Հայերեն   English   Русский  

​ Նյուպորտը Սոչիի դիմաց


  
դիտումներ: 1899

Հյուսիսատլանտյան դաշինքի համագումարի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ` նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի կիսահանկարծակի հանդիպումը, առաջին հայացքից Սոչիի հակաքայլ կարելի է դիտարկել:

Չմոռանանք, որ վերջին շրջանում եւ միջնախագահական բանակցությունների երկարատեւ դադարից հետո, Ֆրանսիայի նախագահին էր պատկանում եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը: Սահմանային գոտիներում ստեղծված գերլարված իրավիճակը եւ դեպքերի աննախադեպ զարգացումը ենթահող էին նախապատրաստել, որ եռակողմը կայանար այլ գերմիջնորդի նախաձեռնությամբ: Այդպես էլ եղավ:

Սոչիի հանդիպման մասին ամերիկյան արձագանքը խոսում էր Արցախյան հարցին ներկայացրած առաջնային կարեւորության մասին: «Անշուշտ, աշխարհի տարբեր անկյուններում տիրող բարդ իրավիճակներն անհանգստության մեծ առիթ են ԱՄՆ-ի համար, սակայն սա ոչ մի ձեւով չի թուլացնում ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտության առաջնայնությունը ԱՄՆ-ի համար: Մեր նպատակն է Եւրոպան ամբողջական, ազատ եւ խաղաղ տեսնել»: Սոչիի առիթով այսպես էր բնորոշել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Արցախի ներկայացրած կարեւորությունը:

Սոցցանցերը ի շարս բազմաթիվ գործառույթների, այլընտրանքային լրատվությանն առընթեր այսօր դարձել են նաեւ կիսապաշտոնական տեղեկատվության սկզբնաղբյուր: Մինչեւ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքում տեղադրվելը, արդեն իսկ ամերիկացի համանախագահը թվիթերյան իր էջում գրել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այսօր ներկա պիտի լինեն ՆԱՏՕ-ի վեհաժողովին, սպասվում է մեր ընդհանուր արժեքների եւ նպատակների վերաբերյալ կտրուկ հայտարարություն»:

Ուորլիքը պարզ հասկացնում էր, որ Վաշինգտոնն իր աշխատանքային ժամանակացույցի վրա նշել է արդեն նման հանդիպում, եւ կտրուկ հայտարարություն ասելաձեւով փորձ է կատարում հանրային կարծիքը կողմնորոշելու, թե բեկումնային հայտարարություն է սպասվում այդ հանդիպմանը: Բեկումնայինի տպավորության ստեղծմամբ ամերիկացի քաղաքական գործիչը խորքի մեջ ուզում է նախանշել, որ ռուսական միջնորդությամբ Սոչիի հանդիպումից ավելի անկյունադարձային է ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ եւ նախաձեռնությամբ կայանալիք եռակողմ հանդիպումը:

Անօրինաչափ չէ, որ նման միջազգային համագումարներում տեղի ունենան այս տեսակ հանդիպումներ: Սակայն օրինաչափ է, որ նման հանդիպումները նախապես հայտարարվեն, ընդհանուր ժամանակացույցի վրա երեւան. եւ հայտարարվեն համագումարը կազմակերպողի կողմից, այս դեպքում` ՆԱՏՕ-ի:

Ուորլիքի թվիթերյան գրառումն ու դրան հետեւած ԱՄՆ պետքարտուղարության այլեւս պաշտոնական տեղեկատվությունը ամրագրեցին, որ հանդիպումը տեղի է ունենալու: Մինչ լուռ էին հանդիպման հրավիրված կողմերի պաշտոնական բաժանմունքները:

Հանդիպումից մինչ այժմ կտրուկ հայտարարություն չի բխել: Լրատվությունները ընդհանրապես օգտագործում են արցախյան հարցի մասին լսված սկզբունքներն ու դրանց համապատասխանող բառապաշարը:

Երկարատեւ դադարից հետո, Սոչիից անմիջապես հետո երկրորդ հանդիպում կազմակերպելը ավելի է համոզում եղածի հակաքայլ բնույթի մասին, ռուս-ամերիկյան շեշտված մրցակցության պարունակում:

Արցախյան հակամարտությունը ՆԱՏՕ-ի օրակարգի վերածելու ճիգը այս շրջագծում կարելի է դիտարկել: Նյուպորտը Սոչիի այլընտրանք վերածելու այս արագ աշխատանքում Անկարան վերցրել էր իր դերը: Նորընտիր նախագահը Բաքվին հանգստացնելու միակ նպատակ չուներ, երբ իր առաջին այցելությունների շարքում նկատի էր ունենում Ադրբեջանը: Ավելի՛ն. հայտարարում էր, որ Արցախի հարցը պիտի արծարծվի ՆԱՏՕ-ի համագումարում:

Ուորլիքի խոստացած կտրուկ հայտարարությունը չտեսանք. տեսանք կտրուկ հանդիպման կազմակերպումը:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: