Հայերեն   English   Русский  

​Ուշագրավ մանրամասներ մեծերի կյանքից


  
դիտումներ: 2250

Հետաքրքիր, ուշագրավ մանրամասներով է լի հանրաճանաչ մարդկանց կյանքը: Ասում են, օրինակ, որ Հանս Քրիստիան Անդերսենը չեր կարողանում անսխալ գրել գեթ մեկ բառ:

Հանրաճանաչ գերմանացի կոմպոզիտոր Բեթհովենը մինչև իր կյանքի վերջն այդպես էլ չյուրացրեց բազմապատկման աղյուսակը: Բացի այդ, նա ուներ մի տարօրինակ սովորություն. ամեն անգամ նախքան ստեղծագործելը գլուխն ընկղմում էր սառը ջրով լի թասի մեջ` կարծելով, թե դա օգնում է մտածելուն: Եվս մի տարօրինակություն. նա սուրճը եփում էր պարտադիր սուրճի 64 հատիկներից: Ի դեպ, երբ գրեց իր «9-րդ սիմֆոնիան», արդեն բացարձակ խուլ էր:

Ի դեպ, Բեթհովենի առաջին համերգը կայացել է մեծն Էյնշտեյնի հայրենիքում` Գերմանիայում 1778 թ.:

Մի անգամ Գերմանիայում Էյնշտեյնը մասնակցել է բարեգործական համերգի: Տեղացի լրագրողը կողքինին հարցրել է` ո՞վ է նվագում: «Ինչպես, չճանաչեցի՞ք, դա հենց ինքը Էյնշտեյնն է»: Հաջորդ օրը թերթում լույս տեսավ հոդված մեծն երաժիշտ-վիրտուոզ ջութակահարի` Ալբերտ Էյնշտեյնի մասին: «Մեծ երաժիշտը» հպարտացավ և այդ հոդվածը ցույց էր տալիս մտերիմներին: «Դուք կարծում եք ես գիտնակա՞ն եմ, իրականում ես ջութակահար եմ»,- ասում էր նա:

«Դպրոցականի մեծ հանրագիտարանը» հուշում է, որ Էյնշտեյնը դպրոցում միջակ սովորող է եղել, ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Նույն հանրագիտարանի մի այլ էջում էլ կարդում ենք.

- Ձեր «Ոսկու տենդը» կինոնկարը հայտնի է ողջ աշխարհին, Դուք անպայման մեծ մարդ կդառնաք, - Չառլի Չապլինին գրում է Ալբերտ Էյնշտեյնը:

- Ես ավելի շատ Ձեզնով եմ հիացած: Ձեր հավանականության տեսությունը ոչ ոք չի հասկանում, սակայն դուք մեծ մարդ եք դարձել, - պատասխանում է Չապլինը:

Էյնշտեյնի հարաբերականության տեսությունն իսկական հեղաշրջում էր XX դարի ֆիզիկայում: Նրա անվան հետ են կապված մի շարք օրենքներ և երևույթներ, նրա անունով են կոչվում Մենդելեևի աղյուսակի 99-րդ տարրը` Էյնշտեյնումը և էլեկտրամագնիսական ճառագայթման միավորը: Իր գիտական աշխատանքի շնորհիվ Էյնշտեյնը նշանավոր դարձավ ամբողջ աշխարհում և 1921 թ. արժանացավ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի: Գիտնականը ժամանակին ապրել է Իտալիայում, Շվեյցիարիայում, իսկ 1936-ից, որպես հրեա հալածվելով ֆաշիզմի պարագլուխների կողմից, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ ապրել է մինչև իր կյանքի վերջը` 1955 թ.: Ի դեպ, Էյնշտեյնի գիտական տեսությունն օգտագործվել է ատոմային ռումբի ստեղծման գործում, սակայն գիտնականը դեմ է եղել ատոմային ռումբի ստեղծմանը և համարվում է խաղաղության հաստատման համառ պայքարի շարժման առաջամարտիկ:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: