Հայերեն   English   Русский  

ՀՀ Մշակույթի նախարարը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնականի հետ


  
դիտումներ: 476

Այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի շրջանակներում Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Մշա-կույթի դերը «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում 3-րդ միջազգային խորհրդա-ժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։

Կարևորելով համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպություն է, որն այս արագ փոփոխվող աշխարհում կարևորագույն առաքելություն է իրականացնում՝ մշակույթի և կրթության, ազատ արտահայտման իրավունքի պահպանման գործում. «Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությանը մշակութային արժեքների պահպանության հարցում։ Այս այցով դուք հնարավորություն կունենաք ճանաչելու մեր երկիրը, մեր մշակույթը, եւ հետագայում մեր համագործակցությունն ավելի ակտիվ կլինի,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ ընդգծելով, որ մերօրյա աշխարհում անգերագնահատելի է մշակույթի դերն ու նշանակությունը։

Ներկայում Սիրիայում ոչնչացվում են հուշարձաններ, այդ թվում՝ նաև հայկական։ Եվ մենք հավասարապես մտահոգվում ենք բոլոր հուշարձանների ճակատագրով։ Վստահ եղեք, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով,- նշել է Հասմիկ Պողոսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ինքը լավատես է, քանի որ ոչ մեկին դեռևս չի հաջողվել ավիրել մշակութային աշխարհը։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանի խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2 գաղափարի կողմնակից է՝ միացյալ համերաշխ աշխարհի և միևնույն ժամանակ մշակութային բազմազանության և բազմաքանակության.

Մշակույթը բազմաբովանդակ երևույթ է և ինչպես «Ետ-2015 թ. զարգացման օրակարգում» է նշվում, մշակույթի պահպանման և բազմազանության համար կարևոր է մշակութային ինքնության գիտակցումը: Ցավալի է, որ հազարամյակի նպատակների ցանկում (Millenium Development Goals) մշակույթին պատշաճ ուշադրություն չեն դարձրել և շեշտը դրել են հիմնականում տնտեսական զարգացման վրա,- նշել է Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը:

Շատ կարևոր է մշակույթի զարգացումը. հասարակության մտավոր զարգացումը մեր ապագան է, աշխարհի վաղվա քաղաքացին է, ինտելեկտուալ մարդը, ով չի կործանելու աշխարհը,- ասել է Հասմիկ Պողոսյանը եւ հավելել, որ հարյուրամյակներ ի վեր Հայաստանը չի ունեցել պետականություն, սակայն զարգացել է այն հայ անհատների շնորհիվ, ովքեր ինտեգրվելով եվրոպական մշակույթի մեջ՝ զարգացրել են այն։

Մենք բազմաթիվ մշակույթներից մեկն ենք և այդ իրավահավասարության սկզբունքները շատ կարևոր են մեզ համար: Դրա ապացույցները շատ են մեր երկրում՝ հրեական գերեզմանը, Կապույտ մզկիթը, թուրքմենական դամբարանը և այլն,- նշել է Հասմիկ Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի խոսքով` մենք ամեն ինչ անում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական եւ համաշխարհային ժառանգության ցանկերը հայկական ավանդական մշակույթի տարրերով համալրելու ուղղությամբ։

«Մեր երկիրը գեղեցիկ է, հիանալի, ջերմ, արևոտ։ Ով մեկ անգամ այցելում է, հետո մշտապես ցանկություն է ունենում վերադառնալու,- եզրափակել է Հասմիկ Պողոսյանը։

Հանդիպման ավարտին Հասմիկ Պողոսյանը Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանին նվիրել է հայկական դուդուկ և Թորոս Ռոսլինին նվիրված հուշադրամ։

Ալֆրեդո Պերես դ՚ Արմինիանը շնորհակալություն է հայտնել հրավերի, համագործակցության և ցուցաբերած մեծ պատրաստակամության համար և խոստացել կրկին վերադառնալ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: