Հայերեն   English   Русский  

Պետք է կանխել ճարտարապետական եզակի նմուշի ոչնչացումը Երևանում. Սաշուր Քալաշյան


  
դիտումներ: 881

Դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի խճուղու հենապատերը բետոնապատվում են:

Հարցը մտահոգիչ չէր լինի, եթե դա չվերաբերեր ճարտապետական եզակի նմուշներից մեկին: Այդ պատը կառուցվել է 20-րդ դարի կեսերին գերմանացի ռազմագերիների կողմից:

Սարալանջի հենապատ

«Կիկլոպ» անվանումը կրող այդ շարվածքն աստիճանաբար հայտնվում է սվաղի հաստ շերտի տակ:

Անկախի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից ստացանք հետևյալ պատասխանը. «Սարալանջի հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում: Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի, նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին: Համաձայն նախագծի, նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝պահպանելով նախկին տեսքը և ձևը: Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում, իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները»:

Այս պատասխանը չի բավարարում ճարտարապետ Սաշուր Քալաշյանին:

Անկախի թղթակցի հետ զրույցում ճարտարապետն ասաց, որ ինքը խոսել է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի հետ, ով իրեն տեղեկացրել է՝ այդ հարցով զբաղվում է քաղաքապետարանի բարեկարգման բաժինը և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել . ամեն ինչ «ինքնագլուխ է կատարվում»:

Սարալանջի հենապատ

Ըստ Սաշուր Քալաշյանի՝ այն, ինչ կատարվում է բարբարոսություն է, և հարցը պետք է հանրային քննարկման նյութ դարձնել:

«Ես, որպես ճարտարապետ, գտնում եմ, որ դա մշակույթից հեռու մարդու վերաբերմունք է այդ գործին: Ես միայն այս բանի համար կարող եմ մեղադրել քաղաքապետարանին: Դա անելու բան չէ, պետք է կանխել դա»:

«Այդ հենապատը կառուցել են գերմանացի ռազմագերիները պատերազմից հետո: Դա ճարտարպետական և էսթետիկական առումով հետաքրքիր, կապիտալ, անկրկնելի կառույց է: Դա լանդշաֆտային ճարտապետության նմուշ է: Այն պետք է հատուկ պահպանվող հուշարձանների շարքում ընդգրկվի»:

Այս պահին, սակայն, շինարարությունը շարունակվում է. թե եզակի ճարտարապետական գործի որ հատվածը կհաջողվի պահպանել, պարզ չէ:

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Architecture & Construction Armenia ֆեյսբուքյան էջից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: