Հայերեն   English   Русский  

​Հայտնի է Քվանջու-2015-ում Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմը


  
դիտումներ: 856

Հուլիսի 3-14-ը Հայաստանի Հանրապետության ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմասնակցի Կորեայում կայանալիք 28-րդ ունիվերսիադային՝ ուսանողական մարզական խաղերին: Հայաստանը ներկայացնելու են 12 մարզիկ-մարզուհիներ: Մեր երկրի պատվիրակությունը ղեկավարելու է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը:

1995-ից Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ուսանողական խաղերին:

Այս տարի Քվանջուում (Հարավային Կորեա) կայանալիք խաղերին մասնակցելու է մեկնելու Հայաստանի 22 հոգուց կազմված պատվիրակությունը, այդ թվում՝ 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող մարզիկները պայքարելու են 6 մարզաձևում՝ սուսերամարտ, ձյուդո, թhեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս:

Հայաստանի ազգային հավաքականը 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերում ելույթներն ավարտելու է հուլիսի 14-ին:

Միջազգային ֆեդերացիան կազմակերպիչ երկրներին՝ որպես տանտիրոջ, ծրագրում լրացուցիչ մարզաձևեր ընդգրկելու առաջարկ անելու հնարավորություն է ընձեռում:

2013-ը շահեկան տարի էր Հայաստանի համար, քանի որ տանտերերի՝ ռուսների առաջարկով ծրագրում ավելացել էին ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտը, ծանրամարտը, շախմատը, սամբոն, բռնցքամարտը:

Այդ է պատճառը, որ Կազանում կազմակերպված խաղերում Հայաստանի պատվիրակությունը տիրացավ տասը մեդալի՝ 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 32-րդ տեղը: Սա երբևէ ունեցած լավագույն արդյունքն է: Հայ մարզիկները գլխավորապես մեդալներ վաստակեցին հենց այն մարզաձևերում, որոնք ընտրել էին տանտերերը (սամբո, ըմբշամարտ, շախմատ, ծանրամարտ, բռնցքամարտ):

Կորեացիները լրացուցիչ մարզաձև ընտրել են նետաձգությունը, հրաձգությունը, թհեքվանդոն: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ ազգային թիմում չեն ընդգրկվել այնպիսի մարզաձևեր, ինչպիսիք են շախմատը, ըմբշամարտը, բռնցքամարտը, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ:

Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը նշել է, որ մեր թիմը լավ է նախապատրաստված և Քվանջուից մեր պատվիրակները կվերադառնան հաղթանակով:

Հայրենի ընտրանին համալրված է լավագույն ուսանող մարզիկներով, որոնցից մի քանիսը հասցրել են հաջողությունների հասնել նաև պրոֆեսիոնալ սպորտում:

Ունիվերսիադան մեր ուսանող մարզիկների համար լուրջ իրադարձություն է: Իմիջիայլոց, այն անցկացման հանդիսավորությամբ զիջում է միայն օլիմպիական խաղերին:

Նշենք նաև, որ Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ` ուսանողական խաղերին կարող են մասնակցել բուհերի 17-28 տարեկան ուսանողներ կամ նրանք, ովքեր մեկ տարի է, ինչ ավարտել են ուսումը:

Ի դեպ, հոկտեմբերի 6-11-ը Երևանում անց է կացվելու Եվրոպայի համալսարանական սպորտի արագ շախմատի առաջնություն, որին ընդհանուր առմամբ կմասնակցի 25-30 համալսարանական թիմ: Հայաստանում այս կարգի մեծ միջոցառում առաջին անգամ է անցկացվելու:

Ունիվերսիադան անցկացման առաջին օրից եղել է ուսանողական գլխավոր մարզական միջոցառումը: Համաշխարհային ուսանողական խաղերի մեկնարկը տրվել է 1959-ին՝ Իտալիայի Թուրին քաղաքում: Մինչև 1978-ը կենտ տարեթվերին անց է կացվել ձմեռային ունիվերսիադա, զույգ տարեթվերին՝ ամառային: 1979-ից սկսած` ամառային և ձմեռային ունիվերսիադաները տեղի են ունենում նույն տարում՝ երկու տարին մեկ պարբերականությամբ` կենտ տարեթվերին:

Ըստ նշանակության և մասսայականության` ունիվերսիադան կարելի է համեմատել oլիմպիական խաղերի հետ: Ունիվերսիադայի մասնակիցների 60 տոկոսը սովորաբեր հանդես է գալիս oլիմպիական խաղերում: Բոլոր երկրների ազգային հավաքականների մարզիկների մոտ 90 տոկոսը համալրված է ուսանող մարզիկներով: Պատահական չէ, որ Համաշխարհային ուսանողական խաղերում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկները հետագայում հաջողությամբ են հանդես գալիս նաև օլիմպիական խաղերում ու աշխարհի առաջնություններում:

Հայկական սպորտում նմանատիպ իրողության վառ օրինակներն են հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը:

Արմինե Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: