կազմավորվեց ՀՀ առաջին կառավարությունը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Կառավարության կազմի մեջ մտան նաև Ալեքսանդր Խատիսյանը` արտաքին գործերի նախարար, Խաչատուր Կարճիկյանը` ելևմտային, Արամ Մանուկյանը` ներքին գործերի, Հովհաննես Հախվերդյանը` զինվորական և այլն…

Հուլիսի 17-ին կառավարությունը գնացքով ժամանեց Երևան:

Այսպիսով, չնայած քաղաքական ծանր պայմաններին, համարյա 900 տարի պետականության կորստից հետո այս փոքրիկ հողակտորի վրա վեր հառնեց հայկական առաջին հանրապետությունը:

Ժամանելով Երևան` կառավարությունն անմիջապես գործի լծվեց: Ստեղծվեց խորհրդարան, որ իր առաջին նիստը գումարեց 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբում:

Հաստատվեցին հայոց պետության խորհրդանիշները` կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, գերբը և պետական օրհներգը` Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» Կանաչյանի երաժշտությամբ:

Հայաստանի կառավարությունը ծանր պայմաններում էր աշխատում: Երկրում կային մոտ կես միլիոն անօթևան փախստականներ, չէր բավարարում պարենը: Խոլերան, բծավոր տիֆը ուղղակի հնձում էին: Բծավոր տիֆի զոհ դարձավ նաև Արամ Մանուկյանը:

Առաջնային էր հատկապես բնակչության պարենավորման հարցը. երկարատև առճակատումը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դեռ չէր ավարտվել, Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ մտավ նաև հյուսիսային հարևանի` Վրաստանի դեմ: Վրացիները զավթել էին Լոռին, և երբ դիվանագիտական միջոցները սպառվեցին, Հայաստանի կառավարությունը հանձնարարեց զորավար Դրոյին մաքրել Լոռին վրացիներից: Դրոն հայ աշխարհազորի աջակցությամբ պատվով կատարեց հանձնարարությունը:

Շուտով Եռյակ միության պարտության արդյունքում թուրքական զորքերը ստիպված էին հեռանալ Անդրկովկասից, և Հայաստանի Հանրապետությանը միացան Կարսի, Սուրմալուի մարզերը:

1919 թ. մայիսին ՀՀ զորքերն ազատագրեցին նաև Նախիջևան քաղաքը:

ՀՀ տարածքն այդ ժամանակ կազմում էր 65 հազար քկմ և բաժանված էր տասը վարչական միավորների` գավառների: 1919 թ. դեկտեմբերին հայերենը ՀՀ տարածքում հայտարարվեց միակ պետական լեզու: Բացվեց Երևանի ռադիոկայանը, Հայաստանում բացվեցին 430 տարրական, 20 միջնակարգ դպրոցներ: 1919 թ. հուլիսի 15-ին Գյումրիում բացվեց Հայաստանի համալսարանը, ապա` Հանրային գրադարանը: Բացվեցին երաժշտական, մանկավարժական, թատերական, պրոֆտեխնիկական ուսումնարաններ: Վահան Չերազի ջանքերով ստեղծվեց մարզա-սկաուտական շարժումը, որ աջակցություն գտավ կառավարության կողմից:

Շուտով կառավարությունը ձեռնամուխ եղավ պետականության մյուս բաղադրիչի` ազգային տարադրամի թողարկմանը, որ ձեռնարկվեց 1919 թ.: Հայկական ռուբլին բնակչության մեջ ավելի շատ հայտնի էր «Ճախարակ» անվամբ:

Երբ ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին օգնություն խնդրելու առիթով ճամփորդության մեկնեց Արևմուտք` ՀՀ վարչապետ ընտրվեց ճանաչված քաղաքագետ Ալեքսանդր Խատիսյանը: Հետագայում նրան փոխարինեց Համո Օհանջանյանը, ապա` Սիմոն Վրացյանը:

Երկրում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու իրավունք ստացան նաև կանայք: Նորակազմ խորհրդարանը բազմակուսակցական էր ու բազմազգ: Գերակշռողը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներն էին, որոնք էլ կազմեցին նոր կառավարությունը:

Հայաստանը դիվանագիտական և տնտեսական կապեր էր հաստատել շատ երկրների հետ: ՀՀ-ն արդեն ճանաչված և կայացած պետություն էր և հաղթահարել էր նախնական դժվարությունները, երկիրը բռնել էր զարգացման ուղին: Սակայն վրա հասավ աղետը: Այս անգամ թշնամին ներսից էր` կարծես աննկատելի երկիր թափանցած բոլշևիզմը: Հատկանշական է, որ հայ բոլշևիկներն իրենց գործողություններում խտրականություն չէին դնում և հիմնականում կառավարվում էին Բաքվից:

Հայ բոլշևիկները 1920 թ. մայիսին, օգտվելով երկրում ծանր սոցիալական իրավիճակից, ապստամբություն բարձրացրին: Պետք է նշել, որ բոլշևիկյան գաղափարախոսությունը Հայաստանում խոր արմատներ չուներ, և բոլշևիկները չէին վայելում ժողովրդի համակրանքը: Նրանք առաջնորդվում էին իրենց նեղ անձնական շահերով և Բաքվի ու Մոսկվայի ցուցումներով:

Ապստամբության կենտրոնը Ալեքսանդրապոլն (Գյումրի) էր, որտեղ բոլշևիկները գրավեցին «Վարդան զորավար» զրահագնացը: Ապստամբներին հաջողվեց նաև գրավել մի քանի բնակավայրեր, բայց դրանով ամեն ինչ ավարտվեց: Չստանալով համաժողովրդական աջակցություն` բոլշևիկներն անգամ չգիտեին ինչ անել և ինչպես շարունակել պայքարը:

Պետք է նշել, որ այս ապստամբությունը շատ անպատեհ էր և մեծ հարված հասցրեց երկրին: Ուժեղանում էր արտաքին ճնշումը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, և ծանր էր իրադրությունը մանավանդ Արցախում, որտեղ ժողովուրդը օրհասական պայքար էր մղում Ադրբեջանի դեմ: ՀՀ կառավարությունն արդեն վճռական քայլեր էր ձեռնարկում Արցախի պաշտպանության ուղղությամբ, սակայն բոլշևիկների ապստամբությունը կասեցրեց դեպի Արցախ արշավող հայոց զորաբանակի ընթացքը:

Բոլշևիկյան խռովությունը ճնշվեց: Սակայն այս իրադարձությունը բարոյալքեց հայկական բանակն ու հայ ժողովրդին: Ապստամբության պարտությունից հետո բոլշևիկները չդադարեցրին իրենց ազգակործան գործունեությունը և քայքայիչ աշխատանք տարան հայոց զորքի թիկունքում` հող նախապատրաստելով հետագայում Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավանքների համար:

1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում Անտանտի երկրների և Թուրքիայի միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Այս պայմանագիրը հայ ժողովրդի կյանքում երբևէ կնքված ամենանպաստավոր պայմանագիրն էր: Սևրի պայմանագրով Հայաստանի Հանրապետությանն էր վերադարձվում պատմական հայրենիքի մեծ մասը: Հայաստանն ունենում էր մոտ 180 հազար քկմ տարածք և ելք դեպի Սև ծով:

Թվում էր` ամեն ինչ իդեալական է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Բայց վրա հասավ թուրք-բոլշևիկյան օրհասը:

1920 թ. սեպտեմբերին սկսվում է հայ-թուրքական պատերազմը: Հայաստանը բոլոր կողմերից ակցանի մեջ էր առնված: Հյուսիսում լարված էին հարաբերությունները Վրաստանի Հանրապետության հետ, որ օգտվելով ՀՀ լարված ու անկայուն իրավիճակից` բռնակցել էր Լոռու չեզոք գոտին: Հայաստանը փաստացի պատերազմի մեջ էր Ադրբեջանի դեմ, որ հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ: Թուրքիան արդեն բացահայտ պատերազմ էր սկսել ՀՀ-ի դեմ, իսկ Ռուսաստանը ոչ միայն դիվանագիտական ճնշումներ էր գործադրում Հայաստանի նկատմամբ, այլև բացահայտ աջակցում էր թուրքերին ու ադրբեջանցիներին` պարենավորելով և զինելով նրանց: Այս իրավիճակում օրհասական պատերազմի մեջ գտնվող հայկական բանակը թիկունքից կազմալուծում ու քայքայում էին հայ բոլշևիկները` փաստորեն դավաճանելով սեփական ժողովրդին ու պետությանը և օգնելով հայասպան թշնամիներին:

Թուրքական զորքերն արագ առաջընթացով կարողացան գրավել Կարսի մարզը, Գյումրին և կրկին սպառնալիք ստեղծեցին Երևանի և Արարատյան դաշտավայրի հայության համար: Մյուս կողմից` հայ բոլշևիկների առաջնորդությամբ Իջևանի տարածքով Հայաստան ներխուժեց ռուսական Կարմիր բանակը:

ՀՀ կառավարությանն այլ ելք չէր մնում, քան հրաժարական տալ: 1920 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վայր դրեց իր լիազորություններն ու երկրում հաստատվեց ռուս-բոլշևիկյան բռնապետությունը:

ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: