Հայերեն   English   Русский  

​Հակառակորդը պարբերական կրակոցներով չի թողնում տավուշցիներին հավաքեն բերքը


  
դիտումներ: 871

Հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին հակառակորդը, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, մոտ մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի բնակավայրերն ու կրակ բացել սահմանային հենակետերի ուղղությամբ: Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը Անկախին հայտնել է, որ հակառակորդը նախ սկսել է կրակել գյուղին մոտ տեղակայված հայկական դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:

Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր է արձակել Դովեղի վրա: Գնդակները դիպել են հենապատերին, ընկել բնակելի տների տարածքներում: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ կրակոցները եղել են միայն համայնքին մոտ մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական զինուժի պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է: Անկախի թղթակցի խնդրանքով իրավիճակը մեկնաբանել է նաև Տավուշի մարզպետը: Հովիկ Աբովյանի խոսքով, նախօրեին և այսօր մարզի այլ սահմանամերձ համայնքերում թեև կրակոցներ չեն հնչել, բայց բերքահավաքի այս սեզոնին հակառակորդը շարունակում է սահմանին որոշակի լարվածություն առաջացնել: Հունիսի վերջին և հուլիսի առաջին օրերին ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել սահմանամերձ Կոթիի հացահատիկի դաշտերի, աշխատող գյուղացիների, կոմբայնի ուղղությամբ: Տուժածներ չկան: «Փորձում է անընդհատ լարվածության մեջ պահել բնակիչներին, որպեսզի չկարողանան հացահատիկի բերքահավաք իրականացնել»,-նշել է Տավուշի մարզպետը: Հակառակորդի կրակի պատճառով այրվել է խոտածածկ հատված, կոթեցիների, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների և զինվորականների ջանքերով՝ հնարավոր է դարձել մարել կրակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: