Հայերեն   English   Русский  

Ճանապարհ դեպի Նեմրութ


  
դիտումներ: 1472

Օր առաջին. 19 հունիսի, 2014 թվական:

Երեկոյան առաջին ուխտավորները հավաքվեցին գրասենյակում: Սկզբում` Արորդաց ուխտի քրմերը, ապա և մյուսները: 34 հոգի էինք: Ժամը երկուսին ավտոբուսը տեղում էր և փութով իրերը բարձեցինք ու շարժվեցինք:

Արևմտյան Հայաստան

Ընդհանուր ոգևորությունը մեծ էր: Խմբից քչերն էին եղել Արևմտյան Հայաստանում: Համընդհանուր ոգևորության քողի տակ բոլորին թվում էր, թե ավտոբուս նստելով` արդեն իսկ Էրգրում են: Գուցե և այդպես էր, քանզի մթնոլորտը տրամադրող էր. այս ուխտագնացությանը բոլորն էին սպասում, օրերն ու ժամերն էին համրում:

Երևանից շարժվեցինք նախատեսված ժամին` 3-ին: Ճանապարհը երկար էր, հոգնեցնող. հայ-վրացական սահմանի Բավրայի մաքսակետով մուտք գործեցինք Վրաստան, ապա Ջավախքով ուղևորվեցինք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման ու Վալեի մաքսակետով մտանք Արևմտյան Հայաստան:

Վրաստանի և Թուրքիայի պետական սահմանը հատելիս առանձին դժվարություն չունեցանք: Սա ընթացիկ տարում իմ երրորդ այցելությունն էր Արևմտյան Հայաստան, և մինչ այժմ միակ խոչընդոտը թուրք սահմանապահների` օտար լեզվով հաղորդակից չլինելն էր, քանզի ողջ անցակետում օտար լեզվի տիրապետող որևէ սահմանապահ չկար: Այս անգամ, սակայն, նման խնդիր չունեցանք, ուխտավորների մեջ երկու հոգի վարժ տիրապետում էին թուրքերենին:

Ուխտավորների խումբը հիմնականում մտավորականներից էր բաղկացած: Արորդաց ուխտի քրմերից զատ, նաև երգիչ-երգահաններ Գուսան Հայկազունը, Արսեն Համբարյանը, Վարուժան Աղաջանյանը, Գրիգոր Համբարյանն էին, հեռուստալրագրող Վարդան Օնանյանը, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը և այլք:

Ավելորդ չէ նշել, որ ողջ ճանապարհն անցավ ակտիվ զրույցներով, քննարկումներով, երգ ու ասմունքով:

Սահմանը հատեցինք առավոտյան 10-ին ու... Էրգիրը մեզ խռոված դիմավորեց. անձրև, ցուրտ:

Մռայլ էինք նաև մենք: Ճնշող էր: Բնական գեղեցիկ տեսարանները, գույները հաջորդում էին իրար, Արևմտյան Հայաստանը աստիճանաբար իր գիրկն էր առնում մեր ավտոբուսը, բայց... Անցանք թուրքական զորամասի մոտով, ու հանկարծ մի խրոխտ, հուժկու ձայն պայթեց ավտոբուսում.

-Դե ելեք քաջեր, հայ ֆիդայիներ,- Գրիգոր Համբարյանն էր:

Ուխտավորները մեկեն արթնացան ասես, ու ողջ ավտոբուսը միասին թնդաց` կանչ հայ ֆիդայիների անմահ ոգիներին:

Ավտոբուսի ազգությամբ քուրդ վարորդը` Մահմադը, քթի տակ բարեհոգի ժպտաց. պարզ էր` հայերեն փոքրիշատե հասկանում էր:

Հայոց Կարսը

Հնամենի մայրաքաղաքն անհրապույր տեսքով դիմավորեց մեզ: Ծուռումուռ փողոցներ, ամենուր աղբակույտեր: Շուրջ 80 հազար բնակիչ ունեցող քաղաքն արևելյան հետամնաց բնակավայրի է նմանվում: Կարսում շատ են հին հայկական շինությունները: Պատմական արժեքներից կանգուն են միայն բերդը և Առաքելոց եկեղեցին: Հին շենքերի կողքին այժմ վեր են խոյանում նորակառույցները, բայց անճաշակ շինություններ են` ներկված կարմիր, դեղին, կանաչ, կապույտ գույներով: Զգացվում է, որ Կարսը մինչ օրս չունի զարգացման կայուն հատակագիծ:

Կարսում երկար չմնացինք. Ճաշեցինք ու ճանապարհ ընկանք դեպի Անի:

Անի` հայի կորցրած երազը

Սմբատաշեն պարիսպներով ներս մտանք քաղաք ու լուսանկարվեցինք Ավագ դռան առջև` Վահագնական կեռխաչի տակ: Սա Անի քաղաքի խորհրդանիշն է եղել: Նախաքրիստոնեական Հայաստանում հայ ռազմիկը աջ բազկին դաջել է խաչ պատերազմին ու սլացել ոսոխի դեմ: Խաչ պատերազմին հետագայում դարձավ Անվո խորհրդանիշը:

Ճնշող է Անին: Պարիսպների վրա ու մայրաքաղաքի միջնաբերդում ծածանվում է թուրքական կարմիր կիսալուսինը: Ոչինչ. արորդիք համոզված են, որ ի վերջո թուրքի լուսինը պիտի խոնարհվի:

Շարժվեցինք դեպի Մայր տաճար: Խոնարհված է Մայր տաճարը, ինչպես որ խոնարհված է Անին: Մենք չմտանք քրիստոնեական այս հրաշագեղ կոթողն աղոթելու: Այստեղ չկան ոգիներ, այստեղ ամայություն է տիրում:

Մենք ալելույա չենք կանչում, Հայր մեր չենք արտասանում, պատարագ չենք անում այստեղ:

Խոնարհված է Անին, ու հայոց չքնաղագեղ մայրաքաղաքը խոնարհվեց հենց իր շուրթերով Հայր մեր կարդացող ու այս տաճարում պատարագ անող դավաճան ու սրիկա կաթողիկոսի` Պետրոս Գետադարձի ձեռքով:

Բայց մեկեն երգեց տաճարը: Նրա պատերի տակ հանկարծ թնդաց երգը հայոց: Արսենը, Գրիգորը, Գուսանը, բոլոր ուխտավորներս հայի երգով, ռազմակոչով թնդացրինք տաճարը:

Քանի-քանի հարյուրամյակ Մայր տաճարի պատերի տակ հայի երգ չէր հնչել: Քանի-քանի հարյուրամյակ Անին` մեր վշտացած, խոնարհված ու չքնաղ Անին սպասել է հայի կանչին:

Մեր երգը մարտակոչ էր: Մեր երգը վրեժի, ցասման կոչ էր, որով կոչ էինք անում արի հայերին միանալ, համախմբվել ու խոնարհել թուրքի լուսինը, մաքրել Էրգիրը պղծությունից:

Զարթնիր, Հայկ Նահապետ, զարթնիր, Մեծն Տիգրան, զարթնիր, Պապ թագավոր, զարթնիր, Գևորգ Չաուշ, զարթնեցեք հայեր, Վահագնի զորությամբ գոտեպնդվեք ու մարտի ելեք... Ահա մեր աղոթքը Մայր Տաճարում:

Իսկ քրիստոնեական Ամենի փոխարեն մեր աղոթքի վերջում հնչեց Գրիգոր Համբարյանի բամբ ձայնը. «Մա՛հ ոսոխին...»:

Օր երկրորդ

20 հունիսի 2014

Չքնաղ է Վանը: Հայկական հետքերն այստեղ էլ քիչ են. Վանա բերդ, Մհերի դուռ… Բայց Վանը հայի շունչ ունի: Վանն անձնատուր չեղավ, Վանը մաքառեց ու հաղթեց ոսոխին: Վանը հպարտ է: Այն դատարկվեց սոսկ ռուսի դավաճանության հետևանքով: Բայց հաղթեց: Վանը սպասում է մեզ, Վանը կանչում է մեզ:

Ուղևորվեցինք Մհերի դուռ:

Ժայռի մեջ պարփակված Մհերը սպասում է մեզ, սպասում է մեր բազկի հարվածին, սպասում է վահագնական ուժով մարտի ելած հային, որ ջարդի, փշրի ժայռեղեն դուռն ու ազատի Մհերին` աշխարհում հաստատելու արդարությունն ու հայի կամքը: Մհերը սպասում է մեզ...

Մագլցեցինք ժայռը, Մհերի դռան առջև Արսեն Համբարյանին ձայնակցեցինք: Հնչեց Վահագնի ծնունդը:

Քերթողահոր ավանդած բառերը նոր շունչ են առել Արսենի մշակմամբ, ու տասնյակ ուխտավորները Վանում, Մհերի դռան մոտ կանչում են Վահագնին` ուժդ, շնորհդ տուր, Մեծն Վահագն, օգնիր խորտակել ժայռը, խոնարհել թուրքի լուսինը, օգնիր ազատել Մհերին:

Ուղևորվեցինք Աղթամար:

Նավ ենք վարձել, միայն մենք էինք ու թուրք նավավարը: Նավի վրա դարձյալ թուրքի լուսինն է: Բայց մենք իսկապես խոնարհեցինք այդ փոքրիկ լուսինն ու ծածանեցինք մեր եռագույնը:

Աղթամարում, եկեղեցում դարձյալ թնդաց հայի երգը` արի հայի երգը: Եկեղեցու թուրք պահապանները զարմացած էին: Հայաստանից շատ խմբեր են եկել, քահանայի ուղեկցությամբ անգամ սաղմոս կարդացել, պատարագ արել, բայց նման խրոխտ երգ, այն էլ` մարտակոչ, չէին լսել:

Չքնաղ է Աղթամարը` Գագիկ Արծրունի արքայի Ոստանը: Ափսոս, նրա ժառանգներն անարժան գտնվեցին փառապանծ այդ արքային ու լքեցին իրենց երկիրը, լքեցին առանց պայքարի ու հայոց չքնաղ ոստանը` Վասպուրականը, 1021 թ. հանձնեցին թշնամուն: Հանձնեցին առանց մարտի` ունենալով 400 թեմաբերդ: Սենեքերիմ Արծրունի` ողորմելի գահակալ…

Աղթամարից հետ նավարկեցինք, լողացանք Վանա ծովակում ու շտապեցինք դեպի Նեմրութ:

Ճանապարհն անցնում էր Հայկական Տավրոսի փեշերով. ամենուր հայկական լքյալ բնակավայրեր, շեներ, քաղաքներ, որոնք 100 տարի առաջ մերն էին, որտեղ 100 տարի առաջ հայի շունչն էր:

Կեսգիշերի մոտ էր, երբ լաստանավով անցանք Եփրատն ու ուղևորվեցինք Քյաղթա քաղաք, ուր ընթրեցինք տեղաբնակ հայի ռեստորանում ու... դեպի Նեմրութ:

Օր երրորդ

22 հունիսի 2014

Կեսգիշերն անց տեղավորվեցինք «Եփրատ» հյուրանոցում ու մեկժամյա հանգստից հետո անքուն, հոգնած, ծանրացած տպավորություններով բարձրացանք Նեմրութ լեռ:

Անտիոքոս Երվանդունի արքայի կերտած հրաշքը բառերով դժվար է նկարագրել: Մեզ համար այն ավելի քան ոգեղեն արժեք է:

Գրեթե երկու հազար տարի այստեղ ծես չէր արվել: Գրեթե երկու հազար տարի այստեղ հայի շունչ չէր եղել, հայի ոգի չէր թևածել:

Հայոց աստվածները սպասում էին մեզ: Նրանց արձանները, ճիշտ է, գլխատված, բայց խրոխտ ու հպարտ էին` անհաղորդ շրջապատին, ոսոխին, թուրքին: Նրանք սպասում են հայի ոգեղեն զարթոնքին, սպասում են հայի բազկի հարվածին:

Բայց միայն մեր աստվածները չէ, որ մեզ սպասում էին:

Նեմրութի գագաթին մոտ 3 հարյուր թուրք կար, հիմնականում` երիտասարդ: Կարծում եմ` ավելորդ է նկարագրել, թե մեզ ինչ ընդունելություն էր սպասում:

Երբ արևածագին միասնաբար երգեցինք Վահագնի ծնունդը` թուրքերը մեկեն շարք կանգնեցին, ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» կազմակերպության նշանները` սկսեցին երգել Թուրքիայի Հանրապետության օրհներգը:

Բավական էր սակայն, որ մենք բռունցք դառնայինք, համախմբվեինք քրմերի շուրջը, որոնք, հանելով իրենց սրերը, ավելի խրոխտ, ավելի վճռական սկսեցին հայոց ծեսն անցկացնել` թուրքերը փախան: Րոպեներ անց տարածքում գրեթե մենակ էինք: Այսպիսին է թուրքը. նա հասկանում է միայն ուժի, զորության լեզուն, նա հասկանում է միայն զենքի շաչյունը:

Ոգևորությունը մեծ էր. ծեսից հետո դեպի Էրգիր վերադարձ ուխտելով իջանք Նեմրութից:

Հազիվ մեկ ժամ հանգստացած` շարժվեցինք դեպի Էրզրում:

Ճանապարհն անցնում էր Բյուրակն լեռներով, Սասունով...

Հրաշալի տեսարանները փոխարինում էին մեկմեկու` մեր հոգիները լցնելով հրճվանքով ու տրտմությամբ: Տպավորությունները հակասական էին:

Թուրքիայի Հանրապետությունը աշխարհի ամենաարագ տեմպերով զարգացող երկրներից է: Ողջ Արևմտյան Հայաստանում չեք գտնի գեթ մեկ կտոր հող, որ մշակված չլինի, ամենուր ցորենի ոսկե արտեր, անվերջանալի արտեր:

Թուրքը, քուրդը` քոչվոր ու անապատական այդ ցեղերը, տեր դառնալով մեր դրախտային երկրին, այսօր մշակում, խնամում են մեր պապերի հողերը, իսկ հայը թափառում է օտար երկրներում:

Սասնո լեռների մի բարձրադիր վայրում կանգնեցինք ու միասին թնդացրինք հայոց քոչարին: Թնդացին լեռները հայոց, թնդաց հողը հայի, ցնցվեց ու կանչեց իր զավակներին ետ` դեպի Էրգիր:

Գալու ենք, անպայման գալու ենք դեպի Էրգիր:

Երգեցինք Գուսան Հայկազունի երգը.

-Հրով լինի, սրով լինի,

Պիտի գնանք վաղ թե ուշ:

Պիտի գնանք, անպայման կգնանք ու ուժով կգնանք, սրով ու հրով կգնանք: Բավ է հույսներս դնենք օտար աստծու վրա: Նա մեզ սոսկ ուժաթափ արեց, նա մեզ զրկեց մեր հայրենիքից:

Օր չորրորդ.

23 հունիսի 2014

Էրզրումում առավոտյան միջադեպ եղավ: Լուսանկարչական ապարատը ձեռքիս պտույտ էի կատարում հյուրանոցի մերձակա փողոցներում` մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ ու թուրքերեն հարցրեց` հա՞յ ես: Դրական պատասխան լսելով` ինձ հրավիրեց իր խանութ: Մտա: Ակնոցներ էր վաճառում: Ասաց, որ ինքն էլ հայ է, շուրջը նայելով` խաչակնքեց: Ապա ցուցափեղկից մի ակնոց հանեց, նվիրեց ինձ. թանկարժեք նվեր էր: Փորձեցի հրաժարվել նվերից` նեղացավ: «Փեշքեշ, յոլդաշ, փեշքեշ»:

Դեպի Կարս հետդարձի ճամփան անցնում էր Բասենով: Կանգ առանք Արաքսի ափին, Հովվի կամուրջի մոտ: Դարձյալ երգ, դարձյալ ցավ ու կսկիծ:

Մեր ավտոբուսի մոտ կայանեց թուրքական «Աղթամար տուր» տուրիստական ընկերության ավտոբուսը: Տասնյակ զբոսաշրջիկներ իջան ու զարմացած նայում էին մեզ` ցավից ու կարոտից ասես խենթացած հայերիս խմբին, մեր երգին...

Նրանցից առանձնացավ մի տղամարդ, ներկայացավ: Ասաց, որ քուրդ է, ծնվել է Մուշում և բնակվում է Ավստրալիայում: Ասաց` բարով եք եկել ձեր հայրենիքը` ձեր վաթանը:

Հետ ենք գալիս հակասական զգացումներով: Էրգրում ամեն սարի գլխին կոչ է` Հայրենիքը սրբություն է, Հայրենիքը ամենից վեր է... Ամեն տեղ ծածանվում է թուրքական դրոշը, թուրքական կիսալուսինը. մանկապարտեզ, դպրոց, պետական հաստատություններ, մասնավոր տներ, անգամ գերեզմանոցներում...

Երբ մտանք Հայաստանի Հանրապետություն, ամեն սարի, ամեն բլրի գլխին մի խաչ էր կանգնեցված` մեծ, հսկա չափերի խաչ, իսկ հայրենիք, ազգ, վրեժ, ազգային հպարտություն խորհրդանշող` ոչինչ:

Խաչվում ենք` 1700 տարի շարունակ, խաչվում ենք:

Խաչով թուրքի լուսինը չես խոնարհեցնի, խաչով չես հասնի իղձերիդ, ուժ է պետք, մենք վահագնական ուժով կխոնարհենք թուրքի լուսինն ու Էրգիրը կազատենք թուրքի պղծությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: