Հայերեն   English   Русский  

Այսօր մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 9526

28-ամյա տաղանդավոր երիտասարդը գլխապտույտ հաջողություններ ուներ կանանց շրջանում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց, ինչը շարժում էր շատերի նախանձը, որոնք ցանկանում էին ազատվել իրենց ախոյանից: Հանգուցալուծումը կայացավ, երբ նա հանդուգն պատասխաններ տվեց ցարական չինովնիկ Բելյաևին, այդ պատճառով ձերբակալվեց և աքսորվեց Դերբենդ:

«Պեպո», «Խաթաբալա»… նրա այս գործերը ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ կինոյի լավագույն էջերից են:

Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825 թ. հունիսի 29-ին, Թիֆլիսի Անչիսխաթ թաղամասում: Հայրը՝ Մկրտումը, ժամանակին փախել էր Էջմիածնի վանքի ճորտությունից, հաստատվել Թիֆլիսում և զբաղվում էր առևտրով: Կարճ ժամանակում նա կարողացավ որոշ կարողություն կուտակել և ապահովել ընտանիքի նյութական բարեկեցությունը:

1831 թ. հանկարծամահ է լինում Մկրտում Սունդուկյանը, և երեք երեխաների դաստիարակությունն ու հոգսը մնում է կնոջ՝ Թինաթինայի ուսերին:

Բայց տիկին Թինաթինան կարողացավ լավ կրթություն տալ իր զավակներին:

Գաբրիելը ուսանելու մտավ Հակոբ Շահան-Ջրպետյանի մասնավոր դպրոց: Այստեղ նա սովորեց գրաբար և աշխարհաբար, իսկ նրա կնոջ մոտ՝ իտալերեն, ֆրանսերեն և լատիներեն: Բացի այդ, նա հրաշալի տիրապետում էր ռուսերենին ու վրացերենին:

1838-1840 թթ. Սունդուկյանն ուսանեց Արզանյանների պանսիոնում:

Դպրոցն ավարտելուց հետո Գաբրիելն ընդունվեց Թիֆլիսի ռուսական գիմնազիա:

Ռուսական կաբինետը կառավարման համակարգում աշխատելու համար շնորհաշատ երիտասարդների էր հավաքագրում՝ հետագայում որպես թարգմանիչ ծառայեցնելու համար: Ողջ երկրով հավաքագրում էր կատարվում: Ընտրվածների մեջ էր նաև Սունդուկյանը, որ կառավարության հրավերով 1846 թ. տեղափոխվեց Պետերբուրգ և ընդունվեց համալսարանի պատմա-բանասիրական բաժինը: Սունդուկյանն այստեղ ուսանեց նաև արևելյան լեզուներ՝ պարսկերեն, արաբերեն, թուրքերեն: Նա ընդհանուր առմամբ տիրապետում էր տասը լեզվի: Իսկ ավարտական ատենախոսությունը պարսկական տաղաչափությանն էր վերաբերում:

Ուսումնառության ավարտին Սունդուկյանը վերադառնում է Թիֆլիս ու աշխատանքի անցնում Կովկասի փոխարքայի գրասենյակում որպես թարգմանիչ: Միաժամանակ նա անվճար երկրաչափություն է դասավանդում Ներսիսյան դպրոցում, որի հոգաբարձուներից մեկը դարձավ հետագայում:

Սակայն Սունդուկյանը երկար չի աշխատում փոխարքայի գրասենյակում: 28-ամյա տաղանդավոր երիտասարդը գլխապտույտ հաջողություններ ուներ կանանց շրջանում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց, ինչը շարժում էր շատերի նախանձը, որոնք ցանկանում էին ազատվել իրենց ախոյանից: Հանգուցալուծումը կայացավ, երբ նա հանդուգն պատասխաններ տվեց ցարական չինովնիկ Բելյաևին, այդ պատճառով ձերբակալվեց և աքսորվեց Դերբենդ:

Աքսորավայրում նա անցավ ծառայության Դերբենդի նահանգապետի մոտ իբրև գրասենյակի պետ: Բացի վարչարարությունից, Սունդուկյանը զբաղվում էր նաև ճարտարագիտությամբ, քանզի հիանալի տիրապետում էր երկրաչափությանը: Նրա նախագծով կառուցվեցին Դերբենդի քաղաքային աշտարակ-ժամացույցը, ռուսական և հայկական եկեղեցիները:

1858 թ. Սունդուկյանը դարձյալ Թիֆլիսում էր: Նա ծառայության անցավ նահանգի զինվորական վարչությունում, քիչ անց նշանակվեց Անդրկովկասի հաղորդակցության վարչության տնտեսական մասի վարիչ: Նա ստացավ քաղաքացիական գեներալի կոչում:

Իր կարողությունը Սունդուկյանը ի սպաս էր դնում բարեգործական նպատակներով: Նա հրատարակչություններից և թատրոններից իր ստեղծագործությունների համար երբեք հոնորար չէր վերցնում, դրանք թողնում էր կա՛մ բարեգործական կազմակերպություններին, կա՛մ դերասաններին: Ինչպես բազմիցս խոստովանել է մտերիմներին, գրում էր հաճույքի համար:

Սունդուկյանը մեծ աջակցություն ցուցաբերեց Բագրատ Նավասարդյանին Կովկասի հայոց բարեգործական ընկերության հիմնադրման գործում: Առանց նրա գործուն աջակցության հայրենանվեր բժիշկ Նավասարդյանի նախաձեռնությունը դատապարտված էր ձախողման: Սունդուկյանը ոչ միայն ֆինանսավորեց ընկերության հիմնադրման ողջ աշխատանքները, այլև մշակեց ընկերության կանոնադրությունն ու ծրագիրը:

Սունդուկյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում: Նա մասնակցեց Թիֆլիսում բռնկված համքարական շարժմանը: Իշխանությունները Սունդուկյանին սպառնացին աքսորով, սակայն գործին միջամտեց Դերբենդի գեներալ-նահանգապետ Մինկվիցը:

Որպես դրամատուրգ՝ Սունդուկյանը շատ արագ դարձավ հայության սիրելին: Թիֆլիսում հարգի էր թատրոնը, և Սունդուկյանի ստեղծագործությունները նոր շունչ հաղորդեցին հայ թատերական արվեստին:

Մանավանդ շռնդալից հաջողություն ունեցավ «Պեպոն», որ հայության ամենասիրելի ստեղծագործություններից մեկը դարձավ:

Հետագայում Հովհաննես Թումանյանը գրեց. «Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած, իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»:

Գաբրիել Սունդուկյան

Նա իր ստեղծագործությունները տպագրում էր նաև հայ մամուլում, մասնավորապես՝ «Մշակում»:

Գնահատելով Սունդուկյանի վաստակը մշակույթի զարգացման գործում՝ Թիֆլիսի քաղաքային դուման նրան շնորհել է Թիֆլիսի պատվավոր քաղաքացու կոչում:

Նրա համբավը տարածված էր Անդրկովկասի սահմաններից դուրս: Նա նամակագրական կապ է ունեցել Վիկտոր Հյուգոյի, Վիկտորիեն Սարդուի, Ալեքսանդր Դյումա-որդու հետ:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Սունդուկյանի կտակը: Նա նախապես կտակն ուղարկել էր «Մշակի» խմբագրություն՝ խնդրելով այն հրատարակել իր մահից անմիջապես հետո: Իր կտակում նա պատգամել էր, որ թաղման ժամանակ հարազատները սև չհագնեն, թաղմանը մասնակցեն միայն մեկ քահանա, մեկ երեց և մեկ տիրացու: Չլինեն ծաղկեպսակներ և մեծ արարողակարգ: Սունդուկյանը նաև կտակել էր, որ իր շիրիմին գրվի միայն իր անունը, ծննդյան և մահվան թվականները:

Իսկ վերջում՝ ամենահանճարեղ մտահղացումը. «Եթե սրտանց ուզում եք և արժան եք համարում արձան դնել, ապա իմ փոխարեն կանգնեցրեք Պեպոյի արձանը, որտեղ որ հարմար լինի»:

Մեծ հայորդին մահացավ 1912 թ. մարտի 16-ին: Նրա հուղարկավորությունը կատարվեց այնպես, ինչպես պատվիրել էր: Առջևից լուռումունջ ընթանում էին քահանան ու տիրացուն, իսկ աճյունը տանում էին ութ բեռնակիր և ութ կինտո: Սունդուկյանի մարմինն ամփոփվեց Թիֆլիսի !ոջիվանքի գերեզմանատանը:

Գաբրիել Սունդուկյանի մասին չափածո տողերով դիպուկ է արտահայտվել Ռաֆայել Պատկանյանը.

Ազգիս շարավոր վերքը լվանալ,

Լիրբ մեծատունին անվախ ապտակել,

Գոհարով ծածկած կեղտերը բանալ,

Կեղծավորների դիմակը պոկել,

Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝

Այս ամեն զորեց միայն քո՜ հանճար:

Բերում ենք նաև Սունդուկյանի կտակի ամբողջական տեսքը, որ նա գրել է Թիֆլիսի բարբառով: Կարծում ենք` դա կհետաքրքրի ընթերցողին:

ԻՄ ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ

Մնա՛ք բարով, ես գնացի, գնացի էն հանգի տիղ, վուրղանց, ինչ աշխարքը ստիղծվիլ է, դեռ օչով չէ հիդ էկի:

Դուք լաւ ըլիք, էրգար օր ունենաք, ջանով առողջ ըլիք, սրտով ուրախ, հոքով հանգիստ:

Ինչ գէթ իմ արի օմքընու, խնդրում իմ բախշէ, ով ինձ է գէթ արի ու դաղիլ է սիրտս, ես էլ բախշում իմ իստակ սրտով, խճպտանքը վունչինչ ղնամիշ չանէ իրան իր օրումը:

Ինձ թաղելիս վունչինչ թանթանէք հարկաւուր չէ: Տան կարք ու սարքին ձեռը չը տաք զարթի իմ բանելու ու քնելու օթախին, վուրդի իմ յաւիտեանական քնելու գողինքը պիտի պատրաստիք: Մնացած օթախնիրը էնենց մնայ, վունցոր կայ, ինչրի ինձ կու թաղին. իժում դուք գիդիք:

Սիւիր վունցմէ օթախումը չըլի ու դուք էլ, իմ ազիզ Սօֆի ջան ու սրտով սիրած վուրթիքս ու թուռնիրս (Chռre HռlՌne) վուր իսկի էլ սիւիր չը հաքնիք, խիստ լաւ կօ՛նիք:

Վէնօկնիր (պսակնիր) մէ հատ էլ չըլի, վո՛ւնց տանը, վո՛ւնց դուսը, վո՛ւնց դուք շինիլ տաք, վո՛ւնց ուրիշիմէն ընթունիք. վաղօրօք էւէտ յայտնեցէք, վուր օչով չնիղանայ:

Կուբօ (դագաղ) դրէք ինձ իմ սիւ սերթուկով ու մորթէ իմ սիպտակ գդակով:

Իմ թաղումից առաջ` տանը վունչինչ պանիխիդէք (ամբիծքներ) չըլի. մենակ իմ տանու քահանէն հերիք է, վուր եկողներու համա մէ «Հայր մեր» ասէ, վուցոր վաղ կարք էր: Ու թէ հիռաւորնիրն ու եադիրը իսկի էլ չնիղանան, չգան ու ամեն սահաթի մէկ-մէկու էդնին կնգաս ու վուրթկերանցս նուրմէկանց չլացցնին, աւելի լաւ կօ՛նին:

Նրանցմէն ով ուզում է իր սրտի ցաւը յայտնի իմ դէիբ, թող իր այցետոմսը տայ դռներումը կամ թէ չէ, էնդի էւէտ դաւթրումը գրէ իր անումը, վունցոր լուսաւոր երգիրներում ընթունած է:

Մոռացայ իր տիղն ասիմ, վուր գազէթնիրը չլքցնիք անթիւ ու անճուռնի յայտարարութիններով ու անտեղի խօսկիրով: Ով չի գիդի, վուր դիփունի համա, ով ինձ սիրում էր, ես խիստ սիրեկան ու թանգագին իմ ըլի, համ էլ էտ խօսկիրը շատիրը մէկ մէկու մտիկ տալով, մինձ ու դառը, խիստ դառը կսկիծով ին յայտնում:

Մախլաս:

Իմ մահվան յայտարարութինը գրեցէք առանց չինըս յայտնելու. էսէնց. «Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալը վախճանվեց (ժամանակը), յուղարկաւորութիւնը տեղի կունենայ (օրը), առաւօտեան (ժամը) հանգուցեալի բնակարանից, և այլն»:

Ինձ թաղելու օրը մէ քահանայ ըլի մենակ-իմ տանու քահանան-իմ առչիւը գնացող ու մէկ էլ մէ տիրացու նրան ծառայող: Ուրիշ քահանաներու, ուրիշ հոքևուրականների օչօվի չխնդրիք ու չնեղացնիք:

Ծառայութենի խաչիր ու նշաննիր վո՞ւնց բալըշնիրով, վո՞ւնց առանց բողչի իսկի չըլի:

Իմ առչիւը գնացող քահանէն ու տիրացուն սուս ու փուս գնան իրանց ճամփէն տանէմէն ինչրի էգեղեցին ու էնդանց ինչրի գերեզմանս. ճամփին վունչինչ շարական ու բարձրաձայն աղօթքնիր չըլի:

Թանգագին Սօֆի ջան ու թանգագին զաւակնիրս. դուք համաշա խելօք իք էլի, դուք գիդիք, վունցոր սրտէներուդ կու ղայմացնիք ինձ ճամփու գցելիս:

Ամփովան ու ուրիշ ցէրէմօնիէք իսկի չըլի. իլաիմ թէ ձիաներու գլխին էն բմբլէ թայիգուլնիրը սարքած, վուր ինձ ճիճինի է բերում: ՈՒթ համալ ու ութ կինտօ մեձրեցէք, հիրթով ծտի պէս կու թռցնին ինձ:

Կուլի նրանց մէջը ղուրթ Պէպօ էլ ռաստ գայ, էտ խիստ մինձ պատիւ կուլի իմ Պէպօի համա:

Վիրչը թաղեցէք ինձ, վուրդի էլ գուզիք: Ես գուզէի իմ մօր մօդ, ամա էնդի տիղ չկայ. նրա մօդ թաղած էրեխերքս թարժաժ չըլին:

Գերեզմնիս վրայ վունչինչ արձան հարկաւուր չէ. մէ սիւ քար ու իմ ջանը:

Վրէն գրիլ տւէք էսենց`

ԳԱԲՐԻԷԼ ՍՈՒՆԴՈՒԿԵԱՆՑ -ՀԱՄՄԱԼ

Ծնվեց 1825թ. յունիսի 29-ին

Վախճանվեց 191…թ. … …-ին

Թէ սրտով վրէս արձան իք ուզում ու արժանի կու համարիք, էտ արձանը, իմ փոխանակ, Պէպօի համա կանգնեցրէք վուրդիոր կու սազ գայ:

Սաղ բօյով կանգնած ըլի բացր պատուանդանի վրայ իր հագուստով, գդակը ծածկած, մէ ձեռին Արութինի բարաթը, մէկէլ ձեռով վրէն գրածն ըլի ցոյց տալի նրան, վուր գլխաբաց ու սերթուկով սիւէրես կանգնած է կշտին:

Տակը պատուանդանի վրայ գրած ըլի մէնակ էս խօսկիրը`

ՊԷՊՕ

«Էս քու կոտրած ձեռքով չի՞ս գրի՛…»

Էն արձանն ու պատւանդանը թուջէմէն ըլի ածած ու շինած. վրէն վունց մէ տիղ իմ անումը չյիշիք:

Իմ ցանկութինը էն է մէնակ, վուր դիփունի սրտումն ու մտկումը հիդն ու հիդը աւելի ու աւելի հաստատվի էն հասկացողութինը, թէ հաշա ուտիլը (ուրացութիւնը) մինձ ամութ բան է մարթու համա ու ով իր պարտկը չի ճանչնայ, իր տված խօսկը չի կատարի, իր ձեռք քաշած թուխտը կու ուրանայ` նա մարթ չէ, ինչքան գ՛ուզէ բացր ըլի կանգնած մարթկերանց մէջ:

Գանք հիմի ասածներուս կատարելու վրայ:

Պէպօի արձանը շատ հիռու բան է. էստու համա օչով չնիղանաք հիմի ու անմիդ ժամանակ չկորցնիք:

Իմ թաղումին ինչ փուղ պէտք գայ` իմ պարտք է, էստու ղահրը կնիկս ու վուրթիքս կու քաշին էն պստլիկ կարողութենէմէս, վուր թողնում իմ նրանց համա:

Քելէխ-մելէխ իսկի հարկաւուր չէ. էն օրւան ախքըտներու ճաշի փուղը իմ տանէմէն կուտաք Հայոց Բարեգործական Ընկերութենին նրանցը բաժնելու:

Մնաց իմ թաղումի կարք ու սարքի կատարիլը, վունց որ գրիլ իմ էստի վերիւը: Սրա համա յատուկ խնդրում իմ «Մշակ» լրագրի յարգելի խմբագրութենին, իմ սիրելի բարեկամներուս, աչքիս լուս կնգաս ու վուրթկերանցս աշխատին ճշտութինով գլուխ բերին ասածս ու խնդրածս:

Մնա՛ք բարով:

Մնա՛ս բարով, իմ թանգագին Սօֆի ջան:

Մնա՛ք բարով, թանգագին զաւակնիրս:

Մնա՛ք բարով, սիրելի բարեկամնիրս:

Մնա՛ք բարով, սիրելի մարթիք, ինչ ասկի, ցիղի ու հաւտի էլ ըլիք:

Մնա՛ս բարով, սիրած Թիֆլիզ քաղաք:

Մնա՛ս բարով, իմ սիրելի ու պաշտելի ասկ: Աստուծ վաթանիդ արժանէ անէ:

Դիփունիդ սէրը սրտումս խուռը թաղած, տանում իմ հիդս:

Մնա՛ք բարով:

Գաբրիէլ Սունդուկեանց-Համմալ

Նրա կտակի վերջին կետը կատարվեց 1975 թ., երբ Երևանում բացվեց Պեպոյի արձանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: