Հայերեն   English   Русский  

Նկարչությունից և ծաղրածու լինելուց առավել` իմ անհատականությունն եմ կարևորում. Սալվադոր Դալի


  
դիտումներ: 5992

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ և գրող, սյուրռեալիստ Սալվադոր Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկը (1904 - 1989) տարօրինակ էր: Օրինակ` ճաշից հետո քնում էր ձեռքին պղնձե բանալի բռնած, որից վար տեղադրված էր երկաթյա ափսե: Երբ բանալին ընկնում էր ափսեի մեջ, արթնանում էր: Նկարիչն ասում էր, որ այդ խլացնող ձայնից արթնանալն աշխարհի ամենաթարմացնող բանն է:

1926 թ. Դալիին վատ վարքի պատճառով ակադեմիայից հեռացնում են։ Նույն տարին նա գնում է Փարիզ, որտեղ ծանոթանում է Պիկասոյի և Բրետոնի հետ, ինչն էլ նրա սյուրռեալիստական ուղու սկիզբն է դնում։ Այդ ժամանակ ծանոթանում է իր ապագա կնոջ` Գալա Էլյուարի հետ, որը նրա հետագա կյանքի ոգեշնչման աղբյուրն է դառնում։ 1940 թ. Դալին մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև 1948 թ.։

Հանճարը նաև նկարահանել է սյուրռեալիստական ֆիլմեր, նկարազարդել գրքեր, զբաղվել է ոսկերչությամբ, ձևավորել ներկայացումներ և հագուստներ։ Նրա բալետային սցենարներից և գրքերից են, օրինակ, «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» (1942) և «Հանճարի օրագիրը» (1964), իսկ նրա թատրոն-թանգարանը գտնվում է Իսպանիայի Ֆիգուերաս քաղաքում։ Նա դեմ էր արևին, սպանախին, մեխանիկային, Ռեմբրանդին, ուրվականներին և լեռներին, սակայն կողմ էր բարդությանը, խխունջներին, կրոնին և ինքն իրեն:

Ներկայացնում ենք ամերիկացի լրագրող Մայք Ուելսի բացառիկ հարցազրույցը Սալվադոր Դալիի հետ (1958):

- Դալի, Դուք հիանալի նկարիչ եք: Ինչո՞ւ եք այդպես տարօրինակ վարվում:

- Այդպես էքստցենտրիզմը համապատասխանում է իմ կյանքի ավելի կարևոր և ողբերգական, ավելի փիլիսոփայական կողմին և բացահայտում հոգևորի ուժը: Այդ կերպ Դալին ներթափանցում է սեփական ենթագիտակցություն:

- Հարցազրույցից առաջ ինձ խնդրեցիք, որ շփոթեցնող հարցեր ուղղեմ ձեզ, քաոս ստեղծեմ: Ինչո՞ւ:

- Քանի որ երբ Ֆրանսիայում ֆիլմ էինք նկարում, ես չառլստոն էի պարում: Գիտեք, Դալին ավելի լավն է, քան Չառլի Չապլինը, ինչը իմ կարծիքով հետաքրքիր է, որովհետև Դալին հիանալի նկարիչ է, միաժամանակ հիանալի ծաղրածու: Դա շատ հետաքրքիր է:

- Դուք Ձեզ անվանում եք հանճար, և դա ասում եք ամենայն լրջությամբ: Ուզում եք երկու ոլորտո՞ւմ հանճար լինել:

- Տարբեր ոլորտներում... Իմ կյանքի համար նկարչությունից և ծաղրածու լինելուց առավել կարևորը իմ անհատականությունն է: Իսկ այդ ամենը Դալիի անհատականության արտահայտման ձևերն են:

- Ո՞րն է ձեր նկարների առանցքային գաղափարը:

- Դալլիի կոսմոգոնիան: Դա միջուկային ֆիզիկա է: Իմ նկարները սկզբից շատերին ծիծաղելի են թվում, սակայն մոտավորապես 12 տարի հետո յուրաքանչյուրը ճանաչվում են որպես իրական մարգարեություն:

- Ո՞րն է նկարչի ներդրումն այս կյանքում:

- Ամեն նկարիչ նկարում է իր կոսմոգոնիան:

- Ի՞նչ ժամանակակից նկարչի եք համակրում:

- Առաջինը Դալիին, հետո Պիկասոյին, այնուհետև մնացածին: Դալին ու Պիկասոն ժամանակակից հանճարներ են:

- Մի անգամ ասացիք, որ սիրում եք երեք բան` թուլություն, շքեղություն և հին դարաշրջանը: Ինչո՞ւ:

- Շքեղությունը միապետության արտադրանք է: Ես ամեն օր դառնում եմ միապետ, ոչ թե քաղաքական, այլ փիլիսոփայական առումով: Կենսաբանությունն ապացուցել է, որ միապետությունը շքեղության ամենակատարյալ տեսակն է: Հին դարաշրջանը սիրում եմ, քանի որ երիտասարդ մարդիկ հիմար են, իսկ թուլությունը սիրում եմ, որովհետև ժամանակակից ֆիզիկայում ամեն ինչ թույլ է:

- Նշել եք նաև, որ մահը գեղեցիկ է: Ի՞նչ գեղեցկություն կա մահվան մեջ:

- Կյանքը էրոտիկ է, այնուհետև դառնում է տգեղ, իսկ մահը էրոտիկ չէ, սակայն սուբլիմացվում է և դառնում գեղեցիկ: Օրինակ` երբ մարդը գեղեցիկ է, նրան իր կյանքի օրոք ոչ ոք չի գնահատում, բայց երբ մահանում է, բոլորի համար դառնում է ֆանտաստիկ անձնավորություն, և սկսում են նրան հարգել: Ես ընդհանրապես չեմ հավատում Դալիի մահվանը: Ուղղակի սարսափահար եմ լինում մահից:

- Ինչո՞ւ:

- Քանի որ իմ պայքարը բավարար չէ կրոնում..

- Դուք չեք սիրում հրապարակայնորեն հանել ձեր կոշիկները, օրինակ` խանութում, և հաճախ ձեզ մոտ փայտի կտոր եք պահում: Դրանք ի՞նչ են…

- Ճիշտ եք: Իրականում իսպանացիները շատ սնահավատ են:

- Դուք քաղաքականությունից գլուխ հանո՞ւմ եք: Օրինակ` գիտե՞ք, թե ով է Բրիտանիայի վարչապետը:

- (Դալին շփոթվում է) Այո, բայց ինձ չի հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է իրադարձությունների փիլիսոփայական մասը:

- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ժամանակը:

- Ինձ համար ամենահաճելի ժամանակ անցկացնելու ձևն ամեն օր քիչ-քիչ Դալի դառնալն է: Վեց տարեկանում ուզում էի խոհարար դառնալ, յոթում` Նապոլեոն, իսկ հիմա ամեն օր Դալի եմ դառնում:

- Մի անգամ նշեցիք, որ փոքր ժամանակ ագրեսիվ եք եղել և նույնիսկ վնասել եք մարդկանց:

- Այո, սակայն հիմա, երբ դարձել եմ ավելի հոգևոր, սադիստական հակումները մարել են: Իմ լիբիդոն սուբլիմացնում եմ արվեստով: Ինչ վերաբերում է Գալային` իմ կնոջը, ապա նա ստեղծել է իմ ներկա կյանքի իրական միստիցիզմն ու կլասիցիզմը: Ես օրեցօր սիրահարվում եմ նրան: Ոչ ոք չի հավատում, որ 20 տարվա ընթացքում բացի նրանից այլ կանանց հետ սիրով չեմ զբաղվել:

- Գո՞հ եք ձեր կյանքից:

- Այո, ամեն օր, քանի որ յուրաքանչյուր պահի դառնում եմ Դալի և հիանում եմ նրանով:

Սյուրռեալիստ Սալվադոր Դալին թույլ էր տալիս Գալային ունենալ այնքան սիրեկան, որքան նա էր ցանականում: Դա նույնիսկ նկարչին ոգեշնչում էր: Իր ամեն նկարում նա պատկերում էր իր կնոջ մի մասնիկ: Գալան մահացավ 1982 թ. հունիսի 10-ին, 78-ամյա Դալին չցանկացավ ներկա գտնվել կնոջ հուղարկավորությանը: Շատ ծանր էր տանում Գալայի մահը, և նրանից հետո ապրեց յոթ տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: