Հայերեն   English   Русский  

Գյումրին պետք է դիտարկել մայրաքաղաքային ֆունկցիաներ ունեցող քաղաք


  
դիտումներ: 1559

"Պետք է մինչև էկող տարի ընդհանրապես ձերբազատվենք աղետի գոտի հասկացությունից, դա իմ անձնական մոտեցումն է և կառավարությունը լիարժեք կիսում է դա", - այսօր Գյումրիում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նա ասում է՝ չի կարելի 27 տարի շարունակ մնալ աղետի գոտի և խոստանում՝ բնակֆոնդի խնդիրները կարգավորելուց հետո Գյումրու զարգացման ծրագրեր են իրականացնելու:

ՙՊետք չէ Գյումրին դիտարկել մյուս քաղաքների նման հանրապետության համաչափ զարգացման ենթատեքստում: Գյումրին պետք է դիտարկել մայրաքաղաքային ֆունկցիաներ ունեցող: Գյումրին միակ քաղաքն է ամբողջ հանրապետությունում, որն իր վրա կարող է և պետք է վերցնի որոշակի մայրաքաղաքային ֆունկցիաներ: Դա նշանակում է դեսպանատներ, նախարարություններ, բուհեր, ընտրովի մարմիններ և այլն: Ես այսպես եմ տեսնում Գյումրիի զարգացումը և համոզված եմ, որ բոլորը կիսում են այդ կարծիքը՚, - ասում է Նարեկ Սարգսյանն ու հավելում, որ դա մեկ օրվա անելիք չէ, պետք է որոշակի քննարկումներ կատարել:

ՙԵս անձամբ կապված եմ Գյումրիի հետ, այստեղ և ծառայել եմ, և երկրաշարժի առաջին օրերից մասնակցել եմ փրկարարական աշխատանքներին, և նախագծել եմ Գյումրիի ֆրանսիական դպրոցի շենքը: Այսինքն, ես քաղաքը գիտեմ: Քաղաքի հետ կապված խնդիրները քննարկել ենք դեռևս 2000թ.՝ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագիծը մշակելու ժամանակ՚, - շարունակում է նախարարը: Այս կապակցությամբ Երևանում քննարկումներ են անցկացվում, որին մասնակցում են նաև շահագրգիռ կազմակերպություններ: Վերջինների ներկայացրած առաջարկներն ուսումնասիրվում են. ՙԿփորձենք մի իրատեսական ծրագիր առաջարկել Գյումրու զարգացման համար՚, - հայտնեց նախարարը: Իսկ դիտարկմանը, թե նման ծրագրեր միշտ էլ առաջարկվում են, բայց մնում թղթի վրա՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով, նախարարը նշեց. ՙԵթե ծրագիրը լինի ճիշտ ուղղությամբ և հետաքրքիր, ֆինանսներ միշտ էլ կգտնվեն՚:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: