Հայերեն   English   Русский  

ՍՄԲԱՏ Ա


  
դիտումներ: 4020

Երկարատև պայքարից ու արյունահեղ պատերազմներից հետո, 862 թ. Հայաստանը վերջապես անկախացավ արաբական խալիֆայությունից: Արաբական խալիֆայությունն ու բյուզանդական կայսրությունը Հայոց թագավորության անկախությունը ճանաչեցին միայն 885 թ.: Դրանից հետո Աշոտ Ա Բագրատունին՝ հայրենիքի նվիրյալ գահակալը, թագավորեց ևս 5 տարի և մահացավ՝ իր նորաստեղծ պետության կառավարումը հանձնելով ավագ որդուն՝ Սմբատ Ա Բագրատունուն (890-914):

Աշոտ Առաջինն իր կառավարման ընթացքում փորձեց ամբողջացնել իր տերության մեջ պատմական Հայաստանի հողերը: Նա մի շարք ազատագրական պատերազմներ վարեց երկրում, հպատակեցրեց արաբ ամիրաներին, հարկատու դարձրեց իրեն: 888 թ. հայոց բանակը մտավ Գուգարք: Մինչ այդ Գուգարքը նվաճել էր վրաց Բագրատունիներից Գուրամ իշխանը: Քռի ափին հայոց բանակն առաջնորդող իշխանաց իշխան Սմբատ արքայազնը ջարդ տվեց վրաց իշխանի զորքերին ու Գուգարքը միացրեց հայրենիքին:

Սակայն Հայաստանի հյուսիսում խաղաղություն չտիրեց: Մերթ վրաց առանձին իշխաններ էին հավակնություններ ցուցաբերում Լոռու նկատմամբ, մերթ տեղի հայ իշխաններն էին անջատողական ձգտումներով հանդես գալիս: Եվ Սմբատ արքայազնը ստիպված էր զորքով մնալ Հայաստանի հյուսիսում: Երբ մահացավ Աշոտ Առաջինը, Սմբատը չկարողացավ անգամ մասնակցել հոր հուղարկավորությանը, պատերազմում էր հանուն հայոց երկրի միասնականության: Միայն ամիսներ անց կարողացավ մայրաքաղաք վերադառնալ ու թագադրվել որպես հայոց արքա: Սմբատ Առաջինի օծումը կատարեցին ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին և վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունին: Վերջինս Տայքի Բագրատունիներից էր և աջակցել էր Սմբատ Ա-ին իր պայքարում:

Գահակալման հենց սկզբից Սմբատ Առաջինը ստիպված էր պայքար մղել իր գահակալական իրավունքների համար: Որպես հայոց գահի հավակնորդ այս անգամ հանդես եկավ նրա հորեղբայրը՝ սպարապետ Աբաս Բագրատունին: Սմբատ Առաջինը ճնշեց Աբասի զինված ելույթը և նրան մեկուսացրեց: Այս անցքերին ուշադիր հետևում էին Հայաստանի հարևանները: Եվ միայն երկու տարի անց` 892 թ., երբ Սմբատը հիմնավորապես հաստատվեց հայոց գահին, խալիֆայությունը և մեկ տարի անց` Բյուզանդիան ճանաչեցին Սմբատի թագավորությունը:

Խաղաղեցնելով իր երկիրը և Հայաստանի համար գլխավոր վտանգը տեսնելով արաբական խալիֆայությունից՝ Սմբատ Ա-ն 893 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս և պայմանագիր կնքեց Լևոն Զ հայազգի կայսեր հետ: Արտաքուստ պայմանագիրն առևտրական բնույթ ուներ, բայց իրականում ռազմավարական դաշինք էր երկու պետությունների միջև:

Վերադառնալով Կոստանդնուպոլսից՝ հայոց արքան ձեռնամուխ եղավ երկրի ամրապնդմանը: Աջակից ունենալով հայոց հզոր իշխանական տներին՝ Արծրունիներին և Սյունիներին, նա ճնշեց մի քանի անջատամետ ուժերի ելույթներ, իրեն ենթարկեց Հայաստանում հաստատված արաբ ամիրայությունները և պաշարեց Դվին քաղաքը: Հայոց բանակը գրոհով վերցրեց Դվինն ու կցեց Հայոց թագավորությանը: Սակայն արքան, ցավոք, չվերացրեց Դվինի ամիրայությունը, ուղղակի հարկադրեց ամիրային և հնազանդության երդում ստանալով՝ ազատ արձակեց:

Անհասկանալի է Սմբատ Առաջինի քայլի պատճառը: Ամեն դեպքում նա, փոխանակ Դվինը մայրաքաղաք հաստատի, մայրաքաղաքը Բագարանից տեղափոխեց ոչ հեռու գտնվող Շիրակավան:

Արաբական խալիֆայությունը չէր կարող հաշտվել իրերի այս վիճակի հետ ու քայլեր ձեռնարկեց Հայաստանը նվաճելու համար: Սակայն խալիֆայությունը չէր կարող հարձակվել հայոց երկրի վրա, քանզի Սմբատ Առաջինի կնքած հայ-բյուզանդական դաշինքի արդյունքում բյուզանդական բանակը կհարվածեր արաբական Միջագետքին: Եվ ահա խալիֆը, Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշին ամիրային նշանակելով Հայաստանի ոստիկան և տալով հարկահանության իրավունք, դրդեց զորքով մուտք գործել Հայաստան:

894 թ. Արագածոտնի Դողս գյուղի մոտ վճռական ճակատամարտում Սմբատ Ա-ն պարտության է մատնում Աֆշինին և ստիպում նահանջել: Կարճ ժամանակ անց Աֆշինին օգնության է շտապում Միջագետքի արաբ կուսակալ Ահմադ Շայբանին, որ գրավում է Տարոնն ու Աղձնիքը: Սմբատ Ա-ն, չկարողանալով պայքարել երկու ճակատով, նվերներ ու հարկ է վճարում Աֆշինին: Հայաստանում կարճատև խաղաղություն է հաստատվում: Օգտվելով առիթից՝ Սմբատ Ա-ն ամրացրեց երկրի ապստամբ հյուսիսային կողմերը, մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց դեպի Գուգարք:

899 թ. հայոց արքան իր ազգական, վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն թագադրեց որպես վրաց թագավոր: Վրաց Բագրատունիների թագավորության հիմքը դրվեց, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1801 թվականը:

Ատրներսեհ Բագրատունին պարտավորվեց հնազանդ լինել և հարկ վճարել հայոց պետությանը:

Դժվար է միանշանակ գնահատական տալ Սմբատ Առաջինի այս քայլին, սակայն այդ քայլը թուլացրեց Հայոց պետությունը: Անկախություն ստացած Վրաստանը հետագայում մեկ անգամ չէ, որ հարվածել է հայոց թագավորության թիկունքին:

Շուտով Ատրպատականում Աֆշինին փոխարինում է Յուսուֆ ամիրան, որ դարձյալ ոտնձգություններ է իրականացնում հայոց թագավորության նկատմամբ: Դեռևս 901 թ. նա անակնկալ հարձակումով գրավում է Դվինը: Սմբատ Ա-ն պաշարում է քաղաքը: Յուսուֆը հաշտություն է խնդրում և նահանջում Ատրպատական:

903 թ. Սմբատ Ա-ն դարձյալ ստիպված էր սուր ճոճել: Աբխազական զորքերը ներխուժում են Գուգարք, Ծանարք և Վիրք: Վրաց արքա Ատրներսեհը օգնություն է հայցում Սմբատից: Հայոց արքան պատժիչ արշավանք է ձեռնարկում դեպի Աբխազիա: Սմբատ Ա-ն մեծ զորահավաք էր անցկացնում` նպատակ ունենալով վերջնականապես ընկճել աբխազներին: Պատմիչների հավաստմամբ՝ արշավանքին մասնակցում էին Արևելից իշխան Սմբատը, Փառիսոսի իշխան Հմայակը, Աղձնիքի իշխան Գրիգորը, Գոռոզի իշխան Վասակը, Վայոց ձորի իշխան Ապուշամբը, Տայոց իշխան Գոռամը, Ճողբաց իշխանը, Տարոնի իշխան Գագիկը, Վասպուրականի իշխան Գուրգենը, Մոկաց իշխան Աշոտը, Անձևացյաց իշխան Համակարը, Կորդվաց իշխանը և հայոց թագավորության մեջ գտնվող արաբական ամիրայությունների տիրակալները: Վճռական ճակատամարտում հայոց բանակը ջախջախում է աբխազներին: Ատրներսեհ վրաց արքան գերում է աբխազաց Կոստանդին Գ արքային և հանձնում Սմբատ Ա-ին: Հայոց բանակը գրավում է ողջ Աբխազիան: Կոստանդին Գ-ն ստիպված հարկատու է դառնում հայոց արքային և ազատ արձակվում: Հայոց թագավորը Աբխազիայից հայոց պետությանն է միացնում Կղարջքը, Արտահանը, նրա դստերը կնության վերցնում իր Մուշեղ որդու համար:

Շուտով արաբ խալիֆը հրավիրում է Սմբատ Առաջինին մասնակցելու ապստամբ Յուսուֆի դեմ պատժիչ արշավանքին: Հայոց արքան ընդունում է հրավերը: Յուսուֆը հպատակվում է խալիֆին: Սակայն շուտով խալիֆը մահանում է, և Յուսուֆ ամիրան կարգավորում է հարաբերությունները խալիֆայության հետ` ձգտելով միաժամանակ վրեժ լուծել Սմբատից և նվաճել Հայաստանը:

Տեսնելով, որ զինուժով միայնակ հնարավոր չէ ընկճել Սմբատ Ա-ին, արաբները փորձեցին պառակտում մտցնել հայոց շարքերում: Առիթը չուշացավ: Նախճավանի համար վեճ ծագեց Արծրունիների և Սյունաց իշխանական տան միջև: Սմբատ Ա-ն վեճը լուծեց հօգուտ Սյունիների: Դա դժգոհություն առաջացրեց Արծրունիների մոտ, գահերեց իշխան Գագիկ Արծրունին 908 թ. ապստամբեց հայոց արքայի՝ իր քեռորդու դեմ:

Խալիֆայությունը շտապեց Գագիկ Արծրունուն շնորհել «Հայոց թագավոր» տիտղոսը: Գագիկը, ուրախությամբ ընդունելով դա, կռիվ սկսեց Սմբատի դեմ: Միաժամանակ (909 թ.) մեծ բանակով Ատրպատականից Հայաստան ներխուժեց Յուսուֆ զորավարը:

Վճռական բախումը` Ձկնավաճառի ճակատամարտը, տեղի ունեցավ 910 թ.: Սմբատ Ա արքան ցավալի պարտություն կրեց: Ճակատամարտի ժամանակ նրան դավաճանեցին Սևորդյաց իշխանները:

Օգտվելով առիթից՝ Սմբատ Ա-ի դեմ ապստամբեցին թե՛ Հայաստանում հաստատված արաբ ամիրայությունները, որ հարկատու էին հայոց պետությանը, թե՛ առանձին հայ իշխաններ:

Սմբատ Ա-ն պարտությունից հետո ամրացավ Սյունիքի Կապույտ բերդում: Արաբները պաշարեցին բերդը: Երկիրն ավերածություններից զերծ պահելու համար, ստանալով անձի ապահովության երաշխիք, հայոց արքան անձնատուր եղավ Յուսուֆին:

Վերջինս, դրժելով երդումը, արքային տեղափոխեց Դվին և խոշտանգելով փորձեց նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն: Հայոց արքան մերժեց:

Յուսուֆի հրամանով խոշտանգված թագավորին 914 թ. գլխատում են և մարմինը խաչ հանում Դվինի հրապարակում:

Շատ ուսումնասիրողներ կարծում են, որ Օձունի եկեղեցու մոտ գտնվող հուշակոթողը համարվում է Սմբատ Ա արքայի գերեզմանը: Սակայն այդ տեսակետը հաստատող որևէ հիմնավոր փաստարկ չկա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: