Հայերեն   English   Русский  

Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին կմասնակցեն տիտղոսակիր ըմբիշներ


  
դիտումներ: 603

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկանում Ծաղկաձորում: Այսօր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ու ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեցին լրագրողներին:

«2 օրից կավարտենք հավաքը Ծաղկաձորում: Այս ամսի 17-19-ը Երևանի Միկա մարզապալատում անց է կացվելու մեր ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի 20-րդ մրցաշարը: Այս տարի ուժեղ կազմ է հավաքվել: Մեր մրցաշարին մասնակիցների կազմով կարող է զիջել միայն Բելառուսում անցկացված Մեդվեդի մրցաշարը: 15 երկրներից օլիմպական չեմպիոններ, Եվրոպայի և Ասիայի չեմպիոններ, ինչպես նաև այլ տիտղոսակիր ըմբիշներ են մասնակցելու: Մեր տղաները բոլորն էլ մասնակցելու են այս մրցաշարին: Սա կլինի նաև ընտրության հնարավորություն մեզ համար աշխարհի առաջնությունից առաջ: Ովքեր լավ հանդես գան, 99 տոկոսով նրանք կմեկնեն աշխարհի առաջնություն: Հատուկ շնորհակալություն ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մրցանակային հիմնադրամը ՀԱՕԿ նախագահն է սահմանել, որն ընդհանուր կազմում է 88 հազար ԱՄՆ դոլար: 65 կգ քաշային կարգում, որտեղ հանդես է եկել Ստեփան Սարգսյանը, հաղթողը կստանա նաև ավտոմեքենա: Ամեն ինչ արվում է, որ բարձր մակարդակով անցկացվի մրցաշարը: Այսօր ժամանել է նաև Ամերիկայի հավաքականը»:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ այս մրցաշարը ևս մեկ անգամ լավ առիթ է աշխարհին ցույց տալու, թե ինչ լավ երկիր է Հայաստանը. «Վերջին տարիներին սպորտային միջոցառումները չեն վրիպում ՀԱՕԿ նախագահի ուշադրությունից: Դեռ անցած տարի պարոն Ծառուկյանը խոսք տվեց, որ 20-րդ մրցաշարը պետք է անցնի բարձր մակարդակով, թե կազմի առումով, թե ֆինանսի առումով: Մենք այսօր ունենք 14-15 մասնակից երկիր, որոնք ունեն բարձրակարգ ըմբիշներ: Սա ևս մեկ անգամ հնարավորություն է աշխարհին ցույց տալու, թե մեր Հայաստանն ինչ լավ երկիր է: Բոլոր տեխնիկական խնդիրներն այս պահի դրությամբ լուծված են: Ամեն օր նոր խնդիրներ են առաջ գալիս, բայց անմիջապես լուծվում են»,-ասաց Ռոստոմյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: