Հայերեն   English   Русский  

Այլընտրանքային բիզնես գաղափարը կփրկի՞ Աֆրիկյանների շենքը


  
դիտումներ: 29688

Աֆրիկյանների շենքը կամաց-կամաց վերանում է Տերյան 11 հասցեից, մինչդեռ պայքարող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք ամեն օր նորանոր ակցիաներ են կազմակերպում՝ ներգրավելով մտավորականներին, հասարակական ակտիվ շերտերի ներկայացուցիչներին:

Սրան զուգահեռ` այս օրերին մամուլում շրջանառվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ժամանակ քննարկման է դրվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսդրական նախաձեռնոթյան համար հիմք է ծառայել մի շարք ՀԿ-ների կողմից բարձրացած խնդիրը, ըստ որի` գործող օրենքը որոշակի հակասության մեջ է ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի հետ:

Արփինե ՀովհաննիսյանԳործող օրենքն ասում է, որ հուշարձանը կարող է տեղափոխվել բացառիկ դեպքերում՝ չմանրամասնելով, սակայն, այդ բացառիկ դեպքերը, որոնք իր հերթին սահմանում է կառավարությունը՝ որոշակի նյութական պահպանության կամ քաղաքաշինական նպատակների հետ պայմանավորված:

Նոր օրենքով նախատեսվում է խստացնել տեղափոխման կարգը՝ օրենքում ամրագրելով կոնվենցիայի այն դրույթը, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ վնաս է սպառնում դրա նյութական պահպանությանը կամ առկա է կորստի վտանգ, և ուրիշ ոչ մի դեպքում: Այսինքն` օրենքը համապատասխանեցնում են միջազգային կոնվենցիայի դրույթին:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը գրեթե մեկ տարի է՝ քննարկումների փուլում է. նախորդ տարվա նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել լսումներ, որին հրավիրված են եղել մասնակցելու նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից ստացված առաջարկների հիման վրա էլ կատարվել են լրամշակումներ:

Ինչ վերաբերում է օրենքի փոփոխության դեպքում դրա հետադարձ ուժի կիրառմանը, ապա պատգամավորը հիշեցնում է, որ օրենքը խստացնող է, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չի կարող:

Փաստորեն, եթե անգամ օրենքը փոփոխվի ու խստացվի, դա, օրինակ, Աֆրիկյանների շենքի համար որևէ նշանակություն ունենալ չի կարող:

Պատգամավորը հիշեցնում է, որ Կոնվենցիան և միջազգային պայմանագրերը նույնպես հետադարձ ուժ չունեն:

Նշենք, որ Աֆրիկյանների ակումբը տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում է մտցվել դեռևս 2004 թ. կառավարության որոշմամբ: Դրանից չորս տարի հետո միայն՝ 2008 թվականին է Հայաստանը վավերացրել Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի հոդվածներից մեկն ուղղակիորեն արգելում է պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, եթե այն չի բխում կառույցի պահպանման անհրաժեշտությունից:

Արփինե Հովհաննիսյանը զերծ մնաց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ այդ գործի թղթային բազան իր ձեռքի տակ չէ, և հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու: Սակայն նշեց, որ ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված խնդիրը համարում է բավականին զգայուն՝ հատկապես մշակութային ժառանգություն ունեցող երկրների համար: «Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար կա կոնկրետ լուծում, նախ պետք է գնահատել դրա նպատակային հարցը: Բարդ է ասել՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեպքում պատճառն օբյեկտի՞վ է, արդարացվա՞ծ է, թե ոչ: Համենայնդեպս, այսօր իրավական տեսանկյունից բոլոր հիմքերը կան շենքը տեղափոխելոււ»,-նշեց պատգամավորը:

Սարհատ Պետրոսյան«Ուրբան Լաբ Երևան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ, Աֆրիկյանների շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստ Սարհատ Պետորսյանը հակադարձում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի այն պնդմանը, թե հասարակական կազմակերությունների շրջանում նախագծի քննարկման վերաբերյալ լայն իրազեկում է տեղի ունեցել: «Շահագրգիռ կողմը մեր կազմակերպությունն է, կոնվենցիայի խախտումը մենք ենք հայտնաբերել և դեռևս 2012 թվականին մեր կազմակերպությունն է հանդես եկել նման առաջարկով և դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, սակայն երբևիցե մենք չենք հրավիրվել նման քննարկման»,-ասաց նա:

Օրենքը կոնվենցիային համապատասխանեցնելը, ըստ Սարհատ Պետրոսյանի, մարդկանց աչքերին «թոզ փչելու» եղանակ է. «Իրենք կոնվենցիան խախտում են, հետո կոնվենցիայի տեքստը մտցնում են օրենքի մեջ, որ հետագայում ասեն՝ մենք այն ժամանակ օրենքում նման դրույթ չունեինք, հիմա ունենք: Սա ժուլիկություն է: Օրենքը խստացնելով՝ հարցը չի լուծվում, քանի որ կոնվենցիան արդեն իսկ այդ պահանջը դրել է, իսկ միջազգային կոնվենցիաները օրենքից ավելի ուժեղ են»:

Այժմ, երբ ի հեճուկս պայքարի բոլոր մեթոդների, Աֆրիկյանների շենքն այնուամենայնիվ, ապամոնտաժվում է, Սարհատ Պետրոսյանը Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանության և վերօգտագործման այլընտրանքային տարբերակ է առաջարկում, որն ուղղված է շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի սեփականատիրոջը: Նա համոզված է, որ եթե առաջարկն ընդունվի, ապա այն կարող է հիանալի բիզնես-գաղափար լինել՝ մեծ բիզնես շահույթով:

«Մենք առաջարկում ենք Աֆրիկյանների շենքը պահպանել իր տեղում՝ դարձնելով այն նախատեսվող կառույցի մաս և դրանով իսկ ավելացնելով նրա արժեքը որպես Հայաստանում նախադեպը չունեցող մի հյուրանոց»,-ասում է նա:

Ճարտարապետը հիշեցնում է, որ նման լուծումներ հաջողությամբ իրականացվել են աշխարհի բազմաթիվ պատմական հուշարձանների դեպքում: Եվրոպական երկրների օրինակներից զատ, նա ներկայացնում է հարևան Վրաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարիոտ» հուրանոցի շենքը, որը կառուցել է հայ մեծ բարերար Միքայել Արամյանցը:

«Այդ շենքը բացվել է 1915-ին, մինչդեռ Աֆրիկյանների շենքի ճակատին առկա է «1914» թվական նշումը։ Իսկ Բաքվում որևէ բարձրակարգ հյուրանոց պատմական շենքում չի գտնվում: Փաստորեն, եթե այս առաջարկն ընդունվի, Աֆրիկյանների շենքի վայրում կառուցվող հյուրանոցը Անդրկովկասում կդառնա ամենահինը՝ լուծելով ոչ միայն Աֆրիկյանների շենքի պահպանման և դրա հետ կապված հարակից խնդիրները, այլև կնպաստի սեփականատիրոջ հեղինակության բարձրացմանը և բիզնես շահույթի ավելացմանը»:

Մնում է, որ տարածքի սեփականատիրոջը գրավի հնամյա շենքի պահպանման այլըտրանքային բիզնես առաջարկի հմայքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: