Հայերեն   English   Русский  

​Հայրենադարձություն Իսրայելից. դժգոհելու փոխարեն` գործ անել


  
դիտումներ: 1002

Իսրայելը լավ երկիր է, բայց Հայաստանն ավելի լավն է: Սա ասում է մի 25-ամյա երիտասարդ, որը 8 տարեկանից ապրել է հրեաների երկրում:

Դավիթ Խաչատրյանի ընտանիքը Իսրայել է տեղափոխվել 1994 թ. ցուրտ ու մութ տարիներին: Ավարտելով դպրոցը, ապա բուհը՝ Դավիթը, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, աշխատանքի է անցել հեռուստահաղորդակցության ոլորտում: «Դեռ 90-ականներին, երբ տեղափոխվեցինք, Իսրայելում արդեն բավականին զարգացած էր ՏՏ ոլորտը: Ես այդ ժամանակվանից համակարգիչների մեծ սեր ունեի, փորփրում էի, ուսումնասիրում»:

Այն գիտելիքները, որ նա ստացել է Իսրայելում, Հայաստանում այն տարիներին ձեռք բերել չէր կարող: «Այնտեղ կարիերայի տեսանկյունից էլ ավելի լավ է, առաջ գնալու հնարավորություններն ավելի շատ են: Ես համարյա ամեն տարի ավելի լավ աշխատանք էի գտնում»,- ասում է նա:

Սակայն 2012 թ. Դավիթը սիրահարվում է ու գալիս Երևան: Սիրավեպը կարճ է տևում, փոխարենը սիրահարվում է Հայաստանին ու որոշում մեկընդմիշտ մնալ հայրենիքում: «Ես ինձ այստեղ իրոք տանն եմ զգում: Միշտ էլ եկել-գնացել ենք, ու ես միշտ այստեղ ինձ ավելի լավ եմ զգացել, քան Իսրայելում»:

Ի՞նչ առավելությունների համար է նա սիրում Հայաստանն ու Երևանը: «Երևանն ավելի հարմարավետ քաղաք է ապրելու համար, բնությունն ավելի լավն է, սնունդն ավելի որակյալ է, մարդիկ ավելի բարի են, ընկերությունը, շփումը, մշակույթը»,-թվարկում է Դավիթը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ամենաթերի կողմին՝ աշխատանքի խնդրին, ապա այդ հարցում նա ևս խնդիր չունի, քանի որ իր ոլորտի մասնագետի կարիք Հայաստանում միշտ կա:

Հայաստանում ՏՏ ոլորտի աշխատավարձերը համարվում են բարձր, սակայն համեմատելի չեն Իսրայելի հետ: Մյուս կողմից` Իսրայելի ծախսերը համեմատելի չեն Հայաստանի ծախսերի հետ. այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի թանկ է:

Խոսելով Իսրայելի` որպես նորաստեղծ պետության զարգացման մասին, Դավիթն առանձնացնում է մի կարևոր հանգամանք՝ թիմային աշխատանքը: «Հրեաները շատ ավելի լուրջ են մոտենում գործին, ավելի կազմակեպված են, նպատակասլաց, պայքարող: Եթե մի նպատակ դրեցին` պիտի անպայման հասնեն, ու էդ ամեն ինչը ես, աշխատելով իրենց մոտ, զգացել եմ ու վերցրել»:

Մեկուկես տարի աշխատելով հայաստանյան տեղեկատվության ոլորտի ընկերություններից մեկում՝ Դավիթը որոշում է դուրս գալ և ստեղծել իր բիզնեսը:

Նա նշում է, որ Իսրայելում լավ է, երբ դու որևէ ընկերությունում անցնում ես աշխատանքի և առաջ ես գնում որպես մասնագետ: Բայց երբ ուզում ես քո բիզնեսը հիմնել ու քո նորարարական գաղափարն առաջ տանել` մեծ փորձությունների միջով պիտի անցնես:

Իսկ Հայաստանում, ըստ նրա, նոր բան ձեռնարկելու համար շուկան բավականին բաց է: «Իսրայելում startup-ը շատ դժվար է, մրցակցությունը մեծ է, իսկ էստեղ կարող ես գործ սկսել ու շուրջդ համախմբել լավ երիտասարդ մասնագետների. համենայն դեպս` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»:

Այդպես նա երիտասարդ գործընկերոջ՝ Մինասի հետ, որը նույնպես աշխատում էր IT ոլորտի ընկերություններից մեկում, սակայն ցանկանում էր նորարարությամբ զբաղվել, հիմնում է Sphere application-ը Android-ի և iOS-ի համար:

Իսկ գաղափարը ծագում է Դավիթի քրոջից. «Մի օր քույրս ասաց, որ Օպերայում է եղել և հանկարծ Kit Kat է ցանկացել, սակայն չի իմացել, թե տվյալ տարածքում որտեղից կարող է գնել: Ասաց, որ լավ կլիներ, եթե լիներ վիրտուալ մի ցանց, որտեղ ինքն իր ցանկության մասին գրեր, և այդ տարածքի մարդիկ իրեն միանգամից պատասխանեին: Հենց քույրս իր ցանկության մասին հայտնեց` միանգամից մոտս միտք ծագեց ստեղծել մի այդպիսի ցանց: Չէ՞ որ կա ֆեյսբուք, որի միջոցով մարդիկ շփվում են, բայց չկա մի ցանց, որտեղ կողք կողքի ապրող մարդիկ կարողանան իրար տեղեկություն փոխանցել, իրար օգտակար լինել: Եթե դառնում ես ցանցի անդամ, ապա ցանկացած պահի ցանկացած հարցով կարող ես գրել, և հաստատ որևէ մեկը կգտնվի, որ այդ հարցի մասին քեզ հստակ տեղեկություն կհաղորդի: Ոնց որ քաղաքն անընդհատ շփման մեջ լինի»:

Ասօրվա դրությամբ ցանցում ակտիվ է շաբաթական 500 հոգի: Սակայն Դավիթը հույս ունի, որ ճիշտ մարքեթինգի շնորհիվ օգտատերերի քանակն աստիճանաբար կավելանա: Իսկ ամենակարևորն այն է, որ ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ներդրողների կողմից. «Այս պահին բանակցություններ են գնում ներդրողների հետ, և հնարավոր է, որ շուտով պրոյեկտը լուրջ ինվեստոր ունենա»:

Սակայն, Sphere-ի հիմանդիրների նպատակը շատ ավելի հեռահար է՝ երևանյան և հայաստանյան սահմաններից դուրս: Նրանք ցանկանում են, որ իրենց հիմնադրած սոցիալական ցանցը դառնա միջազգային հարթակ: Սեպտեմբերին տղաները մտադիր են մեկնել Միացյալ Նահանգներ և այնտեղ ներկայացնել ծրագիրը: Եթե ամեն ինչ ծրագրվածի պես լինի, ապա մեկ տարուց Sphere-ը մեծ ուշադրություն և ներդրողներ կգրավի: Դավիթը համոզված է, որ աշխատասիրությամբ ու համբերատարությամբ իրենք հաջողությունների կհասնեն. չէ՞ որ Ֆեյսբուքն էլ է զրոյից սկսվել:

«Սա ինձ համար ոչ թե զուտ ծրագիր է, որը մարդկանց օգտակար է և որի միջոցով մարդիկ տեխնիկական խնդիր են լուծում, այլ ավելի գլոբալ նպատակ ունի: Այսօր մարդիկ իրարից հեռու են, դա լուրջ խնդիր է: Սա մարդկանց իրար մոտեցնելու, մտերմացնելու ծրագիր է, որպեսզի պետք եղած ժամանակ միանգամից համախմբվեն: Սա մի տեղ է, որտեղ բոլորը միասին են»:

Իր փորձից ելնելով՝ Դավիթը երիտասարդ մասնագետներին խորհուրդ է տալիս. եթե նոր բան են ձեռնարկում, ապա թող չկենտրոնանան լոկալ խնդիրների վրա, այլ ավելի հեռուն նայեն, ավելի մեծ խնդիր դնեն, հասկանան, թե ինչ է պետք անել, որ աշխարհն ավելի լավը դառնա ու ամենակարևորը՝ չմտածեն արագ հարստանալու մասին: «Եթե լավ բան ես անում ու լավ ես անում` փողն ինքնիրեն մի օր գալիս է»:

Դավիթն Իսրայել վերադառնալ չի պատրաստվում: Եթե գնա, ապա միմիայն աշխատանքային այցով: Նրա համար ապրելու, աշխատելու և ընտանիք կազմելու լավագույն վայրը Հայաստանն է:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներին, ապա համոզված է, որ այսօր որևէ տեղ մարդը խնդիրներից ապահովված չէ. «Գտիր, թե քեզ որտեղ ես ավելի շատ տանը զգում ու զարգացրու այդ տեղը, որ շարունակի լինել քո տունը: Նստելով, բողոքելով ու դժգոհելով՝ ոչ մի բան չի փոխվի, դո՛ւ պիտի շուրջդ ինչ-որ բան փոխես»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: