Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի 4 ըմբիշ կպայքարի օլիմպիական խաղերի ուղեգրի համար


  
դիտումներ: 1473

Սեպտեմբերի 5-10-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Լաս Վեգաս քաղաքում տեղի կունենա 2015 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Ինչպես ՙԱնկախ՚-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզն այս առաջնությունում ներկայացված կլինի միայն հունահռոմեական ոճում: Ազատ ոճի ըմբշամարտում պայքարի համար շիրակցիները որևէ մարզիկի չեն ուղարկում Լաս Վեգաս:

ՙՓոխարենը, հունահռոմեական ըմբշամարտում 8 քաշային կարգերում 4-ը Շիրակի մարզից են. 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանն է Ախուրյանից, 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն է, մեր մյուս մասնակիցը Արսեն Ջուլֆալակյանն է՝ գյումրեցի է, բայց Երևանից է հանդես գալիս, և և ծանր քաշային կարգում առաջին անգամ Շիրակի մարզն ունի իր մասնակիցը, դա մեր Էդգար Խաչատրյանն է՚, - ասում է Վաչիկ Վարդանյանը:

Ի դեպ, Էդգարը հանդես է գալիս 130 կգ քաշային կարգում, սակայն կշռում է ընդամենը 108 կգ, նա վերջերս է վերադարձել Բրազիլիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունից և միակ հայ ըմբիշն էր, որ մեդալի է արժանացել: Ըստ Վաչիկ Վարդանյանի, հենց այս պատճառով է Էդգարն ընդգրկվել մեծահասակների հավաքական և ունի բոլոր նախադրյալները լավագույնս հանդես գալու:
ՙԲոլորիս ամենամեծ սպասելիքները կապված են Արթուր Ալեքսանյանի հետ, թեև նախապես ոչինչ չեմ ուզում ասել: Սեպտեմբերի 6-ին Արթուրի կշռումն է, իսկ 7-ին՝ արդեն մենամարտը՚:
Մարզիկները Լաս Վեգաս կմեկնեն սեպտեմբերի 3-ի երեկոյան, իսկ մինչ այդ նրանք կգտնվեն հանգստի վիճակում: Օգոստոսի 26-ին ավարտվել է ըմբիշների վերջին ուսումնամարզական հավաքը Երևանում՝ աշխարհի առաջնությունից առաջ:
Ի դեպ, այս առաջնությունը վարկանիշային է, և հենց այստեղ է, որ մեր ըմբիշները նվաճելու են օլիմպիական խաղերի ուղեգրերը:
Հավելենք, որ ըմբշամարտի միացյալ աշխարհը հրապարակել է հունահռոմեական ոճի աշխարհի ուժեղագույն ըմբիշների վարկանիշային աղյուսակը` ըստ քաշային կարգերի: 6 քաշային կարգում լավագույն 20-յակներում հայտնվել է Հայաստանի 9 մարզիկ:
98 կգ քաշային գյումրեցի Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում առաջինն է: Նրանից բացի, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը 6-րդն է, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանը (Գյումրի) և Վարշամ Բորանյանը (Ախուրյան) 13 ու 14-րդն են համապատասխանաբար, Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) 2-րդ տեղում է, Կարապետ Չալյանը (Գյումրի), (75 կգ)` 12-րդ, Էդուարդ Սարգսյանը (80 կգ)՝ 10, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)` 8, Արթուր Շահինյանը (85 կգ)՝ 16:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: