Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին


  
դիտումներ: 790

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության վրա շարունակաբար գործադրվող ճնշումները։

«Չնայած երկրի պետական բարձրագույն մարմիններին, այդ թվում՝ երկրի նախագահին ուղղված իմ բազմաթիվ կոչերին՝ լրագրողների, իրավապաշտպանների, ակտիվիստների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու հետապնդումները շարունակվում են»,- ասել է Զեյդը։

Նա կրկին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատությունից զրկվել են խոսքի ազատության, խաղաղ հավաքներ կազմակերպելու, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար:

Անդրադառնալով 2015 թվականի սեպտեմբերի 1-ին լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճռի հրապարակմանը՝ Զեյդը նշել է. «Իսմայիլովան երկրում անկախ ձայները ճնշելու վերջին օրինակն է: Ադրբեջանական իշխանություններն արդեն բանտարկել են մի շարք այլ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների, ինչպես օրինակ` Լեյլա և Արիֆ Յունուսներին, Ինթիգամ Ալիևին, Անար Մամեդլիին, Ռասուլ Ջաֆարովին»:

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով վարչությունը բազմաթիվ մտահոգիչ ահազանգեր է ստացել այդ ձերբակալվածներից շատերի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ: «Ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում մարդասիրական նկառատումներով ազատ արձակել առողջական ծանր խնդիրներ ունեցող բանտարկյալներին»,-ասել է նա:

Պաշտոնյան նաև կոչ է արել չեղարկել ՀԿ-ների գործունեությունն ու ֆինանսավորումը սահմանափակող վերջին օրենսդրական փոփոխությունները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: