Հայերեն   English   Русский  

​Աշխատանքի իրավունք


  
դիտումներ: 7444

Նորանկախ Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպիսի սկզբունքների հիման վրա, որոնք կհամապատասխանեն ժողովրդավարության, հումանիզմի և արդարության համընդհանուր ընկալումներին: Այլ կերպ ասած` աշխատանքային օրենսդրությունը պետք է պարունակի նորմալ աշխատանքային հարաբերությունների երաշխիքներ:

Աշխատանքի ազատության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, որի 32-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն: Նույն հոդվածը երաշխավորում է նաև յուրաքանչյուր աշխատողի` արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը:

Աշխատանքային օրենսդրությունը նպատակ ունի սահմանել անձանց աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները, նպաստել աշխատանքի բարենպաստ պայմանների ստեղծմանը և պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը: Աշխատանքային օրենսգիրքը նախատեսել է այս նպատակների իրագործման հիմքում ընկած հիմնական սկզբունքները.

1)աշխատանքի ազատությունը, 2) ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելումը, 3) աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից, կուսակցություններին, արհեստակցական միություններին կամ հասարակական կազմակերպություններին անդամակցելուց, աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից, 4) յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի, 5) աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը, 6) յուրաքանչյուր աշխատողի` ժամանակին և ամբողջությամբ աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքի ապահովումը` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից ոչ ցածր, 7) գործատուների և աշխատողների` աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության համար ազատորեն միավորվելու իրավունքի ապահովումը, 8) աշխատանքային հարաբերությունների կայունությունը, 9) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը, 10) կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի կողմերի պատասխանատվությունը` ըստ իրենց պարտականությունների:

Հաջորդ համարներում առավել մանրամասն կանդրադառնանք աշխատանքային իրավահարաբերություններին` փորձելով պատասխանել առավել կարևոր և հաճախ առաջացող հարցերին:

Վարազդատ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: