Հայերեն   English   Русский  

Վանաձորի պետական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


  
դիտումներ: 756

Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Վանաձորի պետական համալսարան: Հունիսի 1-5-ը փորձագիտական խումբը ՎՊՀ-ում հանդիպումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:

Փորձագիտական խմբում ընդգրկված են չորս հայաստանյան փորձագետներ, որոնցից մեկն ուսանող-փորձագետ է, և մեկ միջազգային փորձագետ: Փորձագիտական խումբը ղեկավարում է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ Լիլիթ Զաքարյանը: Միջազգային փորձագետը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանի ավագ դասախոս, կրթության և մանկավարժական հետազոտությունների բաժնի ղեկավար Ալան Հոուն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են բուհի ներկայացրած ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր` իրականացման ժամանակացույցով:

Այնուհետև ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի` հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: