Հայերեն   English   Русский  

​Կոմիտասի կենսագրությունը կեղծվում է ամենաբարձր մակարդակով. ռեժիսորն ահազանգում է


  
դիտումներ: 2478

«Կոնսերվատորիայում դասավանդվում է, որ Կոմիտասը քրդական թեմայով դիպլոմային աշխատանք ունի, ու այդ սուտը տարածվում է սերնդեսերունդ»,- ասում է վավերագրող ռեժիսոր Գագիկ Հարությունյանը։

Իսկ թե ինչո՞ւ է ռեժիսորը ստանձնել կոմիտասագետների գործը և փորձում է ապացուցել, որ դա ապատեղեկատվություն է, պատճառն այն է, որ կոմիտասագետներն էլ դա ընդունումեն իբրև ճշմարտություն և չեն ուզում լսել հակառակ տեսակետը: Մինչդեռ, ինչպես նշում է ռեժիսորը, դա հասկանալու համար լուրջ գիտական աստիճաններ պետք չէ ունենալ, քանի որ իրականությունը պարզից էլ պարզ է:

Ռեժիսորն այդ կեղծիքի հետ բախվեց, երբ սկսեց նկարահանել իր «Գութաներգ» վավերագրական ֆիլմը Կոմիտասի ստեղծագործության մասին: Նա ուսումնասիրեց Կոմիտասի ստեղծագործական ողջ ժառանգությունը, կարդաց նրա մասին ամեն մի տող, ամեն մի վերլուծություն, խորացավ քիչ ուսումնասիրված մանրամասների մեջ, նույնիսկ կարդաց ավելին, քան իրենք՝ կոմիտասագետները:

Իսկ նշված կեղծիքի մասին լսել էր նաև սրանից տարիներ առաջ Սուրբ Ղազար կղզում: Դեռ այն ժամանակ իրեն ասել էին, որ այդ տեղեկատվությունը քրդերն ակտիվորեն տարածում են Եվրոպայում: Պարզապես այն ժամանակ խորացած չէր այդ ամենի մեջ և դրա վրա մեծ ուշադրություն չէր դարձրել:

Երբ սկսում է հասկանալ, որ տեղեկատվությունը կեղծ է, փորձում է նախ մասնագետների հետ քննարկել հարցը: Սակայն հասկանում է, որ դա արդյունավետ չէ: Հասկանում է նաև, որ թեման վտանգավոր է, պետք է լուրջ փաստեր ունենա ձեռքին:

Մարինե Մուշեղյան

Ռեժիսորը դիմում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանին՝ խնդրելով արխիվներում ուսումնասիրություններ կատարել և հարցը պարզել: «Վեց ամիս անց իմ առջև դրվեց մի փաստաթուղթ-աշխատություն, որն ապացուցում էր, որ նման բան չկա»:

Գագիկ Հարությունյանն անմիջապես Գրականության և արվեստի թանգարանում կազմակերպում է գիտաժողով, հրավիրում մասնագետներին, և Մարինե Մուշեղյանը փաստերի հիման վրա ապացուցում է, որ իսկապես Կոմիտասը նման աշխատություն չունի։

«Կոմիտասն ինքնակենսագրական աշխատանք ունի, որտեղ բառ անգամ չկա նման աշխատության մասին, նաև գոյություն չունի Գերմանիայում նմանատիպ որևէ աշխատանք, իսկ մեզ մոտ 1941 թ. դասագրքում գրվել է այս մասին և արտագրվել հետագայում լույս տեսած բոլոր գրքերում»,- ասում է Մարինե Մուշեղյանը։

Այո, Կոմիտասը 1896-1899 թթ. ուսանել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Զուգահեռաբար նաև սովորել ու ավարտել է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության բաժինը: Նրա առաջին կենսագիրը՝ բանասեր, բանաստեղծ, հասարակական գործիչ Թորոս Ազատյանը, իր «Կոմիտաս վարդապետ» գրքում գրել է. «1899 Յուլիսին Կոմիտաս Վրդ. կ΄աւարտէ երաժշտանոցի տեսական ու գործնական ամբողջ դասընթացքը: Աւարտական թէզն էր «Քիւրտ երաժշտությունը», որ մեծ հետաքրքրություն արթնցուց իբրեւ աննախընթաց գործ»:

«Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ «Քիւրտ երաժշտություն», երբ վարդապետն իր ողջ կենսական, գիտական, զգացական ուժերը ծառայեցնում էր մեկ նպատակի, այն է՝ ազդարարել ի լուր ամենքի, որ հայը ունի ինքնուրույն երաժշտություն,- զարմանում է երաժշտագետ Մարինե Մուշեղյանը,- օտար մշակույթի մասին թեզ գրելու հանգամանքը պարզունակ ենթադրությո՞ւն է, թե՞ ունի փաստական հիմնավորում, ո՞րն է ենթադրության աղբյուրը»:

Պարզվում է` գրքում աղբյուրի մասին որևէ նշում չկա, և հաջորդ կենսագիրների մի զգալի մասը պարզապես կրկնել է Կոմիտասի «ավարտական թեզի» մասին այս թյուր տեղեկությունը:

Ռեժիսոր Գագիկ Հարությունյանը գիտաժողովի և Մարինե Մուշեղյանի ուսումնասիրությունների արդյունքների մասին սկսում է ակտիվ տեղեկատվություն տարածել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իսրայելում, որպեսզի այդ տեսակետը հերքող փաստերը նույնպես քննարկվեն, դա չընկալվի որպես բացարձակ ճշմարտություն:

Գերմանիայում բնակվող մի հայ՝ Կարինե Հայրապետյանը, որն ամուսնու հետ միասին զբաղվում է հասարակական գործունեությամբ, ռեժիսորի հետ զրույցի ընթացքում հենց տեղում բացում է այն համալսարանի կայքը, որտեղ տեղադրված են Շմիդտի համալսարանի արխիվները, և պարզում, որ այդ համալսարանում անգամ չի պահանջվել դիպլոմային աշխատանք:

«Ի վերջո, Կոմիտասն իր ձեռքով գրել է իր կենսագրությունը: Ինքնակենսագրության մեջ սևով սպիտակի վրա ամեն ինչ գրված է: Նման բան պարզապես գոյություն չունի»,- ասում է ռեժիսորը:

Կոմիտաս

Այո, իբրև հանճարեղ երաժիշտ, Կոմիտասը չէր կարող ուշադրություն չդարձնել հարևան ազգերի երաժշտարվեստին: Նա քրդական երաժշտության մասին գրել է, ինչը հաստատող փաստեր իսկապես կան: Իսկ ի՞նչ է գրել: Մարինե Մուշեղյանն ասում է. «Կոմպոզիտորն իր տպագրված երգարանների ցուցակում նշել է 1903 թվականին Մոսկվայում «Յուրգեսոն» հրատարակչության տպագրած «Melodies Kurdes»-ի (Քրդական եղանակներ) մասին: Սա փոքրիկ երգարան է՝ կազմված 13 քրդական ժողովրդական երգերից: Գծային նոտագրությամբ ներկայացված են երգերի մեղեդիներն ու դրանց հայատառ և լատինատառ քրդերեն խոսքերը: Երբ է կոմպոզիտորը գրի առել դրանք` հայտնի չէ: Նրա արխիվում այդ մասին վկայող փաստաթուղթ չկա: Հայտնի է, որ այս փոքրիկ ժողովածուն կազմվել է «Էմինյան ազգագրական ժողովածուի» Ե հատորի համար որպես հավելված: Գ. Խալաթյանն այդ մասին գրում է. «Էմինյան ազգագրական ժողովածուի» խմբագրությունը քրդական երգերի եղանակների մասին որոշ գաղափար տալու դիտմամբ հանձնեց ժողովրդական երգի մասնագետ արժ. հայր Կոմիտաս վարդապետին ձայնագրելու այդ եղանակները եվրոպական խազերով» («Պատմա-բանասիրական հանդես», 1965, թիվ 4): Մեկ այլ անդրադարձ քրդական ֆոլկլորին կարելի է գտնել վարդապետի 1905 թվականին Թիֆլիսի Հովնանյան դպրոցի դահլիճում կարդացած դասախոսության մեջ, որի թեման էր «Հայ ժողովրդական և եկեղեցական երգերը»: Խոսելով երաժշտության և բնության կապի մասին՝ վարդապետն ասում է. «Երաժշտության եղանակը, ոգին կախում ունի բնությունից: Իսկ ինչ վերաբերում է նրա բովանդակությանը, դա կախված է ժողովրդի կյանքի պայմաններից: Քրդերը, իբր լեռնական, ունեն մի երաժշտություն, որ զորապես կրում է բնության կնիքը, իսկ իբրև թափառաշրջիկ և խաշնարած, նա` այդ երաժշտությունը, անկայուն է և պտտվում է ոչխարների և այծերի շուրջը»:

Ըստ գիտաշխատողի, Կոմիտասի արխիվում կարելի է գտնել նաև առանձին թերթերի վրա իր ձեռքով, մատիտով, հայկական նոտագրությամբ գրված մի քանի երգ, որոնց էջերի վրա Կոմիտասը նշել է` «քրդերէն»: Սակայն քրդերեն դեռ չի նշանակում քրդական:

«1892 թվականին Կոմիտասն այցելեց իր ծննդավայր Քյոթահիա, որտեղ իր հարազատների և բարեկամների երգածից գրի առավ թրքերեն բազմաթիվ երգեր: Դրանք ամփոփեց մի տետրի մեջ և վերնագրեց «Արեւելեան թրքական եղանակներ»: Ինչպես հայտնի է, հայերենը Քյոթահիայում արգելված էր: Քաղաքի բնակիչները թրքախոս էին: Հայերենը զուտ եկեղեցական լեզու էր և առօրյա կիրառություն չուներ: Քյոթահիացիք մտածում և ստեղծագործում էին թուրքերեն: Կոմիտասի թրքական երգերի տետրի բոլոր էջերի լուսանցքներում գրված է տվյալ երգը կատարողի անունը և ազգանունը: Բոլոր երգիչները բացառապես հայեր են: «Քրդերէն» նշումը կրող թերթերից մեկի լուսանցքում ևս գրված է երգը կատարողի անունը՝ «Պետրոս Աստուածատուրեան»: Հաջորդ էջի գրվածքը մեկ գծով վերից վար ջնջել է և վրան թանաքով գրել` «անպէտք»: Ահա նրա արխիվում եղած քրդական երաժշտությանը վերաբերող ամբողջ նյութը, որը շատ հեռու է գիտական թեզ կոչվելուց»,- ասում է երաժշտագետը:

Ռեժիսոր Գագիկ Հարությունյանը Կոմիտասի կենսագրության այս մութ կողմի կամ, ինչպես ինքն է ասում, կեղծիքի մասին բարձրաձայնել է նաև Ազգային ակադեմիայում: Մեկ շաբաթ անց նրան կանչել են ակադեմիա, հաստափոր գրքերի մի կույտ ներկայացրել՝ ասելով, թե նայիր, բոլոր գրքերում գրված է, որ նման բան կա: «Այո, կա, բայց անհիմն է»,- պատասխանել է նա:

Չնայած մեծ հակազդեցությանը՝ ռեժիսորն ասում է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ճշմարտությունը պաշտոնապես հաստատվի և այդ կեղծիքը կոնսերվատորիայի միջոցով չտարածվի: «Երբ այդ հարցով ուզում ես խոսել, ասում են՝ դա էդքան էլ կարևոր չի: Ինչպե՞ս թե կարևոր չի: Եթե մարդը մի բան չի գրել, ինչո՞ւ պետք է դա նրան վերագրվի,- զարմանում է նա՝ ընդգծելով, որ այդ ստի վրա ստեղծվել են և դեռ ստեղծվելու են նորանոր ստեր:

Նա փակագծերը շատ չի ուզում բացել, միայն պատմում է, որ անցյալ տարի մի եզդի՝ Միրզա անունով, իրեն ասել է. «Բա գիտե՞ս, որ Կոմիտասի առաջին լեզուն եզդիերենն է եղել»: Հետո էլ ավելացրել, թե Ուսուբ Բեկը (ազգությամբ եզդի ռազմական, քաղաքական, ազգային գործիչ) եղել է Կոմիտասի մտերիմ ընկերը: Այդտեղ արդեն ռեժիսորը չի դիմացել ու հակադարձել է՝ ասելով, որ կարդացել է Կոմիտասի բոլոր նամակները, ընդհանրապես լավ ուսումնասիրել է Կոմիտասին, սակայն որևէ տեղ չի հանդիպել այդ մտերմության մասին փաստող որևէ վկայություն: «Ի՞նչ, հիմա էլ պիտի ասես, որ Կոմիտասն իր դիպլոմային աշխատանքը չի՞ գրել քրդական երաժշտության մասին»,- հարցրել է Միրզան: «Իհարկե, նման բան չկա»,-պատասխանել է ռեժիսորը:

Կոմիտասի կենսագրության վրա սեփական ժողովրդի կենսագրությունը կառուցող քրդերի ու եզդիների գործունեությունը, ըստ Գագիկ Հարությունյանի, ընդլայնվելու միտում ունի, քանի դեռ Հայաստանում դրան լուրջ չեն վերաբերվում և համարում են անկարևոր խնդիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: