Հայերեն   English   Русский  

Վիսլա Սեդրակյան. «Հարցը լուծվեց հօգուտ հողի և ցորենի»


  
դիտումներ: 2196

Պատմաբան, լրագրող-հրապարակախոս, գրականագետ, արձակագիր, ճանաչված հասարակական գործիչ, մանկավարժ Վիսլա Սեդրակյանին ճանաչում եմ դեռևս խորհրդային տարիներից, երբ նոր էի աշխատանքի անցել հեռուստառադիոպետկոմում: Դրանք ազնիվ մտավորականի ապրած դժվարին, սակայն լավագույն ձեռքբերումների տարիներ էին: Գիտության և գրականության անխոնջ մշակ Վիսլա Սեդրակյանն այդ տարիներին իր վաստակի համար արժանացել է «Պատվո նշան» շքանշանի, Խաչատուր Աբովյանի անվան մեդալի, ՍՍՀՄ ժողկրթության վաստակավոր գործչի կոչման: Իսկ այսօր նա Գարեգին Նժդեհի անվան հրապարակի գետնանցումում հանապազօրյա հացի գումարն է փորձում վաստակել տարիների «ավար» գրքերի վաճառքով: Հենց այնտեղ էլ պատահաբար հանդիպեցի «հանրագիտարան» հային:

-Ինչո՞վ է զբաղված այսօր գրող, գրականագետ Վիսլա Սեդրակյանը, ստեղծագործո՞ւմ եք:

-Զբաղված եմ այն ամենով, ինչ որ ներքին ձայնն է հուշում, իսկ դա օրվա տարբեր ժամերի գրչի ցանկացած մարդու մոտ տարբեր է լինում, բայց կա մտահոգությունների մշտական մի բեռ, որը մարդ միշտ կրում է իր հոգում: Հավանաբար, կիսատ մնացած գործերն են դրանք, որոնք այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել ժամանակին ավարտել: Իհարկե, վա՛տ է, սակայն մի կողմից էլ լավ է, որովհետև հետադարձ հայացք ես գցում քո ստեղծածին, վերընթերցում ես կրկին և գտնում, որ տեղ-տեղ սայթաքել ես, տեղ-տեղ դրանք ժամանակավրեպ են արդեն. հայ մեծ բանաստեղծի բառերով ասած՝ «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր…»: Ցավոք, այսօրվա շունչը, պատկերավոր ասած, թթվածնային իր պաշարով ինձ չի բավարարում, ես այդ շնչի հետ չէի ցանկանա հարմարվել, վերանայել կամ ինչ-որ բան փոխել, սակայն անձնական մոտեցումն այս դեպքում շատ քիչ է, քանի որ ստիպված ես այդ միջավայրում եթե ոչ ապրել, ապա՝ գոյատևել: Ուստի, գրիչդ քեզ հուշում է ապավինել գալիքին՝ այսօրվա աճող սերնդին: Գրողը պիտի անկեղծ լինի թե՛ իր, թե՛ իր ընթերցողի հետ: Այսօր մենք համաշխարհային գրականությունից հայ դասականների կատարած լավ կամ վատ թարգմանություններն ենք կարդում. դրանք ասես օրվա համար են գրված, կարևոր է, թե ինչպես կընկալվի հետո: Հիշում եմ՝ Փարիզի Լուվրի թանգարանում առիթ ունեցա մի արվեստագետի հետ զրուցելու լավագույն նկարչի ստեղծած դիմանկարի մասին, որը տասնամյակներ հետո է նմանվում բնորդին: Դա վերաբերում է նաև գրականությանը. ժամանակն այնպիսի շեշտադրումներով պետք է հանձնել թղթին, որ աստիճանաբար այդ նույն գիրքը 20 տարի անց, երբ մեկը գնի և տուն տանի, լուծումներ գտնի դրանում: Եթե գրողն առանց լուծումների միայն խնդիրներ է դնում իր առջև, այսօր դրանք կողմնորոշիչներ են, որոնք ինձ մտահոգում են՝ ինչպես սահմանել դրանք, որ ո՛չ քմահաճույք լինի, ո՛չ էլ պայմանավորված լինի որևէ մեկի նախասիրությամբ: Մեզ պետք է օգնության հասնի մարդ-անհատի հոգեբանական գործոնը:

-Պարո՛ն Սեդրակյան, խոսենք Ձեր գրքերի մասին. քանի՞ գիրք եք տպագրել, ովքե՞ր են Ձեր ընթերցողները:

-Տպագրված փաստն ինձ չի կերակրում, և չեմ կարծում, որ որևէ գրողի համար շատ գիրք տպագրելը շատ խելոք լինելու կամ շատ աշխատասիրության նշան է: Չորս գիրք եմ տպագրել, 4-ն էլ ընթացքի մեջ են, որոնք երևի մինչև տարվա վերջ կդրվեն ընթերցողի սեղանին: Ես ինձ գրող չեմ համարում. դրա համար շատ մեծ ճանապարհ է պետք անցնել: Ես թղթին եմ հանձնում այն, ինչ ճիշտ եմ համարում, իսկ մարդու չսխալվելու համար առաջին նախապայմանն իր կենսագրությունն է. ոչ ոք իրենից բացի իրեն լավ չի ճանաչում, դրա համար ես ստեղծագործում եմ առաջին դեմքով, գրում եմ Վարդգես Պետրոսյանի ասած՝ իմ ապրած ու չապրած տարիների մասին: Ուրախ եմ, որ մերձավորների շրջապատում այս ինքնակենսագրական գրիչն արժանանում է ուշադրության: Երբեմն մտերիմներս ասում են, որ դաժան եմ վերաբերվում կենսագրությանս այն էջերին, որոնք միայն իմ անձով չեն պայմանավորված: Այն ցավերը, լուռ տառապանքները, որոնք ես տարել եմ որդուս հաշմվելու պատճառով, նույնպես հանձնել եմ թղթին:

-Ես հիշեցի Ձեր արմատների, պատմական հայրենիքի հետ կապված, շատերին հայտնի մի հետաքրքիր պատմություն. խնդրում եմ Դուք ներկայացրեք մեր ընթերցողներին:

-70-ականներին «Հայրենիքի ձայն» թերթի գլխավոր խմբագիրը Վահագն Դավթյանն էր: Նա ինձ առաջարկեց այդ ուղևորությունը, իսկ մինչ այդ զրուցել էի Շաքե Վարսյանի հետ, որ ընդգրկված էր այդ խմբում: Ճամփորդական երթուղին ընդգրկում էր նաև Բասենի գավառը՝ նախնիներիս ծննդավայրը: Ընդգրկվեցի այդ խմբում և անմոռաց հուշեր, տառապալից վերապրումներ ունեցա… Մորս խնդրանքը կատարելով՝ Բասեն գավառից մի բուռ հող պիտի բերեի, որ հետագայում նրա գերեզմանին շաղ տայի: Ես «ստեղծագործաբար» մոտեցա մորս խնդրանքին՝ մի բուռ հողի տեղ մի բարձի երեսի չափ հող վերցրեցի: Տեսա, որ քրդացած հայերը երկանքով ցորեն են աղում, խնդրեցի, որ այդ ցորենից մի քանի բուռ ինձ տան: Այդ ժամանակ մեզ ակնդետ հետևում էին թուրք ոստիկանները, թե ուր ենք գնում, ում հետ ենք շփվում: Երբ հասանք Գյումրիի մոտ մաքսատան անցակետին, այդտեղի աշխատողներն արդեն գիտեին, որ ես հող ու ցորեն եմ տանում: Թուրք ոստիկանը փորձեց իմ հողն ու ցորենը հետ վերցնել: Զզվելի էր. ախր շուն շան որդի, դա քո հողը չէ… Սահմանային միջադեպ ստեղծելու համար նա հողը խլեց ինձնից՝ սպասելով իմ արձագանքին, որը չուշացավ. ես հրեցի թուրք ոստիկանին, և նա վայր ընկավ: Վրա հասան Վահագն Դավթյանը, Շաքե Վարսյանը, թարգմանչուհի Սյուզին: Ես ասացի թուրքին. «Մենք մեր Հայրենիքը, մեր հողերը մի օր հետ կվերցնենք, և այդ ժամանակ ոչ թե բուռ-բուռ, այլ՝ ամբողջությամբ»: Վահագն Դավթյանը հյուպատոսի ներկայություն պահանջեց՝ վախենալով, որ իմ նկատմամբ ուժ կգործադրեն: Հարցը լուծվեց հօգուտ հողի և ցորենի: «Հայրենիքի ձայն»-ում այս առիթով մի փոքրիկ նյութ դրվեց: Մինչ այդ ես Երևանի պետհամալսարանի գիտխորհրդի որոշմամբ և Ամենայն Հայոց Վեհափառ Վազգեն Առաջինի օրհնությամբ իմ դիսերտացիայի հետ կապված եղել էի Հնդկաստանում: Մորս մահից հետո նրա գերեզմանի վրա շաղեցի այդ հողը, ցանեցի ցորենը, ալյուր դարձրինք, մորս մահվան տարելիցի օրը Էջմիածնում պատարագ մատուցեցինք և այդ ալյուրով պատրաստված նշխարներ բաժանեցինք ներկաներին: Վեհափառը, որ արդեն ճանաչում էր ինձ, այդ օրը ոսկե խաչերով պարգևատրեց ինձ ու իմ բալիկներին: Նա գնահատեց այս երևույթը՝ ասելով, որ Հայրենիքի կարոտը այսպիսի ծիլեր է տալիս, իսկ թուրքը թուրք է մնում նաև այն պահին, երբ դու քո հողի մասունքի տերն ես ուզում լինել:

-Եղեռնի 100-րդ տարելիցը ցնցեց ողջ աշխարհը. 2015-ը կարելի է համարել նաև հայաճանաչության տարի: Ձեր կարծիքով մո՞տ է արդյոք հատուցման օրը:

-Այդքան հեշտ լուծվող հարց չէ, այդ խմորը շատ ջուր է վերցնելու, բայց ճանապարհը ճիշտ է ընտրված: Պոզների հետ ունեցած հարցազրույցի ժամանակ մեր երկրի նախագահը, որ իմ համոզմամբ շատ ճիշտ է վարում հատկապես մեր երկրի միջազգային հարաբերությունները, հայ-ադրբեջանական խնդիրները, Պոզների հարցին պատասխանեց, թե մենք ուզում ենք, որ Թուրքիան միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը… Սակայն Արամ կաթողիկոսը և Սփյուռքը քիչ համարեցին միայն ճանաչումը. պահանջատիրության գաղափարը վերաբերում է մեր պատմական հայրենիքին, մեր կորցրած տարածքներին: Գերմանիան փոխհատուցեց հրեաների Հոլոքոսթի դիմաց, սակայն հույները մի լավ խոսք ունեն՝ համեմատությունն ապացույց չէ… Գերմանիան մեր հանդեպ ունեցած իր հանցավոր մասնակցությունը սքողելու համար ընդամենը մի ներողություն է ուզում մեջտեղ քաշել… Մենք չունենք իրավաբանական այն հիմքը, որ Գերմանիայից պատասխանատվություն պահանջենք:

-Դուք բազում հնարավորություններ ունեիք արտերկրում ապրելու և նույնքան պատճառներ՝ արտագաղթելու: Ինչպե՞ս եղավ, որ մնացիք Հայրենիքում, ի՞նչը Ձեզ պահեց:

-Սկսեմ հեռվից. այդ գաղթ, արտագաղթ, ներգաղթ բառերը չգիտեմ` ինչպես անվանել, չգիտեմ՝ Աստծո պատիժ, պարգև համարե՞մ: Ես զբաղվում եմ սփյուռքահայ գաղթօջախների պատմությամբ, իմ ատենախոսության թեման հայ-հնդկական հարաբերություններն են. հայը կարծես հաճույքով է բռնում գաղթի ճամփան, ասես դրախտ է որոնում: Որևէ «իզմի» տակ մենք երբեք դրախտ չենք եղել: Եթե 4000 տարվա մեջ մենք ընդամենը 400 տարվա խաղաղ կյանք ենք ունեցել, ապա այդ խաղաղ կյանքն էլ բոլոր հատվածներին չէ, որ վերաբերել է: Ասես մեր արյան մեջ գաղթելու սև էներգիա է նստած: Սակայն ճշմարիտ է այն, որ շատերը գնում են՝ ելնելով սոցիալական ծանր վիճակից: Ցավոք, հացի խնդիրը դառնում է որոշիչ: Այդ վերքը պիտի բուժել: Ինքս չեմ գնացել և չեմ գնալու Հայրենիքից: Ինձ իմ երկրում պահեց նաև իմ ցավը, որովհետև ես որդուս միայն կարող էի բուժել իմ հողում, իմ միջավայրում, Հայաստանի արևի ջերմությամբ: Եթե անգամ այդ հոգսն էլ չունենայի` չէի գնա, ես գնչուական խառնվածք չունեմ: Իր ցավին տեր կանգնողն իր երկրին էլ տեր կկանգնի: Ես ծնողներիս թանկ շիրիմներն ինչպե՞ս թողնեի:

- 1968-ին մեկնել եք Հնդկաստան և…

-Մեկնել եմ և կարողացել եմ նորահայտ վավերագրերի հայտնաբերմամբ պարզել 150 տարի առաջ հնդկահայ նշանավոր գործիչ Մեսրոպ Թաղիադյանի կորած համարվող բարձրարժեք արխիվի տեղը և 1971 թ. «Գարուն» ամսագրում հրապարակել եմ այդ վավերագրերը:

-21 տարի Դուք ղեկավարել եք Երևանի թիվ 143 նշանավոր դպրոցը, որտեղ 1979 թ. Ձեր մտահղացմամբ ու էսքիզով տեղադրել եք Երվանդ Գոջաբաշյանի քանդակած Մովսես Խորենացու«Հայոց պատմությանը» նվիրված հուշակոթողը: Դպրոցից Ձեր գնալուց հետո ի՞նչ ճակատագրի արժանացավ այն:

-Ինձնից հետո դպրոցը գնաց կործանման. չկարծեք, թե ամբողջը միայն իմ ուսերին էր. ժամանակներն էին այդպիսին: 1500 աշակերտից դպրոցում այսօր ընդամենը 320 աշակերտ կա: Հուշակոթողը յուրօրինակ սրբավայր էր դպրոցի բակում, ուր հավաքվում էին, երգում, պատմության դասերն անցկացնում, խնամում քանդակը: Ինձնից հետո հուշակոթողի կողքին… հավաբուն սարքեցին: Հետագայում ես առաջարկեցի քանդակը տանել ու տեղադրել Խորենացու փողոցում: ԱՄՆ-ից նամակ գրեց քանդակագործ Գոջաբաշյանը, որ պետդեպարտամենտի նոտարով հաստատված երաշխավորագիր ուղարկեց, որով իր ցանկությամբ, լինելով իր հեղինակակիցը, կարող էի ես տնօրինել հուշարձանի ճակատագիրը, սակայն ոչ մի քայլ չարվեց: Դիմեցի և՛ ՀՀ ղեկավարությանը, և՛ արվեստագետներին, սակայն մինչև օրս էլ այդ հարցը լուծված չէ: Դեռ հույս ունեմ: Շատ եմ ափսոսում դպրոցի համար. այն առաջինն ու միակն էր, որն ուներ նաև իր փոքրիկ հեռուստակենտրոնը:

-Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Հոգու կանչ. ես այստեղ կարող եմ ցավս լացել, իսկ դրսում ինձ ոչ ոք չի լսի: Հայրենիքը ո՛չ բանաստեղծական տող է, ո՛չ էլ՝ երգի նյութ. առաջին հերթին ներքին աշխարհդ պիտի լցված լինի Հայրենիքով:

-Ո՞րն է լավագույն հայն ու հայի տեսակը Ձեզ համար:

-Եթե հավաքական կերպով վերցնենք, ապա լավագույն հայն ինձ համար Պարույր Սևակն է, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը… և էլի շատերը: Իր Հայրենիքը լավ ճանաչողը, անցյալն ու ներկան, իր արմատները ճանաչո՛ղն է լավագույն հայն ինձ համար:

Կարինե Ավագյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: