Հայերեն   English   Русский  

Հիվանդացության թվի աճ է գրանցվել բարձր ջերմաստիճանի պատճառով


  
դիտումներ: 640

Հայաստանում անցյալ տարվա համեմատ հիվանդացության թվի աճ է գրանցվել: Սա կապված է ջերմաստիճանի` նորմայից բարձր լինելու հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` ընդգծելով, որ իրավիճակը վերհսկվում է:

«Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ունենք տեղեկություններ և ուսումնասիրություններ»,- ասաց նա:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը նշեց, որ նախարարությունը իրազեկման ակցիաների միջոցով փորձում է բնակչությանը զերծ պահել այն քայլերից, որոնք հիվանդության պատճառ կարող են դառնալ:

Ամռան շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն է ունենում երկու հիմնական գործոն՝ ջերմաստիճանի բարձրացումը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ ինչպես սուր , այնպես էլ ուշացած`առաջացնելով արևային էրիթեմա, արևահարություններ, մաշկի չարորակ նորագոյացություններ և այլն:

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ, այլև նույնիսկ բացօթյա ստվերոտ տարածքները:

Ջերմաստիճանի բարձրացումն առավել մեծ ծանրաբեռնվածությունն է մարդու օրգանիզմի սրտանոթային համակարգի համար:

«Բարձր ջերմաստիճանը մարդու նորմալ կենսագործունեության համար բարձր է: ԱՆ-ը հորդորում է բնակիչներին օրվա ընթացքում գոնե մինչև 3 լիտր ջուր ընդունել: Ավանդական թանը և թթու հատապտուղները ևս դրական ազդեցություն են թողնում: Մի չարաշահեք կոֆեին և շաքար պարունակող հեղուկները»,- ասաց Արտավազդ Վանյանը:

Նա նկատեց, որ այս սեզոնին մրսածության գործոնով առաջած հիվանդությունները ևս շատանում են: Դա կապված է օդորակիչների սխալ օգտագործման հետ: Մարդիկ նաև անընդհատ կտրուկ փոխում են ջերմաստիճանը, ինչը նույնպես վնասակար է:

Արտավազդ Վանյանը հորդորեց, որ ծնողները ուշադիր լինեն և երեխաներին զերծ պահեն օդանցիկ քամիների տարածքներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: