Հայերեն   English   Русский  

Զարուհի Փոստանջյանն իրավացի է. Հիմնադիր խորհրդարան


  
դիտումներ: 508

ԱԱԾ-ի հայտարարության մեջ Հիմնադիր խորհրդարանը տեսնում է վիրավորանք՝ ուղղված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի անձին ու բնորոշում ԱԱԾ գործունեությունը:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «2015 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն իր պաշտոնական հայտարարության մեջ անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի 2015 թ. սեպտեմբերի 18-ի հայտնի ելույթին՝ վիրավորական համատեքստ ունեցող ձևակերպումներ ու որակումներ օգտագործելով նրա անձի վերաբերյալ, ինչպես նաև ուղիղ սպառնալիքներ տալով նրան:

Պաշտոնապես ԱԱԾ կոչվող, սակայն մինչ օրս թե′ ժողովրդի մեջ և թե՛ նրա ու ամբողջ պետական կառավարման համակարգի ծառայողների շրջանում ԿԳԲ անվանվող այդ կառույցի նմանօրինակ վարքագիծը բնավ զարմանալի չէ: Այդ կառույցը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզ սև ժառանգություն մնաց ոչ միայն որպես ԿԳԲ-ի մնացորդ և հետնորդ, այլև ժամանակի ընթացքում վերաստանձնեց մեր երկրի հակապետական, ապազգային և հակամարդկային պետական կառավարման համակարգի միջնաբերդի իր նախկին դերն ու կարգավիճակը:

Եվ հիմա, երբ ԽՍՀՄ-ը վերականգնելու նպատակ հետապնդող իր օտար տերերը որոշակի հաջողություն են արձանագրել մեր երկիրը ռուս-թյուրքական ԵԱՏՄ-ի անդամ դարձնելով, իսկ ապազգային վարչախումբը և նրա պարագլուխը ստալինականության նորովի հաստատման նկրտումներով սահմանադրական հեղաշրջման պլանի վերջին միջոցառումներն են իրականացնում, ԿԳԲ-ԱԱԾ-ն շտապում է ազդարարել իր տիրական ու պատժիչ գործառույթի ամբողջական վերականգնման մասին:

Այս կառույցի պարագայում ավելորդ է անգամ հիշատակել, որ սպառնալիքի միջոցով քաղաքական գործունեության սահմաններ դնելու և քաղաքական գործչի խոսքն ու վարքագիծը կանոնակարգելու նրա այս քայլը սահմանված չէ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններով: Հանրահայտ փաստ է, որ նա մինչ օրս գործում է ԿԳԲ-ի կարգադրագրերով, ապրում է ստալինականության մշակույթով և ղեկավարվում է այդ մշակույթը կրող վարչախմբի պարագլխի և ԿԳԲ-ԱԱԾ-ի տնօրենի կողմից:

Միևնույն ժամանակ՝ ԿԳԲ-ԱԱԾ-ի «լեզուն երկարացնելու» հանգամանքը վկայում է այն մասին, որ չարիքի այս միջնաբերդը կորցրել է նախկին ուժն ու կարողությունը և գիտակցում է իր տերերի և իր մոտալուտ վախճանը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը, իր համերաշխությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանի դիտարկվող ելույթում նշված մտքերին և կոչերին, հայտարարում է, որ առաջիկայում քաղաքացիական անհնազանդության գործողություններով ժողովրդի իշխանությունը յուրացրած վարչախմբին հեռացնելուց հետո ժամանակավոր կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է ԿԳԲ-ԱԱԾ-ի լիակատար կազմաքանդումը, գործակալական լյուստրացիան և ազգային հատուկ ծառայությունների ձևավորումը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: