Հայերեն   English   Русский  

Վերականգնվում է պատմական Կումայրին


  
դիտումներ: 1253

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մաս կազմող ևս մեկ շինություն փրկվում է ավերվելուց:

Գյումրիում Իտալիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն պաշտոնում նշանակվելուց ի վեր մեծ հետաքրքրություն է ցուցաբերում հանրապետության երկրորդ քաղաքի պատմական շինությունների նկատմամբ: Ստեղծվել է «Գյումրու ընկերներ՚» հիմնադրամ, որի ֆինանսական միջոցներով Գյումրիում մի շարք ծրագրեր են իրականացվում: Այսօր Շիրազի 30 հասցեում գտնվող պատմական ևս մեկ կառույցում հյուպատոսի ու հիմնադրամի շնորհիվ վերականգնման առաջին քարը դրվեց:

«Շենքի առաջին հարկում լինելու է Գյուրջիևյան կենտրոն, մյուս մասում կլինի Գյումրու պատմամշակութային վերականգնման արխիվացման կենտրոնը: Քանի որ Գյումրիի ներուժը հսկայական է, ուստի որքան այն կատարելագործվի արվեստագետների միջոցով, այնքան զբոսաշրջային գայթակղությունն ավելի մեծ կլինի», - ասում է իրեն գյումրեցի համարող Անտոնիո Մոնտալտոն: Շենքի վերակառուցման համար անհրաժեշտ է 250 հազար եվրո, ու ինչպես հյուպատոսն է խոստանում լրատվամիջոցների ներկայությամբ՝ արխիվացման ու ճարտարապետության այս յուրօրինակ կենտրոնն իր դռները կբացի մինչև տարեվերջ:

պատմական Կումայրի

պատմական Կումայրի

Բազմաթիվ հյուրերի, քաղաքային ու մարզային իշխանությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հուշատախտակի բացում՝ այդ նույն վերականգնվող շենքի պատին:
«Վեց տարի է ես համագործակցում եմ Անտոնիո Մոնտալտոյի հետ բազմաթիվ նախագծերի շրջանակներում, որոնք իրականացվում են Գյումրիում: Մենք բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ունենք», - ասում է ֆրանսիահայ բարերար Մանուել Փամբուկչյանը ու առավել կարևորում դրանցից երկուսը՝ «Մշակութային և տնտեսական ապակենտրոնացում: Տնտեսական ապակենտրոնացումն ինչ-որ առումով արդեն ընթացքի մեջ է, իսկ մշակութային մասով այսօր հնարավորություն ունենք եզակի կառույց ներկայացնել գյումրեցիներին»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ, կարևորելով նման կենտրոնի ստեղծումը պատմական Գյումրիում, նշեց. «Արդյունքում մենք ստանում ենք մի շատ կարևոր հիմնարկություն, որտեղ պետք է ուսումնասիրվի Գյումրու պատմական միջուկը, նախագծվի, վերականգնվի և արխիվացվի: Սա ինձ համար, որպես քաղաքապետ, հրաշք է: Ես այնքան շնորհակալ եմ պարոն Մոնտալտոյին, այսպիսի հաջողության, այսքան պատմական արժեքներ փրկելու, վերականգնելու համար»:
«Գյումրու ընկերներ» հիմնադրամը ստեղծվել է հենց նրա համար, որպեսզի կարողանա նպաստել Գյումրու զարգացմանը իր իսկ պատմական ու մշակութային ներուժով. «Մեր նպատակն է ամբողջ պատմության ընթացքում Գյումրիի ունեցած նախկին մշակութային կարողությունն ու ուժն այնպես հաղորդել քաղաքին, որ այն նորից ճառագի», - ավելացնում է Մանուել Փամբուկչյանը:
Շինությունը, որ գտնվում է «Կումայրի» արգելոցի կազմում, համարվում է 1890-ականների կառույց:

պատմական Կումայրի

պատմական Կումայրի

պատմական Կումայրի

Ստույգ տվյալներ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ այն կառուցվել է 3-4 փուլով. սկզբում հիմնվել է Վարպետաց փողոցում գտնվող հատվածը, ապա կամարի հատվածը, 3-րդ փուլում կառուցվել է շինության երկհարկանի մասը և վերջում 1,5 հարկանի հատվածը, որը և հատկացվել է արխիվացման կենտրոն ստեղծելու համար: Ինչպես փոխանցում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը, շինարարությունը տևել է մոտ տաս տարի, այն պատկանել է Դրամքյանների ընտանիքին: Խորհրդային տարիներին շենքում եղել են ԿԳԲ «պադվալներ», մի մասում գործել է հայտնի «Գյումրի» ռեստորանը: 1991 թվականից սկսած շենքը մաս-մաս վաճառվել է, միակ համայնքապետկան հատվածը 1,5 հարկանի շենքն է: Շինության երկհարկանի հատվածը մինչ օրս բնակելի է:
«Շենքը խիստ վթարային է, 4-րդ աստիճանի վթարայնություն ունի: Տարածքով անցնում է խոշոր «քյարիզ», որը բացվել էր ջրագիծ անցկացնելիս: Երկրորդ ՙքյարիզը՚ կամարի տակ է, որը վնասված է, ջրերը լցվում են շենքի բակը», - «Անկախ»-ի հետ զրույցում նշեց արգելոց-թանգարանի գործադիր տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը: Նրա խոսքով` բավական լուրջ ու բարդ հաշվարկներ ու նախագծեր են պետք կատարել մինչև բուն շինարարության մեկնարկը:
Կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի մաս է, ըստ եղած պայմանավորվածությունների՝ վերականգնման ընթացքում պահպանվելու են շենքի արտաքին ու ներքին ճարտարապետական բոլոր լուծումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: