Հայերեն   English   Русский  

21-րդ դարում սպանվածի դիակի փոխանակման շուրջ առևտու՞ր անել. Ռիմա Առաքելյան


  
դիտումներ: 912

«Մենք դատապարտում ենք Կարեն Պետրոսյանի սպանությունը, դիակը Հայաստանին հանձնելու հարցում Ադրբեջանի ցուցաբերած վարքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, Գերիների պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը։

Վերջինս, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, նշեց, որ այժմ աշխատանքներ տարվում են գերիներին, Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու հարցում, բայց հստակ չմեկնաբանեց դրանք՝ նշելով, որ խնդիրը դժվար է. Ադրբեջանի համանման կազմակերպությունները, խորհուրդները Հայաստանի հետ համագործակցության առաջարկներին ընդառաջ չեն գնում։ Նույնիսկ այնտեղի՝ Անհայտ կործած զինվորների հարազատների խորհուրդը լուծարված է։

Ռիմա Առաքելյանի խոսքերով Ադրբեջանը հայտարարություններ է անում Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանցի գերիների հետ փոխանակելու մասին, սակայն «21-րդ դարում սպանվածի դիակի փոխանակման շուրջ առևտու՞ր անել», սա սարսափելի է։

Ռիմա Առաքելյանը կարծում է՝ դիակը պետք է հանձնվի առանց նախապայմանների։ Այս հարցում էլ կարևորում է Կարմիր խաչի ու տերությունների դերը, որոնք, գուցե, շարունակելով ճնշումներն Ադրբեջանի վրա, լուծում տան այս հարցին։

Առայժմ որևէ համագործակցություն, որևէ շարժ այս խնդիրների լուծման հարցում չկա։ Ըստ բանախոսի՝ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդը սպասում է Կարմիր խաչի ձեռնարկած քայլերին, Կարմիր Խաչն էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցում որևէ համաձայնության ձեռքբերմանը։

Լուրեր չկան նաև օգոստոսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Անանյանի մասին: Նրա՝ գերի ընկնելու մասին լուրը հենց Ադրբեջանական կողմն է հաղորդել և ըստ Ռիմա Առաքելյանի՝ սա էլ այն պատճառով, որ Ադրբեջանն ինչ-որ առումով վախեցել է գերտերությունների, միջազգային կառույցների մեղադրանքներից և առաջինն է հայտնել դրա մասին և նրան չի ներկայացրել որպես դիվերսանտ, այլ բնակիչ։

Իսկ Հակոբ Ինջիղուլյանի բախտը, ըստ նրա, բերեց. Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ և նրան տեղափոխեցին երրորդ երկիր։

Ռիմա Առաքելյանը վերջում «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի» անունից կոչ արեց Ադրբեջանցի մայրերին համախմբվել, համագործակցության գնալ գերիներին ու անհայտ կորածներին հետ վերադարձնելու հարցում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: