Հայերեն   English   Русский  

​Հայ մարմնամարզիկի փայլուն ելույթը Կորեայում.


  
դիտումներ: 1046

Քվանջու 2015-ի արդյունքների ամփոփում

Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում ավարտվեց 28-րդ ամառային ունիվերսիադան՝ ուսանողական մարզական խաղերը: Հայաստանը ներկայացրին 12 մարզիկ-մարզուհիներ: Նրանք հանդես եկան 6 մարզաձևերում՝ սուսերամարտ (Լիլիթ Էվոյան, Ռաֆիկ Աբրահամյան), ձյուդո (Անդրանիկ Չափարյան, Դավիթ Նիկողոսյան, Արսեն Ղազարյան), թhեքվանդո (Հայկազ Սամվելյան, Սերգեյ Վարդազարյան, Դավիթ Վարդումյան, Դավիթ Ղևոնդյան), սպորտային մարմնամարզություն (Արթուր Թովմասյան), լող (Վլադիմիր Մամիկոնյան) և թենիս (Միքայել Ավետիսյան): Արդյունքում Հայաստանը բավարարվեց 1 ոսկե մեդալով և 170 երկրների շարքում զբաղեցրեց 39-րդ հորիզոնականը: Մեր երկրի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը:

Խաղարկվող 638 մեդալների առյուծի բաժինը հասավ տանտերերին, և նվաճած 108 մեդալով (47 ոսկե, 32 արծաթե, 29 բրոնզե) կորեացիները զբաղեցրին 1-ին հորիզոնականը: Երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է՝ 122 մեդալ (34, 39, 49), երրորդում՝ Չինաստանը՝ 72 մեդալ (34, 22, 16), այնուհետև Ճապոնիան՝ 85 (25, 25, 35) և ԱՄՆ-ն՝ 53 (20, 15, 18):

Ինչ վերաբերում է մեր հարևաններին, ապա համեմատական կարգով նշենք, որ լավագույնը հանդես է եկել Իրանը՝ տեղ գտնելով առաջատարների տասնյակում և զբաղեցնելով 9-րդ տեղը (11 մեդալ` 4 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե): 22-րդ հորիզոնականն է զբաղեցրել Թուրքիան. կրկին 11 մեդալ, սակայն այս դեպքում 2 ոսկե և 9 բրոնզե: Վրաստանը չի մասնակցել ունիվերսիադային, իսկ Ադրբեջանը նվաճած 1 բրոնզե մեդալով զբաղեցրել է 53-րդ տեղը:

Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում ընթացող 28-րդ ամառային ունիվերսիադայի 6-րդ օրը ոսկեբեր էր մեզ համար: Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակների վրա վարժությունում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու նվաճեց ոսկե մեդալ: 15,5 միավորով հռչակվելով 2015-ի ամառային ունիվերսիադայի չեմպիոն՝ մեր մարզիկը Հայաստանի պատվիրակությանը պարգևեց միակ հաղթական մեդալը: Այս վարժությունում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին ուկրաինացիներ Իգոր Ռադիվիլովը (15,266) և Օլեգ Վերնյաևը (15,166):

23-ամյա մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակներով վարժության մրցումների որակավորման փուլում 15,750 ցուցանիշով գրավեց 1-ին տեղը: Առաջատարների եռյակում Թովմասյանը նկատելիորեն առաջ անցավ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թուրք (15,4 միավոր) և պորտուգալացի (14,35 միավոր) մարզիկներից: Ի դեպ, հայ մարզիկը որակավորման փուլում գրանցած իր արդյունքով գերազանցեց Բաքվում անցկացված եվրոպական 1-ին խաղերում ոսկե մեդալ նվաճած հույն Էլֆերիոս Պետրունյասի ցուցանիշը (15,633 միավոր):

Այսպիսով, Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժության եզրափակչում հաստատեց որակավորման փուլում մրցակիցների նկատմամբ ձեռք բերած առավելությունը՝ տանելով փայլուն հաղթանակ:

Երկու տարի առաջ Դոհայում նա դարձել էր այս վարժությունից Աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մրցանակակիր: Եվ ահա, Քվանջուում տաղանդավոր մարմնամարզիկն արեց այն, ինչ վաղուց էինք ակնկալում նրանից:

Մրցանակային տեղեր չգրավեցին մեր երկիրը ներկայացնող մյուս մարզիկները: Անդրադառնանք մյուս 5 մարզաձևերում հանդես եկած հայ մարզիկների ելույթներին:

Մարզիչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ` թհեքվանդոյիստները հանդես եկան Հայկազ Սամվելյան (58կգ), Սերգեյ Վարդազարյան (68կգ), Դավիթ Վարդումյան (80կգ) և Դավիթ Ղևոնդյան (87 կգ) կազմով: 1/16-րդ եզրափակչում մեր ընտրանին 45:33 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի հավաքականի նկատմամբ, իսկ 1/8-րդ եզրափակչում 27:16 հաշվով պարտության մատնեց Մեքսիկայի հավաքականին ու մտավ քառորդ եզրափակիչ: Այստեղ մեր պատվիրակները Կիպրոսի ընտրանու հետ պայքարում վիճարկեցին կիսաեզրափակչի ուղեգիրը:

Հաղթանակի դեպքում Հայաստանի ներկայացուցիչները կապահովեին բրոնզե մեդալ, սակայն, չնայած մեկնարկային առավելությանը, մեր թիմին չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը. պարտվեց 16:14 հաշվով՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Ձյուդոյիստներ Անդրանիկ Չափարյանն (81 կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) պարտություն կրեցին նախնական գոտեմարտերում: Նրանց հաղթած ձյուդոյիստները կարողացան դուրս գալ եզրափակիչ, և մեր մարզիկներն իրավունք ստացան պայքարելու բրոնզե մեդալների համար: Սակայն, այստեղ էլ Չափարյանն ու Նիկողոսյանը պարտություն կրեցին և, ի վերջո, իրենց քաշային կարգերում զբաղեցրին 7-րդ տեղերը:

Ինչ վերաբերում է 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանին, ապա նա դուրս մնաց հենց առաջին ութնյակից:

Թենիսիստ Միքայել Ավետիսյանը, մեկնարկային խաղում 2:6, 3:6 հաշվով պարտվելով մալայզիացի մրցակցին, չներկայացավ վենեսուելացի Էդուարդո Դանիել Վուլֆի հետ հանդիպմանը:

Սուսերամարտի մրցաշարում Լիլիթ Էվոյանն ու Ռաֆիկ Աբրահամյանը պարտություն են կրել հենց առաջին փուլում ու դուրս մնացել հետագա պայքարից:

Իսկ լողորդ Վլադիմիր Մամիկոնյանն էլ 61-րդ և 46-րդ տեղերն է գրավել ազատ ոճի լողի 100 և 200 մետր մրցատարածություններում: Իսկ նույն ոճի 50 մ մրցատարածության մրցմանը նա չի մասնակցել:

Ուշագրավ է, որ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կիրիլ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել 50 մ հեռավորությունից օդամղիչ հրացանով հրաձգության մրցումներում: Եզրափակչում վաստակելով 207,3 միավոր՝ նա սահմանեց խաղերի ռեկորդ:

Նշենք, որ 1995-ից Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը մասնակցում է Համաշխարհային ուսանողական խաղերին և լավագույն արդյունքը գրանցել է 2013-ին Կազանում կազմակերպված խաղերում: Հայ մարզիկները տիրացել են տասը մեդալի՝ 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե՝ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 32-րդ տեղը: Սա երբևէ ունեցած լավագույն արդյունքն է: Հայ մարզիկները գլխավորապես մեդալներ վաստակեցին հենց այն մարզաձևերում, որոնք ընտրել էին տանտերերը. սամբո, ըմբշամարտ, շախմատ, ծանրամարտ, բռնցքամարտ:

Արմինե Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: