Հայերեն   English   Русский  

​Գաբրիել Ղազարյանն ամփոփեց իր պաշտոնավորման մեկ տարին


  
դիտումներ: 1308

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին և ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների վիճակագրական որոշ տվյալներ:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական ֆեդերացիաներին ամեն տարի հատկացվել է 929,967 դրամի չափով ֆինանսավորում (2014-ին պետական աջակցության ծրագրում ընդգրկված են եղել 30 մարզական ազգային ֆեդերացիաներ, 2015-ին ավելացել է ևս 2 ֆեդերացիա), ինչի շնորհիվ անցկացվել են Հայաստանի Հանրապետության 132 առաջնություններ, կազմակերպվել են 180 ուսումնամարզական հավաքներ, ՀՀ հավաքական թիմերը մասնակցել են 198 միջազգային մրցումների:

Հաշվետու ժամանակահատվածում 13 մարզաձևերի հավաքական թիմի անդամներն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են ընդհանուր հաշվարկով 145 մեդալ, այդ թվում՝ 40 ոսկե, 48 արծաթե և 57 բրոնզե: Կարևոր է առանձնացնել Նանջիգում կայացած պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերը, որտեղ փայլուն հանդես եկան մեր հավաքականի մարզիկները:

Նախարարությունը հատկապես կարևորում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչության ու մասսայականացման խնդիրները: Այդ նպատակով անցյալ տարվա աշնանն Ազատության հրապարակում անցկացվեցին տարբեր մարզաձևերի ցուցադրական մրցումներ: Իրականացվում են անվանի չեմպիոնների այցելությունները հանրակրթական դպրոցներ, որտեղ նրանք իրենց մարզական ուղին են ներկայացնում աշակերտներին, օգնում նրանց սպորտային նախասիրությունները կյանքի կոչելու հարցում:

Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի կողմից 2014-ի մայիսի 30-ին ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում ստորագրվել է «ԱՊՀ ազգային մարզաձևերի աջակցության ու զարգացման մինչև 2020-ն ընկած ժամանակամիջոցի ծրագրի և դրա իրականացմանն ուղղված 2015-2017 թթ. միջոցառումների պլանը»։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ազգային մարզաձև կոխ ըմբշամարտը, որը մոռացության էր մատնված:

Վարչության աշխատակիցները «Կոխ ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նորընտիր ղեկավարության հետ համատեղ մշակել են Հայաստանի Հանրապետությունում ազգային կոխ ըմբշամարտի հետագա զարգացման ու տարածման ծրագիր:

Հունիսի 12-28-ը Բաքու քաղաքում անցկացվելու են եվրոպական առաջին խաղերը։ Մրցանակակիրներին խրախուսելու նպատակով ներկայումս մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. մայիսի 29-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» թիվ 462 որոշման մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագիծ:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: