Հայերեն   English   Русский  

Քաղաքաշինության նախարարը խորհրդակցություն անցկացրեց Գյումրիում


  
դիտումներ: 820

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Վերջինս աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Շիրակի մարզպետարանում՝ ոլորտի ներկայացուցիչների, մի քանի համայնքների ղեկավարների ու շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես նշեց նախարարը՝ խորհրդակցությանն անդրադառնալու են մարզի համար հրատապ խնդիրներին:

«Նախորդ տարի մոտ 1.5 մլրդ դրամ բյուջեից ուղղեցինք Գյումրիում շուրջ 230 անօթևան ընտանիքի բնակարանների գնման վկայագրեր ստանալուն: Ցուցակում մոտ նույնքան էլ ընտանիք է մնացել և այդքան գումար մենք խոստացել ենք մինչև այս տարվա վերջ փոխանցել մարզպետարան, որպեսզի աղետից տուժած ընտանիքների խնդիրը դրանով լուծվի», - հայտնեց Նարեկ Սարգսյանը:

Նախարարը նաև նշեց, որ, իր տեղեկությունների համաձայն, մարզերին հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվող գումարներն արդեն փոխանցվել են:

Հիշեցնենք, մայիսի 16-ին Գյումրի կատարած այցի ժամանակ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտնել էր, որ կառավարության պահուստային ֆոնդից մարզերին հրատապ 6-րդ ծրագրով գումարներ չեն փոխանցվել: Նախարարը նաև հայտնել էր, որ բոլոր մարզերը համապատասխան ծրագրերը ներկայացրել էին և նշեց. «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում. դեռ վաղ է որևէ բան ասել»՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: