Հայերեն   English   Русский  

​Ֆուտբոլային փոխանցումներ. ի՞նչ արժի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը


  
դիտումներ: 2630

Ամեն տարի բրիտանական տրանսֆերային ընկերությունը ներկայացնում է ֆուտբոլիստների, ազգային հավաքականների, ակումբների տվյալ տարվա տրանսֆերային արժեքը: 2015-ին Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկված 23 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմել է 29, 79 մլն ֆունտ ստեռլինգ: Հարևան երկրներից մենք զիջում ենք միայն Թուրքիային (143,40 մլն): Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Վրաստանին, ապա նրանց ազգային հավաքականների տրանսֆերային արժեքները, համապատասխանաբար, 7,88 և 24,44 մլն ֆունտ ստեռլինգ են կազմում:

Ֆուտբոլային տրանսֆերներ կատարվում են տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը: Եվրոպական երկրներում ամառային տրանսֆերների պատուհանը սկսվում է մայիսի 20-ին և փակվում սեպտեմբերի 12-ին, իսկ ձմռանը՝ հունվարի 1-31-ը:

Երկրպագուներին տրանսֆերները պակաս չեն մտահոգում, որքան խաղերի արդյունքները, հատկապես` սեզոնային դադարների ժամանակ, երբ ակումբները չեն անցկացնում պաշտոնական հանդիպումներ և ամրապնդում են իրենց կազմերը: Պատահում է նաև, որ ակումբները տրանսֆերի են հանում իրենց ֆուտբոլիստներին ոչ թե գումար աշխատելու նպատակով, այլ քանի որ նրա ծառայությունների կարիքն այլևս չունեն:

Նորություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանի ազգային հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Հենրիխ Մխիթարյանը (18,48 մլն ֆունտ ստեռլինգ): Ի դեպ, այն նվազել է. 2013 -ին Մխիթարյանի տրանսֆերը կազմում էր մոտ 24,20 մլն:

Ուշագրավ է, որ վերջին շրջանում իտալական լրատվամիջոցները ավելի հաճախ են անդրադառնում Մխիթարյանին, հնարավոր է՝ նա տեղափոխվի Իտալիա: Մեր հայրենակիցը և Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը հայտնվել են Իտալիայի վերջին երեք առաջնությունների հաղթող Թուրինի «Յուվենթուսի» տրանսֆերային ցուցակում: «Ծեր սինիորան» մինչև 25 մլն ֆունտ ստեռլինգ է նախատեսել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքը համալրելու համար: Ակումբի հետաքրքրությունների շրջանակում հայ ֆուտբոլիստի անունը նշվում էր դեռ ձմռանը, սակայն Հենրիխը շարունակեց ելույթները Դորտմունդի «Բորուսիայում»: Հիշեցնենք, որ օրեր առաջ լուր էր տարածվել, որ Հռոմի «Ռոմայի» մարզական տնօրեն Վալտեր Սաբատինին զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ, և կողմերը քննարկել են հայ խաղացողի հնարավոր տրանսֆերը:

Նշենք, որ Մխիթարյանը գործող պայմանագիր ունի «Բորուսիայի» հետ և բազմիցս է հայտարարել, որ չի պատրաստվում հեռանալ Դորտմունդից:

Մխիթարյանին հաջորդում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, «Սպարտակում» հանդես եկող Արազ Օզբիլիսը: Անցած տարվա համեմատ` մոտ 2 մլն-ով նվազել է Արազ Օզբիլիսի տրանսֆերային արժեքը և այժմ կազմում է մոտ 4,40 մլն նախկին 6,16 մլն-ի փոխարեն: Հարկ է նշել, որ արժեքի նվազումն ուղղակիորեն կապված է դեռևս անցած տարվա հունիսին Ալժիրի հավաքականի դեմ ընկերական խաղում ծնկի վնասվածք ստանալու հետ:

Ինչ վերաբերում է Ղազախստանի «Ակտոբեում» հանդես եկող Մարկոս Պիզելիին, ապա նա մեր տրանսֆերային աղյուսակի 3-րդ հորիզոնականում է: Նրա մոտ, ինչպես նախորդ երկուսի մոտ, ևս նկատվում է նվազման միտում: 2013-ին նրա տրանսֆերը հասնում էր մոտ 2,64 մլն ֆունտ ստեռլինգի, իսկ այժմ կազմում է 1,14 մլն:

Հունական «Կերկիրա» ակումբում հանդես եկող Գևորգ Ղազարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 704 հազար ֆունտ ստեռլինգ, մինչդեռ 2014-ին հասել էր 880 հազարի:

Հինգերորդ հորիզոնականում է Արթուր Սարկիսովը, որի տրանսֆերային արժեքը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել և կազմում է 704 հազար ֆունտ ստեռլինգ:

Այնուհետև հաջորդում են Ռոբերտ Արզումանյանը, որի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 352 հազար (նվազել է գրեթե 100 հազարով), Կառլեն Մկրտչյանը՝ 440 հազար՝ նախկին 616 հազարի փոխարեն, Ռումյան Հովսեփյանը, որի տրանսֆերային արժեքն աճել է՝ հասնելով 440 հազարի: Ուշագրավ է, որ 4 տարի շարունակ չի փոփոխվում Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը՝ 396 հազար: Աճել է Հրայր Մկոյանինը և կազմում է 352 հազար (2014-ին՝ 264 հազար), Կամո Հովհաննիսյանը պահպանում է նախորդ տարվա արժեքը, որը կազմում է 352 հազար, անփոփոխ է «Փյունիկում» հանդես եկող Տարոն Ոսկանյանի տրասֆերային արժեքը՝ 308 հազար, Զավեն Բադոյան՝ 286 հազար, Լևոն Հայրապետյան, Արթուր Յուսպաշյան, Արտյոմ Սիմոնյան՝ 176 հազարական ֆունտ ստեռլինգ, Արթուր Ավագյան՝ 154 հազար, Գևորգ Կասպարով, Ռուսլան Կորյան, Նորայր Ասլանյան, Գաել Անդոնյան՝ 132 հազարական, Արթուր Միրանյան՝ 88 հազար: Աղյուսակը եզրափակում է դարպասապահ Ռոման Բերեզովսկին` 44 հազար ֆունտ ստեռլինգով:

Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա մոտ 2 մլն-ով նվազել է նրա տրանսֆերային արժեքը: 2014-ին այն կազմում էր մոտ 7,9 մլն, իսկ այս պահին այն կազմում է 6,16 ֆունտ ստեռլինգ: Տարօրինակ է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությամբ նա ընդհատեց մասնակցությունը Պորտուգալիայի ընտրանու հետ խաղի նախապատրաստական հավաքին և հետազոտություն անցնելու նպատակով մեկնեց ԱՄՆ: Հարց է ծագում՝ ի՞նչ պատահեց, որ պորտուգալացիների հետ կարևոր հանդիպումից 3 օր առաջ մեր մարզիչներն ու բժիշկները բացառում էին Մովսիսյանի արագ վերականգնումը, բայց 5 օր հետո պարզվեց, որ նա Մոսկվայում հաջողությամբ է հանձնել լուրջ ծանրաբեռնվածություն ենթադրող թեստը: Ուրեմն, ի՞նչն է խնդիրը: Կարծես մարզչի հետ կապված խոչընդոտ չկա: Ըստ երևույթին, խնդիրը պետք է դիտարկել այլ տեսանկյունից:

Ուշագրավ է, որ աճել են Հայաստանի ֆուտբոլային ակումբներում հանդես եկող մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները:

Մասնավորապես աճել է «Ուլիսի» ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի տրանսֆերային արժեքը` 220 հազար ֆունտ ստեռլինգ: Հարկ է նշել, որ Ալեքսանյանն անցած առաջնությունում վատ ելույթ չունեցավ իր թիմի կազմում: Պատահական չէ, որ շատերը կարծում էին, որ ժամանակն է կիսապաշտպանին հրավիրելու Հայաստանի ազգային հավաքական:

«Փյունիկի» հարձակվող Ռազմիկ Հակոբյանի և դարպասապահ Անատոլի Այվազովի տրանսֆերներն արժեն 132 հազար:

Դիրքերը պահպանել է Գյումրիի «Շիրակի» արդեն նախկին ֆուտբոլիստ Դավիթ Մարիկյանը, որի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել էր անցած տարվա դեկտեմբերին՝ 200 հազար:

«Միկայի» կազմից կարելի է առանձնացնել հարձակվող Գևորգ Կարապետյանին, որի տրանսֆերային արժեքը, համեմատած թիմակիցների հետ, բարձրացել է՝ հասնելով 132 հազարի:

«Ալաշկերտում» ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանը՝ 220 հազար: Հարկ է նշել, որ դեռ մեկ տարի առաջ «Շիրակի» նախկին խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում էր 330 հազար եվրո:

Անդրադառնալով համաշխարհային ֆուտբոլին՝ ներկայացնենք խաղացողների տրանսֆերներից ամենաբարձր եկամուտ ստացած ակումբների տասնյակը.

1. Գարեթ Բեյլ՝ «Տոտենհեմը» գնել է 13 մլն-ով, վաճառել՝ 85 մլն-ով, շահույթը՝ 72 մլն:

2. Քրիշտիանու Ռոնալդու՝ «Մանչեսթր Յունայթեդը» գնել է 15 մլն-ով, վաճառել՝ 80-ով, շահույթը՝ 65 մլն:

3. Կակա ՝ «Միլանը» գնել է 6 մլն-ով, վաճառել՝ 57 մլն-ով, շահույթը՝ 51 մլն:

4. Նեյմար ՝ «Սանթոսը» գնել է 0-ով, վաճառել 50 մլն-ով, շահույթը՝ 50 մլն:

5. Էրնան Կրեսպո՝ «Պարմանը» գնել է 2 մլն-ով, վաճառել՝ 48 մլն-ով, շահույթը՝ 46 մլն:

6. Զինեդին Զիդան՝ «Յուվենթուսը» գնել է 3 մլն-ով, վաճառել՝ 46 մլն-ով, շահույթը՝ 43 մլն:

7. Էդինսոն Կավանի՝ «Նապոլին» գնել է 14 մլն-ով, վաճառել՝ 55 մլն-ով, շահույթը՝ 41 մլն:

8. Զլատան Իբրահիմովիչ՝ «Ինտերը» գնել է 22 մլն-ով, վաճառել՝ 60 մլն-ով, շահույթը՝ 38 մլն:

9. Ռադամել Ֆալկաո՝ «Պորտուն» գնել է 5 մլն-ով, վաճառել՝ 41 մլն-ով, շահույթը՝ 36 մլն:

10. Լուիշ Ֆիգու՝ «Բարսելոնան» գնել է 2 մլն-ով, վաճառել՝ 37 մլն-ով, շահույթը՝ 35 մլն:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: